Ժնևյան կոնվենցիաներ (1949)
Ժնևյան կոնվենցիաներ 1949 թ., պատերազմից տուժածների պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների վերաբերյալ միջազգային չորս կոնվենցիաներ։ Վավերացրել են 180-ից ավելի պետություններ։ Առաջին երկու կոնվենցիաները գործող բանակում վիրավորների և հիվանդների, վիրավոր և հիվանդացած ծովայինների, ինչպես նաև նավաբեկյալների վիճակը բարելավելու, երրորդը՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնների, չորրորդը՝ պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության և նոոնց իրավունքների պաշտպանության մասին են։
Կանոնները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ժնևյան կոնվենցիաների՝ մասնակից պետությունները պարտավորվում են հետապնդել և պատասխանատվության ենթարկել կոնվենցիաների դրույթները խախտողներին։ Այդ դրույթները պարտադիր են նաև չեզոք պետությունների համար։ 1977 թ.-ին ընդունվել են ժնևյան կոնվենցիաների երկու լրացուցիչ արձանագրությունները.
- Միջազգային զինված հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին
- Ոչ միջազգային բնույթի հակամարտություններից տուժածների պաշտպանության մասին
Առաջին լրացուցիչ արձանագրությունն ընդլայնել է ժնևյան կոնվենցիաների կիրառման ոլորտը՝ հակամարտող կողմերի թվում մատնանշելով նաև իրենց ինքնորոշման իրավունքի համար պայքարող ժողովուրդներին։ Պատերազմ հայտարարելու և զինված հակամարտությունների դեպքում պետությունները պարտավոր են պահպանել ժնևյան կոնվենցիաների կանոնները, անգամ եթե մասնակիցներից մեկը չի ընդունում պատերազմական դրությունը։ Այդ պատճառով ԱՀ երկար ժամանակ հրաժարվում էր վավերացնել ժնևյան կոնվենցիաները՝ դրանք համարելով իր համար անընդունելի։ Սակայն նույնիսկ ժնևյան կոնվենցիաներին չմիացած երկրները ևս պարտավոր են պահպանել դրանց դրույթները և պատասխանատվություն են կրում պատերազմի ժամանակ խաղաղ բնակչության հանդեպ գործած հանցագործությունների համար։
Խախտումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտել է ժնևյան կոնվենցիաների կանոնները ՝ հրաժարվել է ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հայտնել գերի ընկած վիրավորների և հիվանդների մասին, ռազմագերիներին պարտադրել է կատարել ստրկական աշխատանք մասնավոր տներում, նրանց համար ստեղծել կյանքի անտանելի պայմաններ, ինչի հետևանքով հայազգի շատ ռազմագերիներ և պատանդներ զոհվել են ադրբեջանական բանակի զավթած տարածքներում մնացած հայ խաղաղ բնակչության ճնշող մեծամասնությունն սպանվել է, պատանդվել՝ փրկագնի դիմաց փոխանակվելու համար, կամ էլ անհետ կորել։ 1989 թ.- ի հունիսին ադրբեջանական բանակը զավթել է ԼՂՀ Շահումյանի շրջանը, որտեղից դեռևս չէին հասցրել հեռանալ 405 մարդ, հիմնականում՝ տարեցներ։ Նրանց ճակատագիրը, բացառությամբ մեկի, մինչև (2004) անհայտ է։ Կարճ ժամանակով զավթված ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մարաղա և Ասկերանի շրջանի Խրամորթ հայկական գյուղերի բնակիչները, չհասցնելով հեռանալ ռազմական գործողությունների շրջանից, ենթարկվել են խոշտանգումների, սպանվել առանձնահատուկ դաժանությամբ կամ էլ պատանդվել՝ վախանակելու համար։ Ադրբեջանը խախտել է նաև ժնևյան կոնվենցիաներիի դրույթները՝ հրետակոծելով և ռմբակոծելով ԼՂՀ և ՀՀ պատերազմական գոտուց դուրս գտնվող բնակավայրերը։ Ռմբակոծությունների ժամանակ Ադրբեջանը օգտագործել է չտարբերակող գործողության զենք գիտակցաբար մեծացնելով զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում։
ԼՂՀ 1992ի գարնանն արդեն հայտարարել էր ժնևյան կոնվենցիաներիի և լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման և առանց պայմանների դրանց դրույթների կատարման մասին։ ԼՂՀ իշխանությունների կողմից ժնևյան կոնվենցիաների պահանջների անվերապահ պահպանումը բազմիցս հաստատել են միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպությունները, այդ թվում՝ Միջազգային կարմիր խաչը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 289)։ |