Լախտախաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լախտախաղ, հայկական ավանդական խաղ, մրցախաղի տեսակ, որի նպատակն է ակտիվ ու ճարպիկ շարժուձևով կոփել երիտասարդներին, այս խաղին հատուկ են տարբեր հնարքներ, ինչպես՝ հետախուզում, թաքուն և բացահայտ հարձակում, շրջափակում ու պաշարում, մրցակցի առևանգում, գերեվարում և այլն։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լախտը թելերից հյուսված կամ կաշվից գոտի է, որը պարտադիր պետք է լիներ մասնակիցների մոտ խաղը կազմակերպելու համար[1]։

Լախտախաղն ունեցել է 2 տեսակ։ Մի դեպքում խումբը մրցում էր մեկ անձի հետ, մյուսում՝ երկու հավասար խմբեր էին մրցում։ Կողմերի մասնակիցների թիվը հաճախ կարող էր գերազանցել 10 հոգին։ Այս խաղերը ռազմական բնույթի էին, և խաղում էին միայն արական սեռի ներկայացուցիչները[2]։

Կենտ լախտախաղի դեպքում մեկ խաղացողը պաշտպանում էր հարձակվողների թվի քանակի լախտեր։ Լախտի պահողը հանդես էր գալիս որպես հսկիչ՝ պաշտպանվելով մի ամբողջ բանակի դեմ։ Երբ լախտը կամ չուրինգը(Ավստրալիական Արանդա ցեղում փայտե կամ քարե առարկա,որը զարդարում էին խորհրդանշական զարդերով, պահում էին գաղտնարանում և օգտագործում սրբազան արարողություններին[3]) խլում էին, պարտվողը դուրս էր գալիս խաղից։

Լախտախաղեր կազմակերպել են գարնանը Բարեկենդանի օրերին։ Ըստ Պ․ Պռոշյանի՝ բարձր խավի ներկայացուցիչները նույնպես լախտի են խաղացել,մասնակցել են նաև քահանաները։ Անընդհատ լարված ու ուշադիր լինելը, մրցակիցներին հետևելն ու հսկելը պահանջում էին արագաշարժություն և ճարպկություն։

Լախտախաղը հատկապես կոփում էր ոտքերը, առաջին հերթին սրունքները հաճախակի հարվածներից դառնում էին ավելի դիմացկուն։

Լախտախաղը կոպիտ բնույթն ու դրանում առկա ծեծը, բացատրվում է խաղի ռազմական բնույթով։ Խաղին բնորոշ տարրերը, օրինակ շրջանագիծը, Հայ ժողովրդական բանահյուսության մեջ պահպանվել է տարբեր օրինակներով, ինչպես օրինակ Գ․ Սրվանձտյանցի գրառած «Իմաստուն ջուլհակը» հեքիաթում[4]։ Այստեղ օտար արքայի կողմից ուղարկված ներկայացուցիչը գալիս և արքայի գահի շուրջ գիծ է քաշում, կանչում են իմաստուն ջուլհակին և նա լուծում է հանելուկը։ Շրջագիծը և խաղի մասնակից թիմերը պայքարող կողմեր են, իսկ խաղը ներկայացնում է ռազմական գործողությունների ընթացքը։ Պարտվողը շարքից դուրս էր մնում, ինչպես զոհված զինվորը։ Գծից դուրս բերված զինվորը գերի էր տարվում։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լախտը տանելու համար կային կանոններ․

  • Գլխարկներով շոշափում էին խաղացողների աչքերը կամ գլխարկները գցում էին գետնին, փոշոտված գլխարկներով հարվածում աչքերին, որը կոչվում էր «աչք առնել» կամ «խափ տալ»։
  • Երբ մի քանիսով պաշտպանվողին «խափ էին տալիս», երրորդը լինգով խփում էր նրա կողքին կամ այլ տեղ, այդպես տապալելով՝ լախտից հեռացնում։
  • Շեղակի հարվածում էին պաշտպանվողի սրունքներին և նրան գետնին տապալում։
  • Գծի միջից կամ դրսից հանկարծակի հարձակվում ու մեկին դուրս էին հանում՝գերի վերցնելով։

Եթե գերի ընկածի լախտը տանում էին, նա այլևս ներս գնալ չէր կարող, եթե պայմանն էր, որ մեկ լախտ տանելով պիտի հաղթեն, ուրեմն խաղն ավարտվում էր, իսկ եթե ոչ, խաղում էին մինչև բոլոր լախտերը տանելը, իսկ գերին այդ ընթացքում մնում էր գերեվարված։

  • Գլխարկով «աչքն առնում էին» ու ձեռքով հրում, լախտից հեռացնում։
  • Խաղացողներից մեկը ներսիններից մեկի հետ ձեռք էր տալիս, երբ խաղացողը գերվում էր, ներս քաշվողին խփում էին։
  • Լախտով հարվածների ուժը կոտրելու համար տաբատի տակից սրունքներին կապում էին փաթաթան։

Լախտախաղերի ժամանակ շատ մարդ էր հավաքվում, հանդիսատեսը բացականչություններով ու հորդորներով բորբոքում է խաղն ու ոգևորում մասնակիցներին։ Տարիքով ավագ հմուտ խաղացողները հաճախ միջամտում էին խաղի ընթացքին, եթե առաջանում էին վեճեր։ Նրանք դատավորի դեր էին ստանձնում ու արդար վճռով որոշում խաղի ելքը[5]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջղլախտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջղլախտին կամ ճղլախտին խաղացել են Կոտայքում, 17-50 տարեկն տղամարդիկ, 4-20 հոգանոց խմբերով, հիմնականում գարնանը՝ կալերում կամ ընդարձակ դաշտերում։ Երկու հոգի կանգնում են որպես գլխավոր, մյուսները բաժանվում երկու խմբի։ Երկու մայր կանգնածները լախտ են քաշում, ով խլեց, համարվում է հաղթող, մնում շրջագծից դուրս, իսկ մյուս խումբը մտնում է ներս։

Գծում են մի շրջագիծ՝ ջղիզ, որի մեջ խաղացողները դասավորվում են դեպքով դեպի դուրս, իրարից 1,5-2 մ հեռու, մի ոտքը շրջագծից դուրս, ոտքերի արանքում յուրաքանչյուրը փռում է իր լախտը, դրսինները կանգնում են նրանց դիմաց և ձգտում են խլել ներսինի լախտը։ Երբ բոլոր լախտերը փախցված են լինում, սկսում են դրանցով խփել ներսիններին։ Այնքան, մինչև ներսիններից մեկը կարողանում է դրսիններից որևէ մեկի ոտքին խփել, այդպես փոխվում են խմբերի տեղերը[6]։

Գծալախտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Գծալախտին լախտախաղի տեսակ է, այստեղ կարող են մասնակցել նաև աղջիկները։ Այս խաղում, երբ ներսինը կարողանում է դրսի խաղացողին ներս քաշել, բայց չի հաջողվում խփել, դրսինը խաղից դուրս է գալիս։ Բայց եթե կարողանում է ներսում նաև գոտկատեղից ներքև խփել, խմբերը տեղերով փոխվում են։

Երբ ներսի խաղացողներից որևէ մեկը խփում է դրսիններից մեկին, գոռում է՝ «ճղեց դո՜ւրս», ու բոլոր խաղացողները միասին դուրս են գալիս։ Լախտով խփում են պաշտպանների ոլոքներին՝ լախտը դուրս բերելու համար[7]։

Կարպետ լախտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղը խաղում են տղաները 6-20 հոգով, բաժանվում են երկու խմբի։ Թաց ու չոր անելով որոշում են նստող ու ծեծող կողմերին։ Նստող խումբը տեղավորվում էր կարպետի վրա և ծածկվում մեկ այլ կարպետով։ Հակառակորդ խմբի անդամներն ունեին լախտեր, դրանցով խփում էին նստածներին, իսկ վերջիններս փորձում էին հարվածել հակառակորդների ոտքերին։ Եթե կարողանում էին որևէ մեկի ոտքին խփել, խմբերը տեղերով փոխվում էին[8]։

Կենտ լախտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտ լախտին խաղում էին գարնանամուտին՝ ցանքսից առաջ։ Խաղը տարածված էր Ախալքալաքում։ Խաղում էին 5-10 հոգով՝ պատանի ու երիտասարդ տղաներով։

Գծում էին մի շրջան, թաց ու չոր անելով որոշում այն մեկին, ով մնալու էր գծի մեջ,մեկ թուրայի վրա, իսկ մյուսները մնում էին դրսում։ Թուրան փախցնողը բոլորին հրում էր գծից ներս ու սկսում ծեծել այնքան, մինչև ներսիններից մեկը կարողանում էր խփել նրա ոտքին։ Այդ մեկը դառնում էր թուրան պաշտպանող։ Թուրան պաշտպանողին դրսինները կարող էին խփել լինգերով, գլխարկներով, նաև հրել ու փախցնել թուրան։

Ընթերցե՛ք «թուրա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Շրջանաձև լախտի[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղը տարածված էր Զանգեզուրում, նաև Գորիսում՝ Ջղլախտի և Սիսիանում՝ Թոխկա կամ Թխկի անունով։ Ներսի խումբը ոլորում էին իրենց գոտիներն ու դնում շրջանի կենտրոնում։ Դրսի խումբը օգտագործում էր փափախները՝ լախտը տանելու նպատակով։ Հանկարծակիորեն էին հարձակվում,փախցնում լախտերն ու դրանցով ծեծում ներսինին այնքան, մինչև նա խփում էր դրսիններից մեկին։ Այսպես փոխում էին խմբերը[9]։

Կուժ կոտրուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կուժ կոտրուկը խաղացել են Նոր Բայազետում։

Պարանից շրջան էին պատրաստում, վիճակ հանում,ապա մեկը մտնում էր շրջանի մեջ, մյուսները աշխատում էին խփել, եթե ներսինը բռնում էր հարվածողին, հաղթում էր, նրանք տեղերով փոխվում էին։ Եթե պարանը բռնողները թողնում էին այն և փախչում, իսկ պարանն ընկնում էր գետնին, ներսինը վերցնում էր այն, հավաքում մձեռքի մեջ և նետում, եթե դիպչեր փախչողներից մեկին, նա էր մտնում պարանի մեջ[10]։

Քըթկովի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարադաղում խաղի համար գծում էին 5 մետր տրամագծով շրջան, քար էին պահում, ում ձեռքում որ մնում էր քարը, նրա գլխարկը դնում էին այդ շրջանագծի մեջտեղում, գլխարկի տերը դառնում էր պահակ, կանգնում 1 մ հեռու։ Մյուս խաղացողները փորձում էին քացիներով գլխարկը շրջանից դուրս գցել, իսկ գլխարկի պահակն աշխատում էր նրանցից մեկին քո տալ։ Եթե հաջողում էր, նրա գլխարկն էին մեջտեղ դնում և այդպես շարունակում[11]։

Քըթուլ փոսի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցները մի քար էին պահում, ում որ մնում էր այն, մտնում էր շրջանի մեջ։ Շրջանի տրամագիծը լինում էր սովորաբար 1մ։ Մասնակիցները նրան ծեծում էին շրջանից դուրս։ Եթե ծեծվողը կարողանում էր որևէ մեկին քո տալ, հաղթում էր և դերերով փոխվում էին[12]։

Մամու շոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս խաղատեսակը տարածված էր Վանում։ Խաղում էին մի խումբ տղաներ։ Նրանք մի մեծ լաթ էին դնում հրապարակի կենտրոնում, ապա պուճ գցելով մեկին դարձնում դրա պահապանը։ Մյուս խաղացողները սկսում էին հարձակվել պահապանի վրա, ծեծում ձեռքերով՝ փորձելով շորը ոտքով փախցնել։ Տեղերով փոխվում էին միայն այն ժամանկ, երբ հսկողը կարողանում էր ոտքով խփել հարձակվողներից մեկի ոտքին[13]։

Ընթերցե՛ք «պուճ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։

Դալլաք բորա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարբերակը տարածված էր Լոռիում։ Տղաները փոս էին փորում, մեկը մի ոտքը դնում էր փոսի մեջ, մյուսով փորձում էր հարվածել այն մասնակիցներին, որոնք մոտենում խփում էին ու փախչում։ Եթե կարողանում էր մեկին խփել, նա էր ոտքը դնում փոսի մեջ և խաղը շարունակում[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Եկեք խաղանք հայերեն, ձեռնարկ,ՀՀ ԿԳՄՍն, Վանաձոր , 2020։
  2. Վ․ Բդոյան, հայ ժողովրդական խաղեր, հ․2, Երևան, 1980, էջ 20։
  3. Վ․ Բդոյան, Հայ ժողովրդական խաղեր, հ․2, էջ 233։
  4. https://digilib.aua.am/book/1397/1696/12508/%D5%80%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BE%D6%8A%D5%B0%D5%B8%D5%BF%D5%B8%D5%BE, Գ․ Սրվանձտյանց, «Իմաստուն ջուլհալկը» հեքիաթ
  5. Վ․ Բդոյան, Ժողովրդական խաղեր, ձեռագիր, 1940-1956։
  6. Ն․Թորամանյան, Ժողովրդական խաղեր, ձեռագիր, 1952։
  7. Գ․Գրիգորյան, Ախուրյանի շրջանի Ազատան գյուղի խաղերը, 1952։
  8. Ն․ Թորամանյան, Ժողովրդական խաղեր, 1952, էջ 110։
  9. Ս․Մելքումյան, Գորիսի խաղերը, 1952։
  10. Ե․Լալայան, Ժողովրդական խաղեր, էջ 33։
  11. Օ․ Եգանյան, Ղարադաղի հայերի ազգագրությունը, Պատմության թանգարանի ազգագրության արխիվ, հ․648։
  12. Օ․ Եգանյան, Ղարադաղի հայերի ազգագրությունը, 1946։
  13. Վ․ Խանջյան, Վանա ժողովրդական խաղեր, Երևան, 1992։
  14. Ե․ Լալայան, Ժողովրդական խաղեր, էջ 42։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]