Իգնատենկոյի փողոց (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգնատենկոյի փողոց
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա
Նախկին անվանումԵլիզավետայի փողոց
Կոմունալնայա փողոց

Իգնատենկոյի փողոց (ռուս.՝ Улица Игнатенко), փողոց Ղրիմի Յալթա քաղաքում։ Անվանվել է ի պատիվ Յալթայի ռազմական հեղափոխական հանձնաժողովի նախագահ և քաղաքային խորհրդի առաջին նախագահ Վասիլի Իգնատենկոյի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յալթան հիմնադրվել է հին ժամանակներում հույն գաղութարարների կողմից։ Սուրբ Հովհանի հրվանդանում եղել է Պոլիկուր (այստեղից էլ՝ Պոլիկուրյան բլուր) բնակավայրը։ Ներկայիս «Սպարտակ» կինոթատրոնի տարածքում կար Ֆարֆորա փոքրիկ գյուղը։ Անտոն Չեխովի տան մոտ Աուտկա գյուղն էր։ Այնտեղ, որտեղ այժմ «Օկտյաբր» կինոթատրոնն է, սկսվում էր Դերեկոյ գյուղը, իսկ տրոլեյբուսային կայանի վերևում, լեռներին մոտ, տեղակայված է Այ Վասիլ (այժմ՝ Վասիլևկա) գյուղը։ Այժմ այս բոլոր նախկին գյուղերը գտնվում են քաղաքի տարածքում։ Երբ այդ բնակավայրերը հայտնվեցին, փողոցները դեռ անուններ չունեին։ Բայց աստիճանաբար այդ բնակավայրերն ընդլայնվեցին, սկսեցին ձևավորվել փողոցները[2]։

1837 թվականի սեպտեմբերին Ղրիմում ճամփորդելու ժամանակ թագաժառանգ Ալեքսանդր Նիկոլաևիչին ուղեկցող Ս. Ա. Յուրևիչի «Ճանապարհային նամակներ» գրքում նկարագրվում է Յալթայի առաջին փողոցի ձևավորումը։ 1823 թվականին 1812 թվականի հայրենական պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ իշխան Միխայիլ Սեմյոնովիչ Վորոնցովը նշանակվում է Նովոռոսիյսկի երկրամասի գեներալ-նահանգապետ։ Նշանակումից անմիջապես հետո նա հողեր է ձեռք բերում Յալթայում, Մասանդրայում, Գուրզուֆում, Այ Դանիլեում, Ալուպկայում, որտեղ կառուցում է պալատ[2]։

Վորոնցովի հրամանով սկսվում է Սիմֆերոպոլից դեպի Ղրիմի հարավային ափ (դեպի Յալթա և Սևաստոպոլ) մայրուղու շինարարությունը։ Կառուցվում են Յալթայի քարե ծովապատնեշը, մաքսակետը, կարանտինային ուղեկալը, հիվանդանոցը։ Հիմնադրվում է Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցին։ 1837 թվականին ճանապարհային գիծը Սիմֆերոպոլից բերվում է Յալթա։ 1837 թվականի սեպտեմբերի 30-ին Միխայիլ Վորոնցովի հրավերով կայսր Նիկոլայ I-ը կնոջ և թագաժառանգի հետ ժամանում է Յալթա[2]։

Միապետը Յալթայի միակ փողոցով ուղևորվում է Սուրբ Հովհան Ոսկեբերան եկեղեցի։ Նիկոլայ I-ը հետաքրքրվում է, թե ինչ է այս փողոցի անունը։ Ոչ ոք չի կարողանում պատասխանել այդ հարցին, քանի որ այն անուն չուներ։ Այնուհետև Վորոնցովի շքախմբից մեկն ասում է. «Ելիզավետայի»։ Այսպես քաղաքի առաջին փողոցներից մեկը ստանում է իր անունը։ Ելիզավետա էր Վորոնցովի կնոջ անունը[2]։

Այժմ նախկին Ելիզավետայի փողոցը «Ղրիմ» հյուրանոցից տանում է դեպի Ռադինի անվան հրապարակ և ավարտվում է նավաստիների ակումբի շենքի մոտ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն վերանվանվել է Կոմունալնայա փողոց, ապա՝ Վ. Ա. Իգնատենկոյի՝ ի պատիվ Յալթայի ռազմական հեղափոխական հանձնաժողովի նախագահ և քաղաքային խորհրդի առաջին նախագահի[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «ул. Игнатенко — первая улица Ялты». Վերցված է 2019 Փետրվար 12-ին.