Իվան Գորեմիկին
Իվան Լոգինովիչ Գորեմիկին (ռուս.՝ Ива́н Лóггинович Горемы́кин, Ivan Logginovič Goremykin, նոյեմբերի 8, 1839[2], Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 24, 1917[1], Սոչի, Black Sea Governorate, Ռուսական հանրապետություն), ռուս պահպանողական քաղաքական գործիչ, ով 1906 թվականին և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1916 թվականներին) եղել է Ռուսաստանի վարչապետը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1839 թվականի նոյեմբերի 8-ին, ազնվականների ընտանիքում: 1860 թվականին ավարտել է Իրավագիտության կայսերական դպրոցը և Սանկտ Պետերբուրգում դարձել փաստաբան: Ռուսական Սենատում Գորեմիկինը դառնում է Լեհական թագավորությունում գյուղատնտեսության հարցերով պատասխանատու: 1866 թվականին նշանակվում է Պլոցկի, իսկ 1869-ին՝ Կելցեի փոխքաղաքապետ: 1891 թվականին նշանակվում է արդարադատության փոխնախարար՝ համարվելով «գյուղացիական հարցեր»-ում մասնագետ:
Մեկ տարի անց տեղափոխվում է Ներքին գործերի նախարարություն և 1895-1899 թվականներին ղեկավարում այն: Գորեմիկինը Նիկոլայ Երկրորդ ցարի հավատարիմ աջակիցն էր և հետևաբար պահպանողական քաղաքականություն էր վարում: 1897 թվականին Գորեմիկինը կամ նրա ղեկավարած նախարարությունը արտաքսում են Վլադիմիր Չերտկովին, ով տոլստոյական շարժման առաջնորդներից էր[3]: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը ղեկավարելու տարիներին Գորեմիկինը Ցարին ներկայացրեց մի առաջարկ, որը ենթադրում էր վարչական բարեփոխումներ և զեմստվո ծրագրի ընդլայնում: Ծրագիրը չընդունվեց, և արդյունքում 1899 թվականին նա պաշտոնաթող եղավ, իսկ ահա 1906 թվականին դարձավ վարչապետ: Առաջին Դումայի պահանջած քաղաքական բարեփոխումներին կտրուկ դեմ լինելու պատճառով նա չկարողացավ համագործակցել դումայի հետ և 1906 թվականի հուլիսին հրաժարական տվեց: Նրան հաջորդեց Ներքին գործերի նախարար Պյոտր Ստոլիպինը, ով ավելի երիտասարդ էր և ավելի ազդեցիկ: Մի քանի տարի անց Ցարը ետ կանչեց Գորեմիկինին, ով կրկին դարձավ Նախարարների խորհրդի նախագահ (վարչապետ) 1914 թվականի ապրիլից մինչև 1916 թվականի փետրվար: Սակայն ո՛չ Պետական Դուման, ո՛չ էլ Նախարարների խորհուրդը չէին ընդունում Գորեմիկինին, և այդ թշնամական վերաբերմունքը մեծապես թուլացնում էր նրա կառավարման արդյունավետությունը: Նա ինքը այս ամենը շատ լավ գիտակցում էր և Նիկոլայ Երկրորդին խնդրում, որ իր փոխարեն ավելի ժամանակակից հայացքների տեր մեկին նշանակի վարչապետի պաշտոնում: Գորեմիկինի ցանկությունն իրականացավ 1916 թվականի փետրվարի սկզբին, երբ նրան փոխարինեց Բորիս Շտյուրմերը: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո Գորեմիկինը ձերբակալվում է: Մայիսին Կերենսկին համաձայնում է նրան ազատ արձակել, եթե թոշակի անցնի և հեռանա ապրելու Սոչիի իր ամառանոցում: 1917 թվականի դեկտեմբերի 24-ին ընտանիքը ենթարկվում է ավազակային հարձակման, ինչի արդյունքում սպանվում են Գորեմիկինը, նրա կինը, դուստրը և փեսան: