Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 15, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ

Խոսրովի անտառ պետական արգելոց (նաև՝ Խոսրովի անտառ), պետության կողմից պահպանվող տարածքի կարգավիճակ ունեցող բնաշխարհ Հայաստանի Արարատի մարզում։ Պահպանվող տարածքը ստեղծվել է 330-338 թվականներին Հայոց արքա Խոսրով Գ Կոտակի կողմից ստեղծված անտառի տարածքի մի մասի վրա։ Այն ունի շուրջ 1700 տարվա պատմություն։ Արգելոցի ներկայիս տարածքը պատմական անցյալում գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգում։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը ստեղծվել է 1958 թվականին Խորհրդային Հայաստանի կենտրոնական մասի չոր նոսրանտառային, ֆրիգանային և կիսաանապատային լանդշաֆտների, բուսական և կենդանական եզակի համարվող համակեցությունների պահպանության նպատակով։ Արգելոցը տեղակայված է Հայաստանի Արարատի մարզի հյուսիսարևելյան մասում՝ Գեղամա լեռնավահանի և Մերձարաքսյան ծալքաբեկորավոր լեռնաշղթաների միջև։ Արգելոցն ունի հարավարևելյան ձգվածություն, զբաղեցնում է 23,213․5 հա տարածք և կազմված է Գառնի (4253 հա), Կաքավաբերդ (4745 հա), Խոսրով (6860,8 հա), Խաչաձոր (7354,7 հա) տեղամասերից։ Խոսրովի անտառ պետական արգելոցը գտնվում է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո։

Արգելոցի տարածքի մակերևույթը լեռնային է և գետային ցանցի շնորհիվ մասնատված խորը ձորերի, որն երկրաբանական անցյալի ակտիվ տեկտոնական գործունեության արդյունք է։ Ներկայումս շարունակվում են լավ արտահայտված էրոզիայի գործընթացները։ Արգելոցի տարածքի մեծ մասը տեղաբաշխված է թեք լեռնալանջերի վրա։ Արգելոցի տարածքի 15%-ը կազմում են մինչև 20˚ թեքությունները, 19%-ը՝ 20-30˚, 66%-ը՝ 30˚և բարձր։ Արգելոցի տարածքի մոտ 50%-ը զբաղեցնում է միջին լեռնային գոտին (1500-2300 մ), որը բնութագրվում է ռելիեֆի խոր մասնատվածությունը։

Խոսրովի անտառի կլիման չոր ցամաքային է, ամառային բարձր ջերմաստիճաններով և ցուրտ ձմեռներով։ Արգելոցի տարածքում ձևավորվում է կլիմայի հետևյալ տիպերը՝ չոր ցամաքային, չափավոր տաք՝ չոր, բարեխառն և չափավոր ցուրտ կլիման։

Արգելոցի տարածքով հոսում են Արաքս գետի ձախակողմյան երկու խոշոր վտակներ՝ Ազատ և Վեդի գետերը։

Տարածաշրջանում արգելոցն առանձնահատուկ է իր բուսական աշխարհի տեսակային կազմի հարստությամբ և տեսակների մեծ խտությամբ։ Հայաստանի 1%-ը կազմող արգելոցի տարածքում աճում է բույսերի 1849 տեսակներ (Հայաստանի բուսական աշխարհի ավելի քան 50%-ը, իսկ Կովկասի ֆլորայի մոտ 1/3), որոնք ներկայացված են 588 ցեղերով և 107 ընտանիքներով։

Բույսերից 80 տեսակ գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Արգելոցի տարածքում աճող բուսատեսակներից 24 էնդեմիկ են։

Արգելոցում հանդիպում են 283 տեսակ ողնաշարավոր կենդանիներ, որից թռչուններ՝ 192 տեսակ, կաթնասուններ՝ 44 տեսակ, սողուններ՝ 33 տեսակ, ձկներ՝ 9, երկկենցաղներ՝ 5 տեսակ․․․ Ավելին