Խորհրդանիշ Աղավնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդանիշ Աղավնի

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղության, սիրո, հույսի, մաքրության, անաղարտության խորհրդանշան է։ Քրիստոնեական Սբ. հոգու խորհրդանշան է դարձել գեղեցկության և Հին Կտակարանում որպես բարի սկիզբ հիշատակված լինելու շնորհիվ և ոչ թե բնույթի, որն առավելապես կռվազան է...

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ձախ Աղավնին հայերեն միակ բառն է, որ արդի լեզվում վերածված չէ «աղօնի» ձևին, մինչդեռ ուրիշ ամեն տեղ «ավ» երկբարբառը բաղաձայնից առաջ դառնում է օ։ Սպիտակ Աղավնին ջրհեղեղից հետո Նոյին կանաչ ձիթենու ճյուղ է բերում՝ դառնալով Աստծո զայրույթը մեղմությամբ փոխարինելու ավետաբերը... Հովհաննես Մկրտիչը Քրիստոսին մկրտելիս ասել է. «Տեսնում էի Հոգին, որ Աղավնու պես իջնում էր երկնքից նրա վրա» (Ավետարան ըստ Հովհաննու, 1։32, ըստ Մատթեոսի, 3։16)... Աղավնին ներկայացվում է նաև որպես անապակ ոգի՝ պատկերված Սուրբ նահատակների բերանից դուրս թռչելիս... Սուրբ Հոգին Աղավնակերպ է (Մատթ. 3.16)։ Աղավնու Սբ. Հոգու հետ առնչվելու գաղափարը ընդգծված է նաև նրա լեղի չունենալու երևույթի մեջ։ Անտիկ որմնանկարչության և հնդկական դիցաբանության մեջ նույնպես Աղավնին ներկայացվել է իբրև հոգի։ Աղավնին քրիստոնեական ողջամտության խորհրդանշան է՝ չնայած հին պատկերացումներում նա մարմնավորում էր ցանկասիրությունը։ Աղավնին զուգորդվում է սիրո փյունիկյան դիցուհի Աստարտեի (հուն.` Ափրոդիտե, հռոմ.` Վեներա« հայ.` Աստղիկ) հետ, ինչպես նաև ունի ընդհանրություններ Ադոնիսի, Դիոնիսոսի (Բաքոս) և Էրոսի (Կուպիդոն) հետ... Աղավնու ղունղունոցը կապվել է ցանկասիրության և ծննդի գաղափարների հետ... Պոմպեյում հայտնաբերվել են Աղավնու թևերով ֆալլատիպ արձանիկներ... Աղավնու զույգը համարվել է սեռական ներդաշնակության խորհրդանշան, անձնավորել ուշադիր ու նրբազգաց կնոջը... Չինաստանում Աղավնինին երկարակեցության բազմաթիվ խորհրդանշաններից է, իսկ Ճապոնիայում` սրով պատկերված Աղավնին մեկտեղում է նաև խաղաղության գաղափարը... Աղանվի և բազե համադրությունը որպես զոհ և որսորդ, թեև ժամանակակից է, սակայն ունի հնագույն արմատներ... Աղավնին ընկղմվելով ջրի մեջ փրկվում է սատանային մարմնավորող բազեից։ Ըստ սլավոնական հավատալիքների՝ մեռյալի հոգին վերածվում է Աղավնու։ Արդի ժամանակներում թռչունը դարձել է խաղաղության խորհրդանշան, իսկ անտիկ շրջանում «աղավնյակ» բառը նշանակել է ծախու կին կամ սիրուհի։ Սրա համար, թերևս, հիմք է ծառայել աստվածուհի Աստարտեի և Աղավնու զուգորդումը, ինչը մ.թ.