Իրանա-օմանական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանա-օմանական հարաբերություններ
Օման և Իրան

Օման

Իրան

Իրանա-օմանական հարաբերություններ՝ երկկողմ դիվանագիտական հարաբերություններ Իրանի և Օմանի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960-1970-ական թվականներին Իրանը ռազմական օգնություն է ցուցաբերել Օմանին Դոֆարի ապստամբության ժամանակ։ Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (1980-88) Իրանն ու Իրաքը գաղտնի բանակցություններ են վարել Մասկատում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրման շուրջ։ Չնայած համաձայնագիրը չստորագրվեց, բանակցությունները հանգեցրին կողմերի միջև անվստահության նվազմանը։ 1988 թվականից հետո Օմանը հանդես է եկել որպես միջնորդ Իրանի և Մեծ Բրիտանիայի, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար[1]։

Վերջին տասնամյակների ընթացքում Իրանի հետ Օմանի ավանդաբար լավ հարաբերությունները փոքր-ինչ փչացել են Պարսից ծոցում նավթային լցանավերի վրա իրանական հարձակումների և Իրանի կողմից Հորմուզի նեղուցի ափերին չինական արտադրության HY-2 հրթիռային արձակիչների տեղակայման պատճառով։ Ի պատասխան՝ Օմանի սուլթանությունը ուժեղացրել է իր ռազմական ներկայությունը Մուսանդամ մուհաֆազում, որը գտնվում է Իրանի տարածքից ընդամենը վաթսուն կիլոմետր հեռավորության վրա։ Թեև Իրանը թշնամանք չի ցուցաբերում, այն Օմանի համար թիվ մեկ ռազմավարական սպառնալիքն է։ Օմանի կառավարությունը կարծում է, որ Իրանի հետ առճակատման սպառնալիքը կարող է թուլանալ դիվանագիտական բանակցությունների միջոցով։ Այդ պատճառով Օմանի կառավարությունը փորձում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել ԱՄՆ-ի և Իրանի հետ հարաբերություններում։ Օմանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է արել, որ սուլթանությունը Թեհրանի հետ Վաշինգտոնի ուղիղ բանակցությունների հույս ունի, ինչը կօգնի լուծել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը։ Օմանի սուլթանությունը շեշտել է, որ հիմքեր չունի կասկածելու Իրանի այն հայտարարություններին, թե իր միջուկային ծրագիրը զուտ քաղաքացիական ուղղվածություն ունի[2]։

Օմանը Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի բոլոր պետություններից Իրանի հետ ամուր հարաբերություններ է հաստատել, քանի որ փորձում է խուսափել հյուսիսում իր խոշոր հարևանին ուղղակի հակազդեցությունից։ Օմանի պաշտոնատար անձինք այցեր են իրականացնում Իրան, իսկ Օմանի ոստիկանությունը և զինված ուժերը կապի բաց ուղիներ են պահպանում իրենց իրանցի գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ անօրինական արտագաղթի կասեցումը, մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի տարածման դեմ պայքարը։ Իրանը մանրակրկիտ վերահսկում է իր քաղաքացիների ուղևորությունները Օման։ Ընդհանուր առմամբ, երկրների միջև երկկողմ համագործակցությունը սահմանափակ բնույթ է կրում, իսկ տնտեսական և առևտրային կապերը նվազագույն են։ Սակայն կան նշաններ, որ երկրները փորձում են ամրապնդել իրենց երկկողմ հարաբերությունները։ Իրանը ձգտում է Օմանի հետ մեծացնել զբոսաշրջությունը, առևտուրն ու ներդրումները, ինչպես նաև ռազմական կապեր հաստատել այդ երկրի հետ։ Օմանի կառավարությունն այս նախաձեռնություններին դրական է արձագանքում, թեև զգուշությամբ[2][3][4]։

Առևտուր[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի առաջին 9 ամիսներին երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 390 մլն ԱՄՆ դոլար։ Իրանը Օման է արտահանել ավելի քան 700 000 տոննա երկաթ և պողպատ՝ 200 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Իրանի արտահանման մնացած մասը Օման՝ խեժ, պղնձի կաթոդ, նավթաքիմիական արտադրանք, սննդամթերք, մրգեր, բանջարեղեն և շինանյութեր։ Իրանը Օմանի 11-րդ խոշորագույն առևտրային գործընկերն է։ Երկրների միջև ապրանքաշրջանառությունը զգալի աճ է գրանցել 2013-2016 թվականներին՝ 148 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 540 մլն ԱՄՆ դոլարի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oman - Foreign Relations». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  2. 2,0 2,1 «Oman - Foreign Relations». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  3. «Why Iran and Oman are strengthening relations». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  4. «Iran, Oman resolute to grow banking relations - Mehr News Agency». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
  5. «Iran-Oman Non-Oil Trade Tops $390m in 9 Months | Financial Tribune». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.