Կազմարարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կազմարարություն, ձեռագիր մատյանի ստեղծման ավարտական փուլը։

Կազմարարությունն Հայաստանում X դարից ինքնուրույն արհեստ է, որի զարգացումը պայմանավորվել է գրչության կենտրոնների գործունեությամբ. այստեղ գրել (ընդօրինակել) և նկարազարդել են մատյաններ, ապա կազմել են գրված թերթերի պահպանման նպատակով։ Այն հետագայում դարձել է նաև զարդարման եղանակ, կիրառական արվեստի գործ։ Կազմերը պատրաստել են կազմարարները։ Ձեռագրի կարված մագաղաթե թերթերը հնում պահել են կտավե փաթեթներում, ծածկել գործվածքով կամ կաշվով, դրել փայտե, մետաղե կամ փղոսկրե տուփի մեջ (հնագույնը 989 թվականին Բղենո Նորավանքում ընդօրինակված «Էջմիածնի Աւետարանի» VI դարի փղոսկրե կազմն է)։ Հետագայում տուփը փոխարինվել է կաշեպատ տախտակե կազմով, որին տրվել է տուփի տեսք՝ 2 փեղկ, կռնակ (կամ թիկունք) և դռնակ։ Մետաղե որոշ կրկնակազմերի դռնակները 3 կողմից են։ Կազմարարն ընտրել, մշակել է կազմի կաշին (դաբաղած), պատրաստել միջուկ-տախտակը, աստառի ծաղկանկար կտավը (հաճախ՝ մետաքսե ոսկեթել պատկերազարդ գործվածք), պահպանակը՝ հին ձեռագրերի պատառիկներից։ Կիսաթաց կաշին կամ մագաղաթը զարդարել են սրածայր, չկտրող գործիքով ճնշելու եղանակով։

XII դարից կազմերը զարդարել են նկատների միջոցով, որոնք մետաղե (բրոնզե) գլանաձև, քառանիստ (կամ ձվածիր) կտրվածքով ձողեր են՝ մի ծայրին խորաքանդակ զարդով. մուրճի թեթև հարվածով ծայրի զարդը դաջվել է կազմին։ Զարդը դաջել են նաև մետաղե զարդավոր տախտակով ճնշելու եղանակով՝ առատպելով։ Կաշվե կազմերի ան­կյուններում երբեմն փակցրել են մետաղե թիթեղներ՝ ավետարանիչների խորհրդանիշների (մարդ, առյուծ, եզ, արծիվ) պատկերներով, իսկ ավելի ուշ ձեռագրերը նաև կոստղել են՝ կազմի վրա ամրացնելով կլոր կամ գմբեթաձև գլխիկներով մետաղե կամ արծաթե գամեր՝ որպես զարդարանք։ Կաշվից բացի՝ պատրաստել են նաև կրկնակազմ արծաթից և ոսկուց կազմեր, որոնք հագցրել են ձեռագրերի (Աստվածաշունչ, Ավետարան, Պարզատումար, Սաղմոսարան և այլն) բուն կազմերին ու զարդարել տերունական և այլ պատկերներով («Ավետում», «Ծնունդ», «Աստվածամայրը մանուկ Հիսուսը գրկին», «Խաչելություն», «Հարություն», «Տրդատի թագադրումը», «Դավիթ մարգարե», «Սբ Էջմիածին» և այլն)՝ ծաղկազարդերով, զարդանախշերով, արձանագրություններով։

Ինքնատիպ կազմարարական և ոսկերչական դպրոցներ են գործել Կիլիկիայում, Կեսարիայում, Վասպուրականում, Մուշում, Կարինում, Սեբաստիայում, Կ. Պոլսում, Էջմիածնում, Սյունիքում, Բուլղարիայում, Լեհաստանում, Մոլդովայում, Մոսկվայում, Ղրիմում, Նոր Ջուղայում, Կալկաթայում։ Բուն Հայաստանում և Կիլիկան Հայաստանում վանական խոշոր հաստատությունների դպրոցներում, բացի հիմնական առարկաներից (գրչություն, մանրանկարչություն), դասավանդել են նաև կազմարարություն։ Գրիչի, ծաղկողի և ստացողի (պատվիրատուի) հետ ձեռագրում հաճախ նշվել է նաև կազմարարի անունը։ IX դարում հիշատակվում է, օրինակ, Գեորգ կազմողը, X դարում (977 և 999)՝ Գեորգ և Տիրանուն կազմարարները, XI դարում՝ Ովհաննեսը (1001), Սարգիսը (1088) և Խաչատուրը, XIII դարի 2-րդ կեսին՝ արքայական մատյանների և ընտիր ձեռագրերի կազմարար Առաքել Հնազանդենցը (Կիլիկիա), XVI դարում՝ Փիլիպոսը (Վասպուրական), XVII դարում՝ Ազարիան (Նոր Ջուղա), XVII–XVIII դդարերում՝ Շահմիր Կարապետը, Մալխաս Հակոբը, Շահպազ Գրիգորը, Մալխաս Օհաննեսը, Մալխաս Կարապետը, Շահպազ Կարապետը, Շահմիր Հակոբը (Կեսարիա), XIX դարում՝ տեր Ղազարը, տեր Մխիթարը, տեր Մեսրոպը (Արցախ-Ուտիք) և ուրիշներ։ Գրատպության գյուտից հետո տախտակե միջուկով կաշվե կազմը փոխարինվել է ստվարաթղթե կազմով, որը զարդարվում է պոլիգրաֆիական եղանակներով։

Կազմարարություն են կոչվում նաև կազմարարական գործողություններ, գրքի կազմը պատրաստելու՝ բլոկը կազմակողերին ամրացնելու, կլորացնելու և ծալելու, կռնակի նյութերը (թանզիֆ, երիզ, թուղթ) սոսնձելու, կտրվածքները ներկելու, էջանշանն ամրացնելու, կազմակողերը պատրաստելու և հարդարելու (մակատպություն, դաջում), գրքի մամլման ու ստվերագծման գործողությունների ամբողջություն։ Կատարվում են առանձին մեքենաներով կամ հոսքագծերով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յովսէփեան Գ., Մի էջ հայ արուեստի եւ մշակոյթի պատմութիւնից, Հալեպ, 1930։
  • Աբրահամյան Վ., Արհեստները Հայաստանում IV–XVIII դդ., Ե., 1956:
  • Ավետարանական պատկերներ (կազմ.՝ Կ. Մաթևոսյան և Ա. Ավետիսյան), Ե.,1993:
  • Մալխասյան Ա., Հայերեն ձեռագրերի կազմերը և նրանց պատրաստման եղանակները, «Էջմիածին», № 2–3, 1995:
  • Մալխասյան Ա.,Կեսարահայ կազմարվեստի պատմությունից (ԺԷ–ԺԸ դդ.), «Էջմիածին», № 5–6, 1996:
  • Մալխասյան Ա., Վասպուրականի կազմարվեստի դպրոցը, «Էջմիածին», № 6, 2004:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։