Ծիածանափայլ իշխան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ծիածանախայտից)
Ծիածանափայլ իշխան
Ծիածանափայլ իշխան
Parasalmo mikissa
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Ձկներ
Կարգ Թեփուկավորներ
Ընտանիք Սաղմոնաձկներ
Լատիներեն անվանում
Parasalmo mikissa
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Ծիածանափայլ իշխան, ծիածանախայտ (լատին․՝ Parasalmo mikissa), սաղմոնաձկների ընտանիքի ձուկ։ Հայաստանի ֆորելային տնտեսություններում սկսել է աճեցվել 20-րդ դարի 60-ական թվականների վերջից, որտեղից պատահականորեն և պարբերաբար թափանցում է Մեծամոր, Հրազդան, Ազատ, Աղստև, Արփա գետերը։ Նախընտրում է գետերի արագընթաց տեղամասերը։ Խոշոր ձուկ է։

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմինն իլիկանման է, կողքերից մի փոքր սեղմված, երկարությունը՝ 25-30 (երբեմն՝ 90) սմ, զանգվածը՝ մինչև 20 կգ և ավելի։ Մեջքային և պոչային լողակների միջև առկա է ճարպային լողակը։ Դունչը բութ է՝ մեծ բերանով։ Ծնոտները և խոփոսկրը զինված են ատամներով։ Մանրաձկների պոչային լողակի արտաքին եզրը ոչ խորը կտրվածքով է, որը տարիքին զուգընթաց աստիճանաբար անհետանում է։ Թեփուկները մանր են կողագծում՝ 135-140 հատ։ Մեջքային լողակում ճառագայթները 13-14-ն են, հետնալողակում՝ 10-11։ Մարմնի ընդհանուր գունավորումն արծաթավուն է։ Մարմինը, մեջքային ու պոչային լողակները պատված են բազմալծիվ մանր սև պտերով։ Կողքերի երկայնքով ձգվում է ծիրանակարմրավուն լայն շերտ։ Մանրաձկների կողքերը պատված են լայնակի խոշոր բծերով։

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմացման շրջանում արուների մարմնի գույնը մգանում է, ծնոտները երկարում են, կողքերի ծիրանակարմրավուն գունավորումը դառնում է ավելի վառ և ձեռք բերում ծիածանային նրբերանգներ։ Անազատ պայմաններում բուծվել են մարմնի զանազան գունավորումով (դեղնաոսկեգույն, գորշ, կապույտ, նարնջագույն և այլն) ցեղախմբեր։ Սեռահասուն է դառնում 2-4 տարեկանում։ Արուներն ավելի վաղ են հասունանում, քան էգերը։ Հայաստանի բնական ջրամբարներում բազմացում դեռևս չի արձանագրվել։ Այն կարող է կատարվել միայն ձկնաբուծարաններում՝ արհեստական բեղմնավորմամբ։ Բնության մեջ բազմանում է գետերի խճապատ հատակին՝ բներ կառուցելով 4-8 °C ջերմաստիճանային պայմաններում։ Բեղունությունը կազմում է 3-5 հազար (կարող է հասնել մինչև 11 հազար) ձկնկիթի, որը վառ նարնջագույն է, խոշոր, տրամագիծը՝ 4-5 մմ։

Ձկնկիթի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնկիթի զարգացումը արհեստական պայմաններում տևում է 29-75, բնության մեջ՝ 100- 150 օր (կախված ջրի ջերմաստիճանից)։ Արագաճ ձկնատեսակ է. մանրաձկները 20 օրում կարող են հասնել 300 մգ-ի, իսկ 2-3 ամիս անց՝ 15 գ-ի։ Սնվում է հիմնականում կենդանական պլանկտոնով, միջատներով և նրանց թրթուրներով, երբեմն՝ բենթոսային օրգանիզմներով, նաև մանր ողնաշարավորներով (ձկներ, գորտեր և շերեփուկներ)։ Աճեցվում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերի ֆորելային տնտեսություններում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածանափայլ իշխան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծիածանափայլ իշխան» հոդվածին։