ա. IVդ. փոխանցվել է հույներին... Մեծ էր Աղավնու դերը գուշակություններում՝ Դոդոնեի սրբավայր-անտառակում մարգարեացող քրմուհիները Աղավնի են անվանվել այն պահից, երբ սև Աղավնին իջել է սրբազան կաղնու վրա (այդ վայրում հետագայում կառուցվել է սրբավայր)... Աղքատ հրեաները Աղավնուն համարել են նախընտրելի զոհաթռչուն, իսկ Հին Եգիպտոսում Չինաստանում Աղավնին փոստատար «դեր» է կատարել... Հին Հռոմում թռչունը Վեներայի սրբազան խորհրդանշանն էր, սակայն դա չէր խանգարում որ խնջույքների ժամանակ նրա միսը մատուցվեր որպես կերակուր։ Ըստ հռոմեացիների՝ Աղավնու ձուն ցանկասիրություն է հարուցում, ուստի նրանք Աղավնու արյունն օգտագործում էին որպես դեղամիջոց, իսկ ծերտով պատրաստում էին սպեղանի... Քրիստոնեական պատկերացումներում Աղավնին մարմնավորել է Սուրբ հոգու յոթ շնորհները՝ իմաստնություն, բանականություն, բարի խորհուրդ, ուժ, գիտելիք, արժանապատվություն և աստվածավախություն (Աղավնին դրախտում նստում է կենաց ծառին, խմում անմահական ջուր, կտցին կրում նահատակների պսակը)... Աղավնին օտար ձագերին անգամ սնում է ողորմությամբ, սրբում է նրանց բույնը մայրական ջերմ խոստովանությամբ և թողությամբ։ «Ֆիզիոլոգուսում» գրված է. «եթե տատրակը կորցնում է զույգին, մեռնում է կամ այլևս նոր զույգ չի կազմում»... Հնդկաստանում ու Չինաստանում Աղավնին մարմնավորել է երկարակեցությունը և ամուսնական հավատարմությունը... Մովսեսի օրենքում Աղավնին մաքուր թռչուն է, որին զոհաբերում են երեխայի ծնվելու կապակցությամբ։ Տատրակը որ հաճախ նույնացվում է Աղավնու հետ զուգակցվում է հավատարմության և անշահախնդիր սիրո հետ... Լինելով հնագույն տոտեմ՝ հին Հայաստանում Աղավնին նվիրաբերվում էր Անահիտ և Աստղիկ դիցուհիներին, կապված էր նախամոր գաղափարին։ Աղավնին հեքիաթներում երկու աշխարհները միացնող թռչուն է« մութ աշխարհում հայտնված հերոսին լույս աշխարհ դուրս բերող... Թերևս հարության գաղափարի հետ է առնչվում նաև Վերին Նավերի՝ մ.թ.ա. 15-14 դդ. թվագրվող դ14 արքայական դամբարանում հայտնաբերված Աղավնու պաշտամունքի բրոնզե արձանիկը, որը թռչնի հնագույն վկայություններից է։ Հայկական հեքիաթներում Աղավնին հաճախ կերպարանափոխվում է, դառնում հուրի-փերի։ Որպես նախամոր, սիրո և պտղաբերության խորհրդանշան՝ Աղավնին համարվել է մի «էակ», որից մարդիկ սովորել են սիրել և սիրվել... Ժողովրդական ասույթը հաստատում է «սիրվելը ղունղունացող Աղավնուց է մնացել»... Հայ ժողովրդական պատկերացումներում այն կուսության նշանակ էր. նորահարսի կուսությունը վկայող առաջին գիշերվա սավանը կոչվել է Աղավնու արյունով ներկված սավան... Աղավնու տեսքով Սուրբ հոգու պատկերումը տարածված էր միջնադարյան Հայաստանում... Ավետման տեսարաններում հաճախ պատկերված են Մարիամն ու Գաբրիելը, իսկ Մարիամի գլխավերևում՝ Աղավնի է... Հայ պոեզիայում Աղավնին ունի անաղարտության խորհուրդ. 14-րդ դ. բանաստեղծ Կիրակոսը «Գովանք թռչնոց» շարքում գրում է. «Աղաւնի ոսկի փետուր, Քան զամենայն հաւերն արդար...»։ Բանահյուսական հնագույն նմուշներում երեխան նույնպես կոչվել է Աղավնի, որ է՝ անմեղություն... Աղավնու տուն մտնելը, պատուհանին նստելը, պատուհանը կտցով թակելը համարվել է ավետիս... «Անմեղ Աղավնի» արտահայտությունը բուն իմաստով նշանակում է հիրավի մաքուր, իսկ ծաղրական՝ իրականում անբարո վարքի տեր, սակայն անմեղ ձևացող մարդ...

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Մանասյանի Խորհրդանիշների հանրագիտարանից։