Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 3, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Ահաբեկչական հարձակում Բեսլանում, ահաբեկչական զինված հարձակում Ռուսաստանի Դաշնության կազմում գտնվող Հյուսիսային Օսիայի Հանրապետության Բեսլան քաղաքի թիվ 1 դպրոցի վրա, որն իրականացվել է Շամիլ Բասաևի ղեկավարությամբ գործող չեչենական անջատողական ջոկատի կողմից 2004 թվականի սեպտեմբերի 1-ին՝ նոր ուսումնական տարվան նվիրված միջոցառման ժամանակ: Հարձակման ժամանակ ահաբեկիչները պատանդ են վերցրել 1128 մարդու, որոնք պահվել են դպրոցի ականապատ շենքում (հիմնականում աշակերտներ, ծնողներ և դպրոցի աշխատակիցներ) ծայրահեղ ծանր պայմաններում՝ արգելելով մարդկանց բավարարել նույնիսկ առաջին անհրաժեշտության կարիքները:

Գործողությունների երրորդ օրը՝ ժամը 13:05-ին, դպրոցի մարզադահլիճում տեղի են ունեցել պայթյուններ, որի պատճառով առաջացել է հրդեհ: Հրդեհի արդյունքում մասնաշենքը մասնակիորեն այրվել է: Առաջին պայթյուններից հետո պատանդները սկսել են փախչել դպրոցից. ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձեռնամուխ է եղել գրոհի: Անկանոն փոխհրաձգության ժամանակ, այդ թվում նաև քաղաքացիական անձանց կողմից, որոնք կիրառել են անձնական զենքեր, սպանվել է 28 ահաբեկիչ (նրանցից 3-ը, այդ թվում նաև մահապարտ ահաբեկչուհին, սպանվել են սեպտեմբերի 1-2-ն ընկած ժամանակահատվածում): Ողջ մնացած միակ ահաբեկիչը՝ Նուրփաշա Կուլաևը, ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման:

Չնայած որ պատանդների մեծ մասը փրկվել է գրոհի ժամանակ, ահաբեկչության արդյունքում զոհվել է 314 պատանդ, որոնցից 186-ը՝ երեխաներ: Ընդհանուր առմամբ, ներառյալ նաև փրկարարները, մահացել է 333 անձ, իսկ մոտ 800-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ահաբեկչության արդյունքում առաջացած տնտեսական վնասները կազմել են 34 միլիոն ռուբլի: Ահաբեկչության պատասխանատվությունը 2004 թվականի սեպտեմբերի 17-ին իր վրա է վերցրել Շամիլ Բասաևը՝ այդ մասին հաղորդագրություն տարածելով չեչենական անջատողականների Կավկազ-ցենտր կայքում:

2016 թվականի տվյալներով՝ ահաբեկչության գործով հետաքննությունը, որը 2004 թվականի սեպտեմբերի 1-ին հարուցվել էր երկրի գլխավոր դատախազությունում, մնում է բաց: Ահաբեկչության պատճառների քննությունը իրականացրել են միմյանցից անկախ մի քանի հանձնաժողովներ, փորձագիտական խմբեր և հասարակական կազմակերպություններ, սակայն մի շարք հանգամանքներ, ներառյալ ահաբեկիչների իրական թիվը, որոշակի մասի հնարավոր փախուստը, կառավարության գործողությունները բանակցությունների և գրոհի ժամանակ, ինչպես նաև ԶԼՄ-ների սահմանափակ և հակասական հաղորդումները, վիճարկվում են մինչ օրս: Որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ պատանդների սպանությունը սկսվել է գրոհի ձեռնարկման պահից ... Ավելին