Ժողովրդագրական հիմնախնդիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Ժողովրդագրական հիմնախնդրի էությունը առաջին հերթին կապված է բնակչության աճի բարձր տեմպերի հետ, որոնք հանգեցնում են նրանց՝ պարենով, բնակարանով, աշխատանքով, կրթությամբ ապահովելու խնդիրներով, մեծանում է բնակչության խտությունը հատկապես խոշոր քաղաքներում, ավելանում է բնական միջավայրի նկատմամբ ճնշումը, աճում են հիվանդություննների քանակը, սրվում է քրեածին իրադրությունը և այլն։ Այս հիմնախնդիրն ունի առանձնահատուկ կարևորություն, քանի որ նրա լուծումից է մեծապես կախված է համաշխարհային մի շարք հիմնախնդիրների լուծումը։

Հիմնախնդրի էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս աշխարհի բնակչությունը արագորեն աճում է։ Եթե նախկինում բնության նկատմամբ մեծ կախվածության պատճառով աշխարհի բնակչությունը դանդաղորեն էր աճում, ապա այժմ կապված առողջապահության զարգացման հետ մեծացել է մարդկանց կյանքի միջին տևողությունը։ Եթե մեր թվարկության սկզբին աշխարհի բնակչությունը կազմում էր մոտ 250 միլիոն մարդ, ապա 2000 թվականին այն հասավ 6 միլիարդի, իսկ այժմ այն կազմում է ավելի քան 7 միլիարդ մարդ [1]։

Մասնագետների մեծ մասը գտնում են, որ հիմնական խնդիրը կապված է ժողովրդագրական պայթյունի հետ, որի լուծումը էականորեն կմեղմի ստեղծված իրավիճակը։ Իսկ դրան հասնելու համար կարևոր են ժողովրդագրական կարճաժամկետ և երկարաժամկետ կանխատեսումները։

Մինչև 2025 թվականի ժողովրդագրական կանխատեսումը հասցրել է արդեն մի քանի անգամ փոփոխվել։ 1990-ական թվականներին ՄԱԿ-ի փորձագետները գտնում էին, որ աշխարհի բնակչությունը 2010 թվականին կհասնի 7,2 միլիարդի, 2020-ին՝ 8 միլիարդ, իսկ 2025-ին՝ 8,5 միլիարդի։ Այս տվյալները հնչել են Ռիո դե Ժանեյրոյի վեհաժողովում։ Սակայն կապված բնակչության աճի տեմպերի էական նվազման հետ այս թվերը փոխվեցին, 2025 թվականի համար այն նվազեց մինչև 7,8 միլիարդ մարդու։ Այս առումով հետաքրքիր է նաև բնակչության աճի կանխատեսումները զարգացող և զարգացած երկրներում։ 2025 թվականին զարգացած երկրներում սպասվում է բնակչության 20-30 միլիոն աճ, որի արդյունքում բնակչությունը կկազմի 102 միլիարդ մարդ («ոսկյա միլիարդ»), իսկ զարգացող երկրներում նույն ժամանակահատվածում սպասվում է բնակչության 2 միլիարդ աճ, որով բնակչության թիվը կկազմի 6,6 միլիարդ մարդ [1]։

Մինչև 2050 թվականի համար ժողովրդագրական կանխատեսումը ենթադրում է, որ աշխարհի բնկաչությունը կհասնի 8,9 միլիարդ մարդու։ Ըստ խոշոր տարածաջրջանների (առանց ԱՊՀ)՝ բնակչության տեղաբաշխումը կունենա հետևյալ պատկերը. Ասիա՝ 5,2 միլիարդ, Աֆրիկա՝ 1,8 միլիարդ, Լատինական Ամերիկա՝ 770 միլիոն, Եվրոպա՝ մոտ 650 միլիոն, Հյուսիսային Ամերիկա՝ 450 միլիոն և Ավստրալիա ու Օվկիանիա՝ 45 միլիոն մարդ [2]։

Հայաստանի Հանրապետության համար բոլոր երկարաժամկետ կանխատեսումները հիմնվում են բնակչության շարունակական նվազման վրա։

                       Բնակչության թվով աշխարհի ամենամեծ պետությունները 2000, 2025 և 2050 թվականներին[1]
Պետություն Բնակչության թիվը 2000 թվականին (մլն. մարդ) Պետություն Բնակչության թիվը 2025 թվականին (մլն. մարդ, կանխատեսում) Պետություն Բնկաչության թիվը 2050 թվականին(մլն. մարդ, կանխատեսում)
Չինաստան 1261 Չինաստան 1490 Հնդկաստան 1628
Հնդկաստան 1014 Հնդկաստան 1330 Չինաստան 1395
ԱՄՆ 281 ԱՄՆ 346 ԱՄՆ 409
Ինդոնեզիա 212 Ինդոնեզիա 275 Պակիստան 349
Բրազիլիա 170 Պակիստան 265 Ինդոնեզիա 294
Պակիստան 156 Բրազիլիա 220 Նիգերիա 258
Ռուսաստան 145 Նիգերիա 205 Բանգլադեշ 255
Բանգլադեշ 130 Բանգլադեշ 180 Բրազիլիա 233
Ճապոնիա 127 Ռուսաստան 130 Եթովպիա 170
Նիգերիա 112 Մեքսիկա 130 Կոնգոյի ԴՀ 152
Մեքսիկա 100 Ճապոնիա 120 Մեքսիկա 140
Գերմանիա 82 Եթովպիա 115 Ֆիլիպիններ 127
Վիետնամ 79 Վիետնամ 110 Եգիպտոս 127
Ֆիլիպիններ 76 Ֆիլիպիններ 110 Վիետնամ 118
Եգիպտոս 68 Կոնգոյի ԴՀ 105 Ճապոնիա 110
Իրան 68 Եգիպտոս 95 Իրան 106
Թուրքիա 66 Իրան 95 Ռուսաստան 102
Եթովպիա 64 Թուրքիա 88 Թուրքիա 88
Թաիլանդ 61 Գերմանիա 80 Թաիլանդ 90
Ֆրանսիա 59 Թաիլանդ 73 Մյանմա 80

Լուծման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնախնդրի կարևորության մեծ նշանակություն ունեցան ՄԱԿ-ի կողմից անցկացված Համաշխարհային երեք կոնֆերանսները, որոնք տեղի ունեցան Բուխարեստում՝ 1974 թվականին, Մեխիկոյում՝ 1984 թվականին և Կահիրեում՝ 1994 թվականին։ Բուխարեստում կայացած կոնֆերանսում ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների համաշխարհային պլան»-ը։ Ըստ որի ազգաբնակչության քաղաքականության մեջ պետք է ներդրվի սոցիալ-տնտեսական բարեփոխումները։ Այն հաստատվեց նաև Մեխիկոյի կոնֆերանսում։ Կահիրեի կոնֆերանսին մասնակցում էին 179 պետությունների ներկայացուցիչներ, բացի կառավարական ներկայացուցիչներից կոնֆերանսին մասնակցում էին նաև 133 պետություններից հրավիրված 1500 ոչ կառավարական կազմակերպություններ։ Ընդունվեց «Ազգաբնակչության ոլորտում գործողությունների ծրագիրը»։ Ծրագրում ներկայացված էր ազգաբնակչության հիմնախնդիրը, փոխադարձ կապը բնակչության աճի և տնտեսության զարգացման միջև։

Բացի միջազգային կոնֆերանսներից իրականացվում են նաև ազգաբնակչության հիմնախնդիրների հետ կապված այլ միջազգային միջոցառումներ։ Օրինակ՝ 1989 թվականին Ամստերդամում կայացած «Ազգաբնակչությունը 21-րդ դարում» միջազգային ֆորումը, որտեղ հիմնականում քննարկվեց Կահիրեի կոնֆերանսում ընդունված ծրագրի իրականացման հարցերը։ 1992 թվականին ՄԱԿ-ի շրջակա միջավայրին նվիրված կոնֆերանսում ևս քննարկվեց ազգաբնակչության քաղաքականության հետ կապված հարցեր։ Նշվեց, որ յուրաքանչյուր պետություն ինքը պետք է որոշի և կազմի ժողովրդագրական ծրագրերը՝ հիմնվելով անընդհատ աճող բնակչության կենսաապահովության հնարավորություններից։

Մասնագետների մեծամասնության կարծիքով հիմնախնդրի լուծման հիմնական ուղին բնակչության վերարտադրության կարգավորումն է՝ ծնելիության նվազման ճանապարհով։ Այդ պատճառով էլ պետությունները վարում են ակտիվ ժողովրդագրական քաղաքականություն։ Այն էականորեն տարբեր է զարգացած և զարգացող պետություններում։ Եթե զարգացող պետություններում հիմնական նպատակը ծնելիության նվազումն է, ապա զարգացած պետություններում ընդհակառակը խրախուսվում է ծնելությունը, քանի որ այս պետություններում դիտվում է բնակչության դեպոպուլացիա այսինքն՝ նվազում։

Ժողովրդագրական քաղաքականությունը հիմնականում տարվում է երեք ուղղություններով՝ տնտեսական, վարչաիրավական և դաստիարակչական ու քարոզչական։ Այս առումով կիրառվում են բազմաթիվ միջոցներ, ինչպես օրինակ տարբեր նպաստներ, զեղչեր, արտոնություններ, օրենսդրական ակտեր (ամուսնական տարիքի, ամուսնալուծությունների, հղիության ընդհատման, հակաբեղմնավորիչների օգտագործման, աշխատող կանանց աշխատանաքային ռեժիմի իրավական կարգավորումներ և այլն), ժողովրդավարական վարքի նորմերի ձևավորում, ընտանիքի պլանավորման քաղաքականություն, սեռական դաստիարակություն, կրթություն և այլն։

Հիմք ընդունելով այն, որ ծնելիության մակարդակը սերտորեն կապված է երկրի տնտեսական զարգացման հետ՝ կարևոր լուծման ուղի է համարվում նաև պետության տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացումը։ Սա համարվում է հիմախնդրի լուծման ինտենսիվ ուղի, որին հասնելը բավական մեծ միջոցներ և ջանքեր է պահանջում։

Կապն այլ հիմախնդիրների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային ժողովրդագրական հիմնախնդիրը փոխադարձ կապի մեջ է պարենային, ուրբանացման, բնապահպանական, էներգետիկական, հումքային և այլ հիմնախնդիրների հետ։ Չնայած, որ զարգացած երկրների բնակչությունը կազմում է բնակչության ընդամենը 1/4-րդ մասը, սակայն այն սպառում է համաշխարհային էներգիայի, մետաղների, փայտանյութի 80%-ը, սննդամթերքի 35%-ը, և միևնույն ժամանակ տալիս է պինդ թափոնների շուրջ 75%-ը [1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Համամոլորակային հիմնախնդիրներ
  2. Գլոբալիստիկա
  3. Էներգետիկական հիմնախնդիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Յ. Մուրադյան, Մ. Մուրադյան, Մարդկության համամոլորակային հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները, Երևան, 2014։
  2. Географическая картина мира: 230 «каналов углубления» к курсу «Экономическая и социальная география мира»: (10-й кл.). 2-е изд., испр. и доп. Ч. 1: Общая характеристика мира. Ярославль: Верх.-Волж. кн. изд-во, 1995. — 315 с.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Г. С. Хозин. Глобальные проблемы современности. М., 1982.
  2. И.А. Родионова. Глобальные проблемы человечества: учебное пособие для учащихся и студентов. 2-е изд., испр. и доп. М., 1995