Կապիտուլյացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կապիտուլյացիա (լատ.՝ capitulum), միջազգային իրավունքում՝ հաղթող կողմի պայմաններով կամ հրամանատարների համաձայնությամբ ցամաքային, օդային և ռազմածովային ուժերի կամ նրանց զորամասերի դիմադրության դադարեցումը ռազմական գործողությունների թատերաբեմում և ռազմական շրջաններում և պատերազմող պետության զինված ուժերի հանձնումը հաղթող կողմին։ Որպես կանոն՝ կապիտուլյացիայի ժամանակ պարտավորություններ են դրվում (քաղաքական, տնտեսական, ռազմական, և այլն) պարտված կողմի վրա։ Այն պայմանավորում է ողջ սպառազինության, ռազմական, նավերի ու ինքնաթիռների, ամրոցների, ամրացված ռազմակետերի և ռազմական գույքի հանձնումը հակառակորդին, իսկ անձնակազմը հաղթողին է հանձնվում որպես գերի։

Անվերապահ կապիտուլյացիան սովորաբար կնքվում է հակառակորդի ռազմական ուժերի լրիվ ջախջախման ժամանակ, երբ պարտված պետությունը ճանաչում է այդպիսի ջախջախումը և հանձնում ամբողջ զինված ուժերը։ Հաղթող կողմը կարող է պարտված պետության գերագույն իշխանությունը ժամանակավորապես վերցնել իր ձեռքն ու հաստատել օկուպացիոն ռեժիմ։ Անվերապահ Կապիտուլյացիայի օրինակ է Հիտլերյան Գերմանիայի ու Ճապոնիայի կապիտուլյացիան ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png