Թեժառույքի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեժառույքի վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՏեղագրությունՄեղրաձոր[1]
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը12-րդ դար
Կազմված էԵկեղեցի, Գավիթ-նախամուտք, Մատուռ-նախամուտք և Մատուռ
Ժառանգության կարգավիճակմշակութային հուշարձան Հայաստանում[1]
Հիմնադրված12-րդ դար
Քարտեզ
Քարտեզ
 Tejaruyq Monastery Վիքիպահեստում

Թեժառույքի վանք, միջնադարյան հայ քաղկեդոնական վանական համալիր, որը գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի հարավային հատվածում, անտառապատ բարձունքին, հրվանդանի գագաթին։ Ծովի մակերևույթիվ բարձր է 2000 մետր։ Վանքը կառուցվել է 1196-99 թվականներին՝ Զաքարյաններ իշխանական տոհմի սպարապետ Իվանեի կողմից։ Նրա հետնորդները թաղվել են այս եկեղեցու գավիթում[2]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեժառույքի վանքը պարսպապատված է քարե ցածր պատով, որն այժմ ամբողջությամբ չի փակում համալիրը։ Բազիլիկը միակ պահպանված մասն է, որ կազմված է գլխավոր սրահից, գավիթից, կապելլայից, սյունասրահից, որ տանում է դեպի եկեղեցու մուտք։ Գավիթը փոքր կամարաձև սրահ է՝ երկու կողմից բացվող հարևան սենյակներով։ Աստիճանները տանում են դեպի նախամուտք, որը զարդարված է խաղողի և որթատունկերի պատկերներով ցայտաքանդակներով։ Դռան վերևի պատը, որ մի ժամանակ զարդարված է եղել վիմագրությամբ, ֆրեսկոյով կամ այլ տեսակի զարդարանքով, այժմ հազիվ նկատելի է։ Ամեն դեպքում, սպիտակ ծեփի որոշ մասը առաստաղի հատվածում դեռ պահպանվում է։ Գավիթից հետո եկեղեցու գլխավոր սրահն է, որը կամարաձև տեսք ունի և հիմնականում զարդարված չէ։ Վեց սյուների խոյակներից յուրաքանչյուրն ունի առանձնահատուկ ձևավորում։ Դրանցից մեկի վրա պատկերված է եկեղեցի՝ գլխավերևում գմբեթ (ձախ կողմում), պատվանդանի վրա դրված խաչ(մեջտեղի հատվածում) և մի անհատ (եկեղեցու և խաչի պատկերից առանձին)՝ հագին երկար հագուստ, երկու ձեռքերն ուղղված դեպի երկինք (աջ կողմում)։ Աբսիդն ունի չորս որմնախորշեր առավել ցածր հատվածում և մի մեծ որմնախորշ՝ աջ հատվածում։ Մեկ որմնախորշ էլ կա խորանի ձախ կողմում, իսկ գլխավոր սրահի ձախ հատվածում փոքրիկ աղոթարան կա։ Երկրորդ մուտքը տանում է դեպի բազիլիկի նախասրահ։ Նախասրահի պատերը զարդարված են յուրօրինակ ցայտաքանդակներով։ Դրսի կողմից նախասրահն ունի իր շուրջը պատկերված շրջանակի վրա թառած թռչուն։ Նույն պատկերը կարելի է տեսնել նաև աբսիդի պատուհանի վերևում, որտեղ երկու թռչուն կողք կողքի թառած են իրենց շուրջը պատկերված շրջանակի վրա։ Բազիլիկի պատերին կարելի է տեսնել մեծ ձեռագրով գրված վրացերեն մակագրություններ, հատկապես տանիքի փեղկերի տակ։

Եկեղեցու շրջակա տարածքում դեռևս կարելի է տեսնել այլ վանական համալիրներից մնացած մասեր։ Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա փոքր սրահի ցածր պատեր կան, որ բաղկացած է մի սենյակից և աբսիդից։ Պեղումներ են կատարվում՝ եկեղեցու հիմքը հողի խորքից գտնելու համար։ Ցավոք, կառույցի և՛ ներքին, և՛ արտաքին մասերը վերջին տարիներին գրաֆիտի պատճառով վնասվել են։

Մատուռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատուռից պահպանվել է երկաստիճան գետնախարիսխը։ Աստիճաններից առաջինը ունի 33 սմ, իսկ երկրորդը՝ եզրերի կորաձև մշակումով 22 սմ բարձրություն։ Հիմնականում կանգուն է նաև պատերի ստորին՝ 90 սմ բարձրությամբ շարվածքը։ Մատուռի չափերն են՝ 6,90 մ x 6,70 մ։ Միակ մուտքն արևմտյան կողմից է։ Ներսում՝ պատի ամբողջ եզրագծով ձգվող կրաքարային խարիսխը (արևմտյան կողմում՝ 40 սմ -50 սմ լայնությամբ), աստիճանաբար նեղանալով, արևելյան հասնում է 15 սմ։

Մատուռի մեծ մասում, հատկապես կիսաշրջանաձև խորանի հատվածում, սպիտակ կրահողի շերտ է։ Քարե հատակ ունեցել է միայն ուղղանկյուն սրահը, իսկ կիսաշրջան խորանի հատվածում եղել է սպիտակավուն կրից հատակ, որը փոքր-ինչ բարձր է սրահի մակարդակից։ 92 սմ x 60 սմ չափերի մի քար դրված էր մուտքից աջ։ Ենթադրվում է, որ դա ճակտոնի քարերից է, որի մակերեսին կոր գոտի է քանդակված։

Արևմտյան հատվածում շերտի հզորությունը հարավային եզրում 20 սմ, իսկ հյուսիսայինում՝ 60 սմ էր՝ տեղանքի թեքության պատճառով։ Այդտեղ բացվեց բազալտե սալատապան (երկարւթյունը՝ 1,75 մ, լայնքը մոտ 82 սմ, հաստությունը մոտ 20 սմ)։ Տապանաքարի մակերեսը եզերված է զույգ գոտով։ Սալի արևելյան և արևմտյան եզրերