Հորմուզի նեղուց (արաբերեն مضيق هرمز - Madīq Hurmuz, պարսկերեն تنگه هرمز - Tangeh-ye Hormoz), նեղ, աշխարհառազմավարական կարևոր նեղուց, որը հարավ-արևելքից միացնում է Օմանի ծոցը հարավ-արևմուտքում գտնվող Պարսից ծոցին։ Հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ Միացյալ Արաբական Էմիրություններին և Օմանի մի փոքր մասին։
Lloyd's ծովային վիճակագրական կենտրոնի տվյալներով, 2006 թվականին Հորմուզի նեղուցով անցել է համաշխարհային նավթի ծովային արտահանման 33%-ը։ Եթե հաշվի առնենք նավթաարտադրանքը, ապա աշխարհի նավթի ծովային արտահանման 40%-ը անցնում է Հորմուզի նեղուցով։
Անվանումը գալիս է Հորմուզ կղզուց։ Գոյություն ունի անվանման ծագման երկու տարբերակ։ Ամենաճանաչված տարբերակը դա պարսիկ թագավորների «Որմիզդ» անունն է (պարսկերեն՝ هرمز - Hormoz)։ Տեղաբնակները մինչև հիմա նեղուցը ու կղզին անվանում են Հորմուզ, որը ծագել է պարսկերեն هورمغ (Hur-mogh) բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «արմավենի»[2]։
Նեղուցի երկարությունը կազմում է 195 կիլոմետր, իսկ ամենանեղ հատվածի լայնությունը մոտ 54 կիլոմետր է։ Խորությունը հասնում է 229 մետրի։ Նեղուցը բաժանված է երկու տրանսպորտային ուղիների, որոնցից յուրաքանչյուրի լայնությունը մոտ 2,5 կիլոմետր է, և որոնք իրարից բաժանված են 5 կիլոմետր լայնությամբ բուֆերային գոտով։ Ներկայումս նեղուցը հանդիսանում է միակ ծովային ճանապարհը, որը թույլ է տալիս Պարսից ծոցի երկրներում արդյունահանվող գազն ու նավթը արտահանել երրորդ երկրներ՝ մասնավորապես Ճապոնիա, ԱՄՆ և Արևմտյան Եվրոպայի երկրներ։
Պարսից ծոցի և Հորմուզի նեղուցի առաջացումը երկրակեղևի տեղաշարժերի արդյունք է շատ վաղ անցյալում։ Մոտ 500 միլիոն տարի առաջ (նախաքեմբրիական ժամանակաշրջանում) Երկրի պինդ շերտը ներկայացնում էր միասնական ցամաք։ Երկրակեղևի շարժման և առաջացած ճեղքերով ջրերի ներթափանցման շնորհիվ աստիճանաբար ձևավորվեցին մայրցամաքներն ու օվկիանոսները[3]։ Մոտ 45 միլիոն տարի առաջ, երկրաբանական դարաշրջանի սկզբում, որը կոչվում է էոցեն (պալեոգենի շրջանի միջին հատված), առաջացավ Օմանի ծոցը, իսկ մոտավորապես 35 միլիոն տարի առաջ՝ էոցենի և օլիգոցենի սահմանագծին, Օմանի ծոցի ճեղքը ավելի է լայնացել, և դրա շարունակությունը միացրել է Պարսից ծոցը Օմանի ծոցին[4]։
Հորմուզի նեղուցն ունի կիսալուսնի ձև և իր ուռուցիկ կողմով ուղղված է դեպի Իրանական բարձրավանդակի ներքին մասը, որի արդյունքում նրա ափերի մեծ մասը գտնվում է Իրանի տարածքում։ Այս ձևը ցույց է տալիս, թե ինչպես է ջուրը ներթափանցում ցամաքի մեջ և Պարսից ծոցի «պարանոցի» հատվածում ձևավորում ծովախորշ։ Հորմուզի նեղուցի հարավային ափը, որը ներկայացված է Արաբական թերակղզու ցամաքի ներս ընկնող ելուստով, ձևավորում է Մուսանդամ թերակղզին։ Նրա հյուսիսային մասը հայտնի է նույն անունով և պատկանում է Օմանին։
Այս նեղուցի երկարությունը կազմում է մոտ հարյուր ծովային մղոն, իսկ ամենանեղ հատվածը Իրանի և Օմանի միջև հավասար է 21 մղոնի և միացնում է Իրանի Լարակ կղզին (հյուսիսում) Օմանի Մեծ Կուվայն կղզուն[5]։ Իրանի և Օմանի միջև սահմանների վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է 1974 թվականի հուլիսի 20-ին և ուժի մեջ է մտել 1975 թվականի մայիսի 28-ին։ Այդ պայմանագրի հիման վրա սահմանային գծի երկարությունը, որը ձգվում է Օմանի ծոցի հյուսիսից մինչև Պարսից ծոցի հյուսիս-արևելք, կազմում է 124,8 մղոն։ Այս սահմանային գիծը իրականում հանդիսանում է գիծ, որը Հորմուզի նեղուցը բաժանում է երկու հավասար մասերի։ Այն որոշված է՝ հաշվի առնելով նեղուցի հյուսիսային և հարավային ափերի ելակետային գծերը, և այդ գծից հեռավորությունը երկու կողմերի նկատմամբ նույնն է։ Միակ բացառությունը վերաբերում է մոտ տասնհինգ մղոն երկարությամբ հատվածին՝ Իրանի Լարակ կղզու և Օմանի Մեծ Կուվայն (Կուվայն-Քաբիր) կղզու միջև, որտեղ երկու երկրների 12 մղոն տարածքային ջրերը հատվում են միմյանց հետ[5]։ Այս նեղուցում գտնվում է Կեշմի շրջանը, որը բաղկացած է չորս կղզիներից՝ Կեշմ, Հորմուզ, Լարակ և Հենգամ։ Այն, ինչպես նաև Մեծ Թոմբ և Աբու Մուսա կղզիները, ձևավորում են Իրանի պաշտպանական գիծը[6]։ Քաղաքական կարևորության տեսանկյունից Հորմուզի նեղուցը մշտապես գրավել է ուշադրություն, և նույնիսկ դրա կղզիները երկար տարիներ գտնվել են գաղութային ուժերի օկուպացիայի տակ։ Այս նեղուցը մեր ժամանակների կենսական նշանակություն ունեցող համաշխարհային ջրային ուղիներից մեկն է։ Նրա միջոցով իրականացվում է տարբեր երկրների նավթային պահանջների մեծ մասի ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանի ծովային փոխադրումները։ Ռազմական տեսանկյունից Պարսից ծոցի երկրների կապը Օմանի ծոցի և Հնդկական օվկիանոսի հետ նույնպես պատճառ է դարձել, որ այս տարածքը դիտարկվի որպես ռազմավարական գործողությունների կարևոր շրջան։ 1974 թվականին Իրանի և Օմանի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ երկու երկրներն էլ համատեղ պատասխանատվություն են կրում այս նեղուցի պաշտպանության և նավերի տեղաշարժի վերահսկման համար[7][8]։
Բախումների ռիսկը նվազեցնելու համար նավերը, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով, հետևում են նավարկության բաժանման սխեմային (TSS)։ Պարսից ծոց մտնող նավերը օգտագործում են մեկ շարժման գոտի, իսկ դուրս եկողները՝ մյուսը։ Յուրաքանչյուր գոտու լայնությունը կազմում է մոտ երկու ծովային մղոն։ Այս գոտիները բաժանված են միմյանցից «մեդիանա» կոչվող միջանկյալ գոտով, որի լայնությունը նույնպես մոտ երկու ծովային մղոն է[9]։
Նեղուցը հատելու համար նավերը անցնում են Իրանի և Օմանի տարածքային ջրերով՝ համաձայն ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիայով սահմանված տարանցիկ անցման դրույթների[10]։ Թեև ոչ բոլոր երկրներն են վավերացրել այդ կոնվենցիան[11], այնուամենայնիվ երկրների մեծ մասը, ներառյալ ԱՄՆ-ը[12], ընդունում են այդ նավարկության կանոնները, որոնք օրինակարգված են կոնվենցիայում։ 1959 թվականի ապրիլին Իրանը փոխեց նեղուցի իրավական կարգավիճակը՝ ընդլայնելով իր տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն (22 կմ) և հայտարարելով, որ ընդունում է միայն «խաղաղ անցման» միջոցով տարանցումը այդ նոր ընդլայնված գոտում[13]։ 1972 թվականի հուլիսին Օմանը նույնպես իր հրամանագրով ընդլայնեց տարածքային ջրերը մինչև 12 ծովային մղոն (22 կմ)[13]։ Այսպիսով, 1972 թվականի կեսերին Հորմուզի նեղուցը ամբողջությամբ «փակվեց» Իրանի և Օմանի համակցված տարածքային ջրերով։ 1970-ականների ընթացքում ո՛չ Իրանը, ո՛չ էլ Օմանը չեն փորձել խոչընդոտել ռազմական նավերի անցումը նեղուցով։ Սակայն 1980-ականներին երկու երկրներն էլ առաջ քաշեցին պահանջներ, որոնք տարբերվում էին նախկինում ընդունված միջազգային իրավական նորմերից։ 1989 թվականի օգոստոսին ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիան վավերացնելուց հետո Օմանը ներկայացրեց հայտարարություններ, որոնցով հաստատում էր իր 1981 թվականի թագավորական հրամանագիրը։ Դրա համաձայն՝ իր տարածքային ջրերով թույլատրվում էր միայն «խաղաղ անցում»։ Նաև նշվում էր, որ օտարերկրյա ռազմական նավերի համար Օմանի տարածքային ջրերով անցնելու դեպքում անհրաժեշտ է նախապես ստանալ համապատասխան թույլտվություն[13]։1982 թվականի դեկտեմբերին Կոնվենցիայի ստորագրումից հետո Իրանը ներկայացրեց հայտարարություն, ըստ որի՝ «միայն ծովային իրավունքի կոնվենցիայի մասնակից պետությունները իրավունք ունեն օգտվելու այնտեղ սահմանված պայմանագրային իրավունքներից», ներառյալ «միջազգային նավարկության համար օգտագործվող նեղուցներով տարանցիկ անցման իրավունքը»։ 1993 թվականի մայիսին Իրանը ընդունեց ծովային տարածքների վերաբերյալ համապարփակ օրենք, որի որոշ դրույթներ հակասում են ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային։ Այդ թվում՝ պահանջվում է, որ ռազմական նավերը, սուզանավերը և ատոմային նավերը նախապես թույլտվություն ստանան՝ Իրանի տարածքային ջրերով խաղաղ անցում իրականացնելու համար։ Միացյալ Նահանգները չի ճանաչում ո՛չ Օմանի, ո՛չ էլ Իրանի այս պահանջներից որևէ մեկը և վիճարկում է դրանցից յուրաքանչյուրը[13]։
↑Хафезния, Мохаммад Реза Персидский залив и стратегическая роль Ормузского пролива.— Тегеран: Самт, 1992.— С.161, 165.
↑Мостуфи Ахмад Персидский залив и обстоятельства его возникновения. Семинар, посвященный Персидскому заливу т. 1.— Тегеран: Главное управление радио, 1962.— С.4.
12Моджтахедзаде Пируз Страны и границы в геополитическом регионе Персидского залива. 1-е издание / перевод и редакция: Хамид Реза Малекмохаммади Нури.— Тегеран: Министерство иностранных дел (Институт политических и международных исследований), 1994.— С.81.
↑Бахтияри Маджид Подробный справочник по Ирану, провинция Хормозган. Т. 22, 1-е издание.— Тегеран: Географическое и картографическое издательство «Гиташенаси», 2001.— С.23—24.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 590)։