Խորան (մանրանկարչություն)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խորան (այլ կիրառումներ)
Խորան, ձեռագիր չորս Ավետարանների պատկերազարդ ցանկ (համաձայնության տախտակներ, կանոններ)։ Ստեղծել է եպիսկոպոս Եվսեբիոս Կեսարացին, որը չորս Ավետարանները բաժանել է հատվածների և յուրաքանչյուրը գլխագրել մինչև վերջ։ Ստացված գլուխների համարների օգնությամբ կազմել է համաձայնության տասը տախտակներ (կանոններ)։ Սկզբում մի քառասյունակ տախտակում կարգաբերել է այն գլուխների համարները, որոնց բովանդակությունը կրկնվում է չորս ավետարաններում, ապա երեք համակցություններով՝ երեք տարբեր ավետարաններում, այնուհետև՝ հինգ համակցություններով՝ երկու ավետարաններում և վերջապես նրանք, որոնք ոչ մի զուգահեռ չունեն մնացած ավետարաններում։
Եկեղեցական արարողության համար Եվսեբիոսը, իբրև նախաբան, կանոնների առջև դրել է ընկերոջը՝ Կարպիանոսին ուղղված «Թուղթ»-ը։ Այս կանոնները «Թղթի» հետ տեղադրվել են վեցից մինչև տասներկու էջերում՝ աղյուսակների ձևով, զարդապատկամարները պահող սյուների միջև։ Կանոնները ընդգրկող ձևավորված էջը հայերը անվանել են խորան։
Չնայած Եվսեբիոս Կեսարացու մշակած նախատիպին (որի հուսալի պատճենը հավանաբար 989-ի «էջմիածնի Ավետարանն» է), տարբեր երկրներում (Բյուզանդիա, Սիրիա, Արևմտյան Եվրոպա, Եթովպիա) և ժամանակներում փոփոխվել է խորանների կառուցվածքը (կամարներն աստիճանաբար դարձել են ուղղանկյուն գորգադաշտեր, իսկ սյուները կորցրել զանգվածայնության պատրանքը), համամասները, զարդապատումը։ Եկեղեցական առաջին հայրերի ասույթների վրա հենվելով՝ միջնադարյան որոշ հայ հեղինակներ (Ստեփանոս Սյունեցի, Ներսես Շնորհալի և ուրիշներ) խորաններին, դրանց զարդամոտիվներին (բույսեր, թռչուններ), գույներին տվել են խորհրդանշական-այլաբանական իմաստ, որոնցից, սակայն, մանրանկարիչները շեղվել են։
Խորանների ամենաճոխ պատկերազարդումը Բյուզանդիայում եղել է X - XI դդ., Հայաստանում՝ XIII դ. Կիլիկյան թագավորության շրջանում։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Խորան (մանրանկարչություն) կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |