Խաչիկ Բաղդասարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Բաղդասարով
Ծնվել էմայիսի 21, 1929(1929-05-21)[1]
Սամարղանդ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհոկտեմբերի 5, 2013(2013-10-05) (84 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունֆիզիկոս
Հաստատություն(ներ)Q16644826? և A.V. Shubnikov Institute of Crystallography?
Գործունեության ոլորտֆիզիկական քիմիա
ԱնդամակցությունԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԳիտության և տեխնոլոգիայի ազգային համալսարան (1951)[1] և A.V. Shubnikov Institute of Crystallography?
Կոչումպրոֆեսոր և թղթակից անդամ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր[1] (1971)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ

Խաչիկ Բաղդասարով (մայիսի 21, 1929(1929-05-21)[1], Սամարղանդ, ԽՍՀՄ[1] - հոկտեմբերի 5, 2013(2013-10-05), Մոսկվա, Ռուսաստան, ռուս.՝ Хачик Саакович Багдасаров), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Վ. Շուբնիկովի անվան բյուրեղագրաֆիայի ինստիտուտի բարձրջերմաստիճանային բյուրեղացման լաբորատորիայի վարիչ, Ճարտարագիտական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Ռուսաստանի պետական մրցանակների դափնեկիր, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Սահակի Բաղդասարովը ծնվել է 1929 թ. մայիսի 21-ին, Սամարղանդ քաղաքում, ավանդական հայկական ընտանիքում։ Խ. Ս. Բաղդասարովը դպրոցն ավարտել է Սամարղանդում, ապա մեկնել Մոսկվա, որտեղ ընդունվել է պողպատի և ձուլվածքների ինստիտուտ։ Խաչիկ Բաղդասարովի գիտական գործունեությունը սկսվել է ասպիրանտական տարիներից՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտում, ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ա. Վ. Շուբնիկովի ղեկավարությամբ, որտեղ նա ընդունվել էր 1953 թ.։ Նրա թեկնածուական թեզը, որը նա պաշտպանել է 1957 թ., թույլ է տվել որոշել ուլտրաձայնի ազդեցության բնույթը բյուրեղացման վրա, մշակել ինքնատիպ մեթոդ՝ որոշելու մոնոբյուրեղներում դիսլոկացիաները, և հայտնաբերել ցինկի մոնոբյուրեղների ամրացման էֆեկտը ուլտրաձայնային դաշտում դրանց աճեցման ընթացքում։ Խ. Ս. Բաղդասարովի գիտական հետազոտությունները հիմնականում նվիրված են բարձրջերմաստիճանային բյուրեղացման և տեխնիկապես արժեքավոր մոնոբյուրեղների աճեցման յուրահատուկ մեթոդների ստեղծմանը, որոնց արդյունքները հրատարակված են ավելի քան 350 գիտական աշխատանքներում և ութ մենագրություններում։ Խ. Ս. Բաղդասարովը նաև հեղինակ է 112 հեղինակային իրավունքի։ Նա բարձրջերմաստիճանային բյուրեղացման խնդիրների լուծման համար, ի տարբերություն ուրիշ հետազոտողների, հիմնական ուշադրությունը դարձրել է նյութի հալման և բյուրեղացման ընթացքում բարձր ջերմաստիճանին ֆիզիկաքիմիական երևույթներին։ Այս մոտեցումը Խ. Ս. Բաղդասարովին թույլ է տվել ստեղծել մոնոբյուրեղների աճեցման նոր մեթոդ, որն անվանվել է Բաղդասարովի մեթոդ և լայն տարածում գտել շատ երկրներում։ Այս մեթոդի իրականացման համար, բացի նոր տեխնոլոգիայից, նա ճարտարագետների հետ մշակել է մի շարք բյուրեղացնող սարքեր։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբինի բյուրեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ. Ս. Բաղդասարովը խոշոր ներդրում ունի արդիական օպտիկական մոնոբյուրեղների սինթեզի տեսության մեջ։ Ակադեմիկոս Ա. Մ. Պրոխորովի հետ համատեղ նա զարգացրել է այն միտքը, որը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում ռուբինի բյուրեղների վրա ստանալ ճառագայթում օպտիկական դիապազոնում։ Այս խնդրի լուծումն ուներ սկզբունքային նշանակություն, քանի որ այդ ուղղությամբ միաժամանակ աշխատում էին նաև այլ երկրների, այդ թվում և Ամերիկայի Միացյալ Նահանգներ-ի գիտնականները։ Ռուբինի վրա ստեղծված օպտիկական գեներատորները թույլ են տալիս լուծել կարևոր խնդիրներ, որոնցից է ակադեմիկոս Ն. Գ. Բասովի ղեկավարությամբ հատուկ տեխնիկայի համար հեռաչափերի և լուսնի լազերային լոկացիայի ստեղծումը։ Լուսնի լոկացիայի նշանակությունը ոչ միայն այն էր, որ առաջին անգամ հաջողվեց դեցիմետրի ճշտությամբ որոշել հեռավորությունը մինչև լուսին, այլ նաև այն, որ ցուցադրվեց օպտիկական լոկացիայի և կապի ակնհայտ հեռանկարային լինելը։

Լազերային բյուրեղներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ. Ս. Բաղդասարովի գիտական ղեկավարությամբ լուծվել են լազերային տեխնիկայի մի շարք այլ կարևոր խնդիրներ։ Շնորհիվ Խ. Ս. Բաղդասարովի հետազոտությունների՝ Ռուսաստանում հիմնադրվել է լազերային բյուրեղների արդյունաբերական արտադրություն։ Մի շարք երկրներ, ինչպիսիք են Ճապոնիան, Ֆրանսիան, Շվեյցարիան, Կորեայի Հանրապետությունը, Բուլղարիան ձեռք են բերել Բաղդասարովի մեթոդի լիցենզիոն արտոնությունը և սարքավորումները։ Կատարյալ մոնոբյուրեղների սինթեզի խնդրի լուծման գործում մեծ ներդրում ունենալու համար Խ.Ս. Բաղդասարովը 1972 թ. արժանացել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետական մրցանակի։

Մեծ է նաև Խաչիկ Բաղդասարովի ներդրումը՝ կապված փոքր չափերի, սակայն հզոր տեխնոլոգիական լազերների ստեղծման գործում, որի համար էլ 2000 թ. արժանացել է Ռուսաստանի պետական մրցանակի։ Խաչիկ Բաղդասարովը ներկայումս զբաղված է խոշոր լեիկոսապֆիրի և կրեմնիի մոնոբյուրեղների աճեցման խնդրի լուծմամբ։

Խ. Բաղդասարովը «Кристаллография» գիտական ամսագրի խմբագրական կոլեգիայի անդամ է, ավելի քան քսան տարի եղել է ԲՈՀ-ի փորձագետ։ Պարգևատրվել է շքանշաններով և մեդալներով։

Նա ակտիվ մասնակցություն է ունեցել մոնոբյուրեղների աճեցման և բյուրեղացնող սարքերի արտադրության համար մի շարք խոշոր կենտրոնների հիմնադրման աշխատանքներում, որոնցից կարելի է առանձնացնել «Լազերային տեխնիկա» գիտաարտադրական միավորումը (Երևան), մոնոբյուրեղների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը (Խարկով), էլեկտրաթերմային սարքավորումների գործարանը (Տագանրոգ), էլեկտրոնային մեքենաշինության գործարանը (Լուգանսկ, Ուկրաինա)։

Ներդրումը քվանտային էլեկտրոնիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում քվանտային էլեկտրոնիկայի և ոչ գծային օպտիկայի զարգացումը զգալիորեն կախված էր լազերային և ոչ գծային բյուրեղների սեփական հետազոտական բազայի առկայությունից։ Այդպիսի բազայի ստեղծման աշխատանքների կազմակերպման գործում նշանակալից դեր է խաղացել Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտը։ Խաչիկ Բաղդասարովի անմիջական մասնակցությամբ 60-ականների սկզբին Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) քիմիական կոմբինատում ներդրվեց ռուբինի բյուրեղների աճեցման տեխնոլոգիան։ Արդյունքում Կիրովականի քիմիկոմբինատը և Արզնիի ճշգրիտ տեխնիկական քարերի գործարանը դարձան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն նախկին տարածքի գիտահետազոտական կազմակերպություններին ռուբինի ակտիվ տարրերի հիմնական մատակարարողը։

Բաղդասարովի աջակցությամբ և մասնակցությամբ Կիրովականի քիմիկոմբինատի ֆիզքիմիական լաբորատորիայի և Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի հիմքի վրա 1967 թվականին ստեղծվեց լազերային բյուրեղների աճեցման, լազերային տեխնոլոգիայով նոր նյութերի ստեղծման և գոյություն ունեցող նյութերի արդիականացման միավորված լաբորատորիա։ 1970 թ. Աշտարակում՝ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տարածքում, սկսվեցին լազերային բյուրեղների ստացման և հետազոտման աշխատանքները։ Այստեղ՝ առաջիններից մեկը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն տարածքում, ստացան նեոդիմով ակտիվացված իտրի-ալյումինային նռնաքարի լազերային բարձրջերմաստիճանային բյուրեղներ։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում մեծ հաջողությամբ շարունակվում են աշխատանքներն այդ ասպարեզում, ինչպես նաև տարբեր բյուրեղների հետազոտությունները, որոնք ստացել են միջազգային մեծ ճանաչում։

2004 թ. Խ. Ս. Բաղդասարովի մասնակցությամբ Հայաստանում հիմնադրվել է “Bagdasarov Crystal Group Production” (BCG Production) կազմակերպությունը, որտեղ Բաղդասարովի մեթոդով աճեցնում են արդյունաբերական սապֆիրի և նռնաքարի բյուրեղներ։

Ուսանողների հետ աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի գիտատեխնիկական բազա ստեղծելուց, Բաղդասարովը կազմակերպել է նաև այդ ասպարեզներում աշխատող գիտական կադրերի պատրաստումը։ 1968-1972 թվականներին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն գիտությունների ակադեմիայի բյուրեղագրաֆիայի ինստիտուտի բարձրջերմաստիճանային բյուրեղացման նրա ղեկավարած լաբորատորիայում դիպլոմային աշխատանքներ են կատարել Երևանի պետական համալսարանի 15 ուսանող։ Հետագայում նրանցից շատերը նաև վերապատրաստվել են այդ լաբորատորիայում, կատարելագործել մասնագիտական որակը։ Խ. Ս. Բաղդասարովի անմիջական ղեկավարությամբ կամ նրա լաբորատորիայի աշխատակիցների ղեկավարությամբ Հայաստանի բուհերի 9 շրջանավարտներ ատենախոսություններ են պաշտպանել և առաջատար մասնագետներ դարձել բյուրեղային տարբեր միացությունների աճեցման և հետազոտման ասպարեզում։

1964 թ. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա. Վ. Շուբնիկովի անվան բյուրեղագրաֆիայի ինստիտուտում Բաղդասարովի հիմնադրած բարձրջերմաստիճանային բյուրեղացման լաբորատորիան դարձել է խոշոր կառույց, որը մինչև հիմա լուծում է հիմնարար և կիրառական կարևոր խնդիրներ։ Հաշվի առնելով Խաչիկ Սահակի Բաղդասարով գիտնականի համաշխարհային ճանաչումը և սերտ կապերը Հայաստանի հետ, բարձր գնահատելով նրա ավանդը գիտության մեջ՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 2008 թ. նրան ընտրեց Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա արտասահմանյան անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 254