Լութֆի Լևոն Հալեպլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լութֆի Լևոն Հարությունի Հալեպլյան
Ծնվել էֆորմատը սխալ է(1882)
ԾննդավայրԱյնթապ, Այնթապի գավառ, Հալեպի նահանգ
Մահացել է1915
Մահվան վայրՄուշ
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Այլ անուններՍըր Թապիպ Լութֆի
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրՄեզեի զինվորական հիվանդանոց
Պաշտոնբժշկապետ

Լութֆի Լևոն Հարությունի Հալեպլյան (նաև՝ Հալապլյան, Հալեպյան, 1882 (1884), Այնթապ, Այնթապի գավառ, Հալեպի նահանգ - 1915, Մուշ), հայ վիրաբույժ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1882 (1884) թվականին Հալեպի նահանգի Այնթապի գավառի Այնթապի գավառակի Այնթապ քաղաքում՝ հայ ավետարանական Հարություն և Լուսիա Հալեպլյանների ընտանիքում։ Ընտանիքում եղել են երկու զավակ, որոնք ավարտել են քոլեջ ու համալսարան։ Լութֆին ավարտել է Այնթապի առևտրականների նախակրթարանը։ 1902 թվականին ավարտել է ամերիկացի միսիոներների Այնթապի կենտրոնական Թուրքիայի քոլեջը և ստացել պսակավոր արվեստից վկայական։ 1907 (1909) թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը։

1907 թվականին վերադարձել է Այնթապ և ծնողներին կարճատև այցելելուց հետո մեկնել է Մելիտինե (Մալաթիա) և աշխատել որպես բժիշկ։ Լավ տիրապետելով թուրքերենին` շահել է նաև թրքուհի հիվանդների համակրանքը։

1911 թվականին գերմանական վաճառականական մի ընկերության խնդրանքով մեկնել է Գերմանիա և Բեռլինի հիվանդանոցներում հմտացել վիրաբուժության մեջ, պատրաստվել վերադառնալ և որպես վիրաբույժ աշխատել Կարինում բացվելիք գերմանական հիվանդանոցում։ 1913 թվականին վերադարձել է Այնթապ և շարունակել զբաղվել բժշկությամբ։ Եղել է ՀՅԴ անդամ։

Առաջին համաշխարհային պատերազմն սկսելուց հետո` 1914 թվականի ամռանը, զորակոչվել է օսմանյան բանակ և, ուղարկվելով Երզնկայի շրջան, նշանակվել Քեոփրյուքեոյի մոտակայքում բացված Մեզեի զինվորական հիվանդանոցի բժշկապետ։

1915 թվականի սկզբներին, նախազգալով հայերին սպառնացող մոտալուտ վտանգը, իրեն կոչել է Սըր Թապիպ Լութֆի։ 1915 թվականին ձերբակալվել է, բանտարկվել ու աքսորվել։

1915 թվականի հուլիսի սկզբներին Կարինից Երզնկա ընկած ճանապարհին՝ Բաբերդ չհասած՝ Մուշի Քոբ (Կոպ) լեռան ստորոտին 32-րդ զորաբաժնի սպա Մեհմեդ Ալիի հրամանով, իրեն ընկերակցող թուրք սպայի և թուրք զինվորների ձեռքով եղերական և բարբարոս ձևով սպանվել է բժիշկ Հովհաննես Թերզյանի հետ միասին։

Եղել է ամուրի։ Քույրը և փեսան՝ տեր և տիկին Լ. Լևոնյանները, տարագրության գողգոթայից վերապրելով, բնակություն են հաստատել ԱՄՆՄասաչուսեթսի Ուոթըրթաուն քաղաքում։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Ստամբուլ, 1919։
  • Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940),

Իսթանպուլ, 1940։

  • Սաարաֆեան Գ., Պատմութիւն Անթէպի հայոց, հ. Բ., Լոս Անճելըս, 1953։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965),պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
  • Քէստենեան Հ., Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն Շրջանաւարտ Եւ Մեծ Եղեռնին Նահատակուած Հայ Բժիշկներ, «Ազ­դակ», 0111-2012։