Իպանետտ Մբեկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իպանետտ Մբեկի
Ծնվել էփետրվարի 16, 1916(1916-02-16)
ԾննդավայրՄաունթ Ֆլետչեր, Elundini Local Municipality, Ջո Գքաբիի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ
Մահացել էհունիսի 7, 2014(2014-06-07) (98 տարեկան)
Մահվան վայրԻստ-Լոնդոն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունԱդամս քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինԳովան Մբեկի
ԵրեխաներՏաբո Մբեկի և Moeletsi Mbeki?

Իպանետտ Մբեկի (աֆրիկաանս՝ Epainette Mbeki, ծննդյամբ Նոմակա Իպանետտ Մոերանե (աֆրիկաանս՝ Nomaka Epainette Moerane), հայտնի է որպես «ՄաՄբեկի», փետրվարի 16, 1916(1916-02-16), Մաունթ Ֆլետչեր, Elundini Local Municipality, Ջո Գքաբիի քաղաքային շրջան, Արևելյան Կապ, ՀԱՀ - հունիսի 7, 2014(2014-06-07), Իստ-Լոնդոն, Բուֆալո Սիթի, Արևելյան Կապ, ՀԱՀ), քաղաքական գործիչ, ապարտհեյդի դեմ պայքարի մարտիկ։ Հայտնի է բնակիչների կյանքի որակը բարելավելու իր ջանքերով[1]։

Քաղաքական ակտիվիստ Գովան Մբեկի կինը, ՀԱՀ-ի նախկին նախագահ Տաբո Մբեկիի և տնտեսագետ Մոելետսի Մբեկիի մայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոմակա Իպանետտ Մոերանեն առաջադեմ քրիստոնյա ֆերմերներ Ջականե և Սոֆի Մոերաների ընտանիքում յոթ երեխաներից վեցերորդն էր, ծնվել է 1916 թվականի փետրվարի 16-ին Մաունթ-Ֆլետչերում[2]։ Ամեն առավոտ նա թռչուններին քշում էր սորգոյի հայրական դաշտերից, հետո գնում դպրոց, վերադառնում և նորից զբաղվում այդ գործով։ Նա դա նշում էր որպես աշխատասիրության օրինակ, որն ինքը պահպանել էր 90 տարի և սովորեցնում էր մյուսներին։ Իպանետտն ավարտելով «Lovedale» դպրոցը՝ սկսում է դասավանդել Դուրբանի[3] մոտ գտնվող Ադամս քոլեջում։ Այստեղ նրա գործընկեր ուսուցիչն էր Գովան Մբեկին։

Հասարակական և քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականին Բետտի դյու Տուան ՄաՄբեկիին ներգրավում է Հարավաֆրիկյան կոմունիստական կուսակցության աշխատանքների մեջ և նա դառնում է կուսակցության աշխատանքներին միացած երկրորդ սևամորթ կինը Ջոզի Պալմերից հետո։ Նա կամավորական հիմունքներով աշխատում է Դուրբանի Երեխաների պաշտպանության կազմակերպությունում, օժանդակում է բոյկոտի գործողությունների կազմակերպմանը, թղթակցում է «Inkululeko» թերթին (ՀԱԿԿ տպագիր օրգան), և սովորում կուսակցության երեկոյան դպրոցում[4]։

1940 թվականի հունվարին նա ամուսնացավ Գովան Մբեկի հետ և նրանք վերադարձան Մբեվուլենի, որպեսզի օգնեն աղքատ գյուղացիներին կրթություն ստանալու։ Նրանք ապրում էին մի շրջանում, որտեղ ոչ հոսանք կար, ոչ էլ ջուր։ Ջուր բերելու համար ՄաՄբեկին ստիպված էր օրական կտրել մի քանի կիլոմետր։ Հետագայում նրանք թույլտվություն ստացան ստեղծել առևտրի կետ, որն էլ դարձավ նրանց գոյության միջոցների աղբյուրը։ Մինչ ամուսինը մասնակցում էր քաղաքական գործունեությանը, ՄաՄբեկին աշխատում էր խանութում և մեծացնում չորս երեխաներին, Լինդային (մահացել է 2003 թվականին), Տաբոյին, Մոելետսին և Ջամային (սպանվել է Լեսոտոյում 1982 թվականին)։ Միաժամանակ նա եղել է կանանց ինքնօգնության «Zenzele» շարժման ակտիվ անդամներից, Աֆրիկյան Ազգային առևտրա-արդյունաբերական պալատի հիմնադիրներից մեկը և երկար տարիներ Դուտիվում գյուղատնտեսական ցուցահանդեսի քարտուղարը։

1964 թվականին Ռիվոնիի դատարանը նրա ամուսնուն դատապարտեց ցմահ ազատազրկման, իսկ երեք որդիները աքսորվեցին, ՄաՄբեկին մեծ դժվարություններ էր կրում գտնվելով իշխանությունների հետապնդումների ներքո։ 1974 թվականին ՄաՄբեկին Մբեվուլենից տեղափոխվում է Դուտիվա քաղաքից ոչ հեռու գտնվող Նգսինգվանե։ Այստեղ նա վերսկսեց իր խանութի աշխատանքը և շարունակեց ակտիվ գործունեություն իրականացնել իր համայնքի սոցիալական զարգացման ուղղությամբ[5]։

1987 թվականին Գովան Մբեկին ազատ արձակվեց, բայց ընտանիքը այդպես էլ չվերամիավորվեց։

Վերջին տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա բնակվում էր Դուտիվա քաղաքից ոչ հեռու գտնվող Նգսինգվանե գյուղում, որտեղ մեծ հարգանք էր վայելում, մարդկանց կյանքի որակի բարելավման ուղղությամբ տարվող ջանքերի շնորհիվ։ Գիլլիան Ռեննին իր «Raising Thabo» գրքում նշում էր, որ «նա նման չէր այն թոշակառուներին, ովքեր ստանալով թոշակը ասում էին, «Թույլ տվեք ինձ գոլֆ խաղալ և ձուկ որսալ»։ Ծեր կինը համեստ մարդ էր»[1]։ Մբեկին ղեկավարում էր մարգարտագործական ծրագիր, որի հովանու ներքո գործում էր ավանդական աֆրիկյան արվեստի «Khanyisa» կոոպերատիվը, որն էլ հանդիսանում էր գյուղի 24 կանանց ապրուստի միջոցը։ Նա զգալի աշխատանքներ էր տանում Լինդա Մբեկի անվան հիվանդանոցում ՁԻԱՀ-ով հիվանդների բուժման ուղղությամբ, որը բացվել էր Մբևուլենիում գտնվող Մբեկի ընտանիքին պատկանող նախկին տանը, 2005 թվականին մահացած դստեր հիշատակին։ Մբեկին իր հովանավորության տակ էր վերցրել Կոմգայի մանկատունը և Նոմակա Մբեկիի անվան տեխնիկական միջնակարգ դպրոցը։

Նա մեծ նշանակություն էր տալիս կրթությանը, Տրանսկեյում հողային ռեֆորմի իրականացման ակտիվ կողմնակիցներից էր, առանձնապես հիացած չէր քաղաքականությամբ, «Ես չէի ուզում դառնալ խորհրդարանի անդամ։ Դուք պետք է ապրեք ժողովրդի մեջ և տեղյակ լինեք նրա վիճակից։ Վարչապետ Մակլեկեզին ասում էր. «Ես կարծում եմ, որ դուք պատկանում եք իմ կառավարությանը»։ Իսկ ես ասում եմ «Ոչ, դա ճիշտ չէ, երբ ես հասնեմ այնտեղ, որպես մարդ ինձ համար ձանձրալի կլինի։ Ես պարզապես կձանձրանամ»։ Նրա որդին Տաբոն իր քաղաքական հաջողությունների մեծ մասը վերագրում էր իր մոր իմաստությանը, բայց նա համաձայն չէր նրա հետ, «Ես դա իմաստություն չեմ համարի, դա վերաբերմունք է, վերաբերմունք իր նկատմամբ։ Նա սկսում էր մոռանալ էգոյի մասին և լսում էր յուրաքանչյուր մարդու։ Դա իրոք այն է ինչ պետք է անել, ես կարծում եմ որ նա կարող է։ Ես կարծում եմ, որ նա կարողացել է դա անել»[1]։

2006 թվականին նա պարգևատրվեց Բաոբաբի շքանշանով «Արևելյան Կապ նահանգի անօթևանների տնտեսական վիճակի բարելավման և ապարտհեյդի դեմ պայքարում ունեցած բացառիկ ներդրումների համար»[6]։

Երբ 2008 թվականին Տաբո Մբեկին պաշտոնանկ արվեց, նա կատաղիորեն քննադատեց Զումային և հրապարակավ պաշտպանեց իր որդուն։ Ավելի ուշ նա ասաց, որ հրավիրվել էր Զումուի երդմնակալությանը, որին պատասխանել էր «ինչպես կարող է նա սպասել ինձ, երբ նա պաշտոնանկ է արել իր որդուն»։

2014 թվականի հունվարին լրագրողներին տված հարցազրույցում ՄաՄբեկին ասել է, որ եթե ինքն ավելի երիտասարդ լիներ, կնախընտրեր իր ձայնը տալ Ջուլիուս Մալեմին և նրա Տնտեսական ազատության համար պայքարող մարտիկներ կուսակցությանը, բայց այնուամենայնիվ իր ձայնը տալիս է Աֆրիկյան ազգային կոնգրեսին։ Մեկնաբանելով Զումայի անձը նա ասել է՝

Ես անձամբ ոչինչ չունեմ Զումայի դեմ։ Ես նրան համարում եմ իմ որդին։ Ժամանակի մեծ մասը նա պատասխանատու չէ իր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների համար։ Նա համարվում է երկիրը կառավարող հզոր խառնախմբի խոսափողը։ Այդ խառնախումբը գոյություն ունի, բայց ես չեմ կարող ասել, թե ովքեր են գտնվում դրա կազմում։ Դրանք մի քանի մարդիկ են, որոնք կառավարում են երկիրը, սակայն դա ճիշտ չէ։ Մենք գոյություն ունենք միայն կենսաթոշակի հատկացման և քվեարկության համար։ Հակառակ դեպքում մեզ չեն հաշվառի։ Մենք մեր հայացքներն արտահայտելու այլ ելք չունենք։ Նոր ժողովրդավարական համակարգի պայմաններում, սովորական ցածր կարգի մարդիկ արհամարհվում են, քանի որ հիմնական շեշտադրումը կատարվում է վերնախավի վրա[7]։

Մայիսի 25-ին նրան տեղափոխում են հիվանդանոց թոքերի բորբոքման և սրտի խնդիրներով։ Հետագայում նրա վիճակը վատթարանում է[8][9]։

Մահ և հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իպանետտ Մբեկին մահանում է հունիսի 7-ին, Արևելյան Կապի նահանգի Իստ Լոնդոնի Սուրբ Դոմինիկի մասնավոր հիվանդանոցում։ Հուղարկավորության պաշտոնական արարողությունը տեղի է ունենում Դուտիվում հունիսի 14-ին, իջեցվում են Արևելյան Կապի նահանգի բոլոր քաղաքների ազգային դրոշները։ ՀԱՀ նախագահ Ջեյկոբ Զուման ասել է. «Այս պահին մենք ցանկանում ենք կառավարության և ողջ հարավաֆրիկացիների անունից, մեր խորին ցավակցությունը և ազգի զորակցությունը հայտնել Մբեկի ընտանիքին»։ ԱԱԿ-ի գլխավոր քարտուղար Գվեդե Մանթաշեն ՄաՄբեկիին բնութագրեց որպես ոժեղ կամային անձնավորություն, որն ապրել է դժվարին պայմաններում և զոհաբերել իրեն ու իր զավակներին մեր շարժման գործի համար։ ՀԱԿԿ գլխավոր քարտուղար Բլեյդ Նզիմանդեն ասել է, որ Մբեկիին կհիշեն իր մարտական ոգու համար, քանի որ նա իրենից ուժ էր ներկայացնում, որի հետ չէին կարող հաշվի չնստել, հատկապես երբ խոսքը ապարտհեյդի օրերին մարդկանց իրավունքների պաշտպանության մասին է։ Հարավաֆրիկյան արհմիությունների կոնգրեսի նախագահ Սդումո Դլամինին ասել է, որ ՄաՄբեկին իր կյանքը տվեց բոլոր հարավաֆրիկացիների համար։ Նելսոն Մանդելայի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը իր հայտարարությամբ խորին ցավակցություն էր հայտնում Մբեիկի ընտանիքին, մասնավորապես նշելով.

Նելսոն Մանդելան 1974 թվականին բանտից գրած նամակում ասել է «Հարավային Աֆրիկան նշանավոր կանանց հարուստ բերք է ունեցել, որոնք մեր պատմության մեջ յուրահատուկ դեր են խաղացել»։ ՄաՄբեկին այդպիսի կանանցից մեկն էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gevisser, Mark. A Legacy of Liberation: Thabo Mbeki and the Future of the South African Dream. — N. Y., NY: Palgrave Macmillan, 2009.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Rennie, Gillian: Raising Thabo (Fair Lady, 2006).
  2. The world of Epainette Mbeki: A mother and a comrade to the end | National | National | Mail & Guardian
  3. Gumede, William Mervin (2007). Thabo Mbeki and the battle for the soul of the ANC (Rev. ed. ed.). Cape Town: Struik. էջ 38. ISBN 1770070990. {{cite book}}: |edition= has extra text (օգնություն)
  4. «Epainette Mbeki dies». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  5. Epainette Nomaka Mbeki
  6. «The Presidency | Epainette Mbeki (1916-)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  7. «Epainette Mbeki: I'd vote for EFF if I was still young - City Press». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 8-ին.
  8. Priceless gift: South Africa mourns Epainette Mbeki | National | National | Mail & Guardian
  9. «Zuma wishes Ma Mbeki speedy recovery | News24». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.