Լինչ Դևիդսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինչ Դևիդսոն
 
Կուսակցություն՝ Դեմոկրատական կուսակցություն
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հունվարի 3, 1873(1873-01-03)
Ծննդավայր Լուիզիանա, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 27, 1952(1952-01-27) (79 տարեկան)
Վախճանի վայր Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ

Լինչ Դևիդսոն (անգլ.՝ Lynch Davidson, հունվարի 3, 1873(1873-01-03), Լուիզիանա, ԱՄՆ - հունվարի 27, 1952(1952-01-27), Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, Տեխասի 26-րդ փոխնահանգապետ (1921-1923)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինչ Դևիդսոնը ծնվել է 1873 թվականի հունվարի 3-ին Քոթայլում, Լուիզիանա նահանգ՝ Նիլ և Լաուրա (ի ծնե՝ Լինչ, Lynch) Դևիդսոնների ընտանիքում։ Նրա հայրը շոտլանդական ծագման էր, իսկ մայրը՝ իռլանդական[2]։ Նրա ծնունդից հետո ընտանիքը տեղափոխվել է Տեխաս և բնակություն է հաստատել Գրոսբեկ քաղաքում։ Այդտեղ 1887 թվականին Լինչն ավարտել է դպրոցը[3]։

Դպրոցն ավարտելուց հետո Դևիդսոնը որոշել է դառնալ փայտարդյունաբերող։ Նա փորձում էր սովորել այդ ոլորտի բոլոր կողմերը, և Մեքսիկայում հինգ տարի աշխատել է որպես առևտրային գործակալ։ Դրանից հետո որոշել է զբաղվել սեփական բիզնեսով և 1896 թվականին Լարեդոյում բացել փայտի սեփական պահեստ[3]։

1897 թվականին Լինչ Դևիդսոնը տեղափոխվել է Հյուստոն և շարունակել է գործունեություն ծավալել անտառօգտագործման, փայտի մշակման և վաճառքի ուղղությամբ։ Վերջ ի վերջո 1921 թվականին այդ բոլոր ստորաբաժանումները միավորվել են Lynch Davidson and Company միասնական ընկերության մեջ[3]։

Զուգահեռաբար Դևիդսոնը սկսել է զբաղվել քաղաքական գործունեությամբ։ 1918 թվականին ընտրվել է Տեխասի ներկայացուցիչների պալատ և 1919 թվականին սկսել է իր աշխատանքը Տեխասի օրենսդրական ժողովում։ Նույն տարի նրան նշանակել են Տեխասի սենատոր` ավարտին հասցնելու Ռ․ Մ․ Ջոնսթոունի չվերջացրած ժամկետը։ Դևիդսոնը աշխատել է Տեխասի սենատում 1920 թվականից մինչև 1921 թվականի սկիզբը[3]։

1920 թվականին Դևիդսոնը որպես թեկնածու մասնակցել է Տեխասի փոխնահանգապետի ընտրություններին՝ Տեխասի ապագա նահանգապետ Փեթ Մորիս Նեֆի հետ միասին։ Նրանք հաղթանակ են տարել, և Դևիդսոնը աշխատել է փոխնահանագապետի պաշտոնում 1921 թվականի հունվարից մինչև 1923 թվականի հունվարը[3]։

Դրանից հետո Դևիդսոնը վերադարձել է Հյուստոն և նորից սկսել է զբաղվել բիզնեսով։ Նա շարունակում էր գլխավորել Lynch Davidson and Company, որը դարձել էր ԱՄՆ-ի հարավ-արևմուտքի փայտամշակման գլխավոր ընկերություններից մեկը։ Նա նաև գլխավորում էր երկու բանկ (Second National Bank և First Texas Joint Stock Land Bank)[3]։

Լինչ Դևիդսոնը մահացել է 1952 թվականի հունվարի 27-ին, Հյուստոնում՝ 79 տարեկան հասակում և հուղարկավորվել է Հոլիվուդի գերեզմանատանը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Lynch Davidson». Lieutenant Governors of Texas, 1846—present. Legislative Reference Library of Texas — www.lrl.state.tx.us. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 01.07.2013-ին.
  2. «Biography of Lynch Davidson (from American Lumberman magazine)». www.ttarchive.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Presiding Officers of the Texas Legislature (1846—2010)» (PDF). Texas Legislative Council — www.tlc.state.tx.us. 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 17-ին.
  4. «Lynch Davidson». www.findagrave.com. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինչ Դևիդսոն» հոդվածին։