Թոռնավանի պաշտպանություն
Թվական | 1042 |
---|---|
Մասն է | Սելջուկ-թյուրքերի արշավանքները Հայաստան |
Վայր | Թոռնավան |
Արդյունք | Հայկական կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Օղուզ-թուրքմեններ | Արծրունիներ |
Հրամանատարներ | |
անհայտ | Խուլ Խաչիկ Հասան Արծրունի |
Կողմերի ուժեր | |
15000 | 70, այնուհետև՝ 5000 |
Ռազմական կորուստներ | |
4000 | թեթև |
Թոռնավանի պաշտպանություն, ճակատամարտերի շարք, որոնք տեղի են ունեցել 1042 թվականին Վասպուրականի Թոռնավան գավառում։ Ճակատամարտերը ընթացել են հայերի (Արծրունիների ղեկավարությամբ) և օղուզ-թուրքմենների միջև։ 1042 թվականին օղուզները ներխուժել են Վասպուրական, որպեսզի թալանեն այն և հարուստ ռազմավարով հեռանան երկրից, սակայն գավառի իշխանը՝ Խուլ Խաչիկը, 70 հոգով դուրս է գալիս հակառակորդի դեմ։ Ունենալով փոքրաթիվ ուժեր՝ Խուլ Խաչիկը և իր մանկահասակ որդին զոհվում են ճակատամարտում։ Երբ Խաչիկի՝ բյուզանդական զորքում ծառայություն մատուցող որդիները վերադառնում են, հավաքագրվում է 5 հազարանոց բանակ, որը տեղի ունեցած ճակատամարտում հաղթանակ է տոնում հակառակորդի նկատմամբ[1]։
Ներխուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
1042 թվականին քոչվոր օղուզ-թուրքական ցեղերի 15-հազարանոց բանակը Ուրմիա լճի ավազանից՝ Հեր և Զարեվանդ գավառների կողմից ներխուժում է Վասպուրականի Թոռնավան գավառ, որտեղ ասպատակություններ են սփռվում[2]։
Առաջին բախում[խմբագրել | խմբագրել կոդը]
Խուլ Խաչիկը այն սակավաթիվ իշխաններից էր, որը 1021 թվականին Սենեքերիմ թագավորի հետ չէր հեռացել սեփական տիրույթներից և արտագաղթել դեպի Սեբաստիա[2]։ Թոռնավանի իշխանը իր որդիներին նույնպես հայրենասեր ոգով էր դաստիարակել, որոնցից երկուսը՝ Հասանը և Ճնճղուկը, այդ պահին ծառայության էին անցել բյուզանդական զորքերում, որպեսզի կարողանան բյուզանդական ուժը օգտագործել Հայաստանի պաշտպանության համար։ Իսկ մյուս որդին՝ Իշխանը, որը 15 տարեկան էր, դեռևս հոր հետ էր ապրում։
Իմանալով, որ օղուզները հարձակման են ենթարկել սեփական գավառը՝ Խուլ Խաչիկը վերցնում է սեփական փոքրաթիվ թիկնապահների ջոկատը, որը բաղկացած էր 70 հոգուց, և ընդառաջ գնում հակառակորդին։ Հայոց իշխանը հասկանում էր, որ այդպիսի փոքրաթիվ ուժերով ճակատամարտը հաղթելը անիրական էր, այդ պատճառով նա իր մանկահասակ որդուն թողնում է ամրոցում՝ հանձնարարելով նրան դուրս չգալ և իր մոտ պահել պահեստազորը[3]։
Տեսնելով Խաչիկի փոքրաթիվ ջոկատը՝ հակառակորդը անհոգության է մատնվում և սխալ տեղանք ընտրում, որից օգտվում են հայերը և իրենց իշխանի ղեկավարությամբ հարձակում գործում։
Այդ պահին Խաչիկը տեսնում է, որ իր 15-ամյա որդին՝ Իշխանը, չի կատարել իր պատվերը և եկել է մարտադաշտ՝ իր զինակիցների կողքին կռվելու։ Խաչիկը նրան հրամայում է վերադառնալ ամրոց․ նրա պատվերը կատարվում է, սակայն քիչ անց նորից չի կարողանում զսպել իրեն և վերադառնում է ռազմադաշտ։ Նա փորձում էր օգնել ուժերի վերջին գերլարումով հակառակորդի վրա գրոհող իր հայրենակիցներին, սակայն հենց այդ ժամանակ էլ նա զոհվում է հակառակորդի կողմից։ Տեսնելով իր որդու մահը՝ Խուլ Խաչիկը իրեն մի պահ կորցնում է, ինչից օգտվում է հակառակորդը և նրան նույնպես սպանում։ Ի վերջո, հակառակորդը կարողանում է հաղթանակ տոնել փոքրաթիվ հայերի նկատմամբ[4]։
Երկրորդ բախում[խմբագրել | խմբագրել կոդը]
Օղուզ-թուրքական բանակը որոշում է դեռևս բավարարվել գրաված ավարով և վերադառնալ Ուրմիա լճի առափնյա շրջաններ։ Տեղի ունեցած ճակատամարտից մի քանի օր հետո Թոռնավան են վերադառնում Խաչիկի որդիները՝ Հասանը և Ճնճղուկը, որոնք իրենց հետ բերում էին 5000-անոց մի զորաբանակ։ Հասանը անմիջապես ձեռնամուխ է լինում հակառակորդին ծուղակը գցելու ծրագրի կազմմանը։ Նա կաշառում է մի քուրդ ցեղապետի, որը գնում է և հակառակորդի զորավարներին հայտնում, որ Թոռնավանում մարդ չի մնացել և նրանք հանգիստ կարող են թալանել այն[5]։
հակառակորդը, վերցնելով իր 15-հազարանոց զորքը, անզգուշորեն նորից գալիս է Թոռնավան, որպեսզի առանց դիմադրության թալանի այն։ Որոշվում է հարվածը հասցնել վաղ առավոտյան, որպեսզի այն անսպասելի լինի, և հակառակորդը դեռևս հեռացած չլինի ռազմաճամբարից։ Հասանի ռազմավարությունը հաջողությամբ է պսակվում․ հակառակորդը մղվում է անբարենպաստ բնագիծ և կարողանում է միայն թույլ մարտակարգ ձևավորել, որը չի ի վիճակի չի լինում դիմադրություն ցուցաբերել։ Ճակատամարտի ընթացքում Հասանը կարողանում է լուծել նաև հոր մահվան վրեժը։ Նա մարտի է հրավիրում իր հորը սպանած զինվորին, որը ասպարեզ է դուրս գալիս Խաչիկի երիվարով և Արծրունյաց դրոշով[6]։ Սակայն դա չի ընկճում հայոց իշխանին, որը հակառակորդին «երկու կտոր է անում»։ Իր կրտսեր եղբոր մահվան վրեժն էլ լուծում է Ճնճղուկը[7]։
հակառակորդը թողնում է սեփական մարտիկների դիակները՝ մոտ 4000 զինվոր, և փախուստի դիմում։ Հայոց կողմին է մնում նաև նրանց գրաված ռազմավարը։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջեր 13–20.
- ↑ 2,0 2,1 «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 14.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 16.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 17.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 18.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 19.
- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Գ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2011. էջ 20.