Jump to content

Խաչերի բլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչերի բլուրի համայնապատկերը։

Խաչերի բլուր (լիտ.՝ Kryžių kalnas), ուխտատեղի, որը գտնվում է Լիտվայի հյուսիսում՝ Շյաուլյայ քաղաքից 12 կմ դեպի հյուսիս։ Խաչերի նման քանակության ծագումն անհայտ է, թեպետ որոշները պնդում են, որ բլրի առաջին խաչը տեղադրվել է 1831 թվականի ապստամբությունից հետո, որի ժամանակ ռուսական արքունիքը «արյան մեջ խեղդում» է ազատատենչ լեհերի, և վերջիններիս օժանդակող լիտվացիների ազգային-ազատագրական հեղափոխությունը[1]։

Ժամանակի ընթացքում բլրի վրա ոչ միայն ավելացել են խաչերի թիվը, այլ նաև կանգնեցվել են Մարիամ Աստվածածնին նվիրված բազմաթիվ արձաններ, ուխտավորների կողմից բերված մի շարք թեմատիկ քանդակներ և տերողորմյաներ։ Խաչերի թվաքանակը ներկայումս հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ 1990 թվականի տվյալներով այն կազմել է շուրջ 55 հազար, իսկ 2006 թվականին՝ շուրջ 100 հազար[2]։

Խաչերի թվաքանակ[3]
1800 շուրջ 9,000
1900 130
1902 155
1922 50
1938 շուրջ 400
1961 5,000
1975 1,200
1990 55,000
2006 շուրջ 100,000
Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի խոսքերը բլրի վրա գտնվող հուշաքարի վրա․ «Շնորհակալությո՛ւն, լիտվացիներ՝ այս խաչերի համար, որը Եվրոպայի և ամբողջ աշխարհի ազգերին ցույց է տալիս այս երկրի մարդկանց հավատը»։

Չնայած նրան, որ ժամանակի ընթացքում լիտվացիների հավատը բազմաթիվ սպառնալիքների է ենթարկվել, այնուամենայնիվ, այս վայրը մշտապես խորհրդանշել է լիտվական կաթոլիկ հավատի պայքարը՝ հանուն սեփական ազգային և հոգևոր ինքնագիտակցության։ 1795 թվականին՝ Ռեչ Պոսպոլիտայի լեհ-լիտվական ունիայի երրորդ կազմալուծումից հետո, Լիտվան դառնում է Ռուսական կայսրության մաս։ 1831 և 1836 թվականներին լեհերն ու լիտվացիները միասնաբար, համատեղ ուժերով ապստամբում են ընդդեմ ռուսական բռնատիրության։ Այնուամենայնիվ, ռուսական արքունիքը՝ ապավինելով «եվրոպական տերությունների» օժանդակությանը, կարողանում է սաստիկ կերպով ճնչել հակակառավարական ընդվզումը և հենց այս կապակցությամբ, մասնավորապես՝ զոհերի հիշատակին, ներկայիս խաչերի բլրի վրա կանգնեցվում են առաջին խաչերը։

1918 թվականին Արևելյան Եվրոպայում տեղի ունեցած դարակազմիկ իրադարձությունների արդյունքում Լիտվան վերստին ստանում է անկախություն։ Նման աշխարհաքաղաքական պայմաններում խաչերի բլուրը լիտվացիների համար ծառայել է որպես աղոթատեղի, ինչպես նաև անկախության պայքարի ժամանակ զոհված անձանց հուշահամալիր։ Սրբատեղին հատուկ նշանակություն է ստանում 1944-1990 թվականներին, երբ Լիտվան, ինչպես և Մերձբալթիկայի տարածաշրջանի մյուս պետությունները, օկուպացվում են ԽՍՀՄ կարմիր բանակի կողմից։ Գլասնոստին նախորդած ժամանակահատվածում Խորհրդային Միությունը որդեգրում է կրոնահալած քաղաքականություն՝ ապավինելով անձի, կուլտի պաշտամունքին։ Նման պայմաններում աթեիզմը հայտարարվում է միութենական հանրապետությունների պաշտոնական կրոն և Լիտվական ԽՍՀ-ի կենտկոմը՝ պաշտոնական Մոսկվայի թելադրանքով, քանիցս ցանկանում է ապամոնտաժել քրիստոնեական համալիրը։ 1963 թվականին խորհրդային իշխանությունները կատարում են խաչերի ապամոնտաժման առաջին փորձը[4]։ Նմանօրինակ նախադեպ արձանագրվում է նաև 1973 թվականին, երբ կենտկոմը համալիրն ապամոնտաժելու նպատակով բլրի վրա է կենտրոնացնում մի քանի բուլդոզերներ[5]։ Սակայն այս անգամ ևս կառավարական փորձերը պսակվում են անհաջողությամբ։ Այս շրջանում լիտվական հասարակության շրջանում լուրեր էին շրջանառվում, որ խորհրդային իշխանությունները պատրաստվում են բլրի տարածքն ու հարակից գոտիները վերածել արգելոցի։

Լիտվայի Հանրապետության անկախացումից հետո՝ 1993 թվականի սեպտեմբերի 7-ին, Խաչերի բլուր է այցելում Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը, ով համալիրն անվանում է հույսի, խաղաղության, սիրո և զոհաբերության վայր։ 2000 թվականին այստեղ բացվում է Ֆրանցիսկյան էրմիտաժ։ Ներկայումս Խաչերի բլուրը բաց գոտի է և չի գտնվում որևէ կազմակերպության կամ պետական մարմնի իրավասության ներքո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Semaška, Algimantas (2006). Kelionių vadovas po Lietuvą: 1000 lankytinų vietovių norintiems geriau pažinti gimtąjį kraštą (լիտվերեն) (4th ed.). Vilnius: Algimantas. էջ 339. ISBN 9986-509-90-4.
  2. Tour to The Hill of Crosses Near Šiauliai Արխիվացված 2009-04-17 Wayback Machine. Retrieved 31 October 2009
  3. «Kryžių skaičius» (լիտվերեն). Lithuanian Millennium of Cultural Heritage Virtual Tour. Վերցված է 2007 թ․ մայիսի 6-ին.
  4. Jankevičiūtė, Giedrė (2006). Lietuva. Vadovas (լիտվերեն). R. Paknys press. էջեր 256–257. ISBN 9986-830-97-4.
  5. «Kryžių kalnas» (լիտվերեն). Šiauliai bishop. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 6-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խաչերի բլուր» հոդվածին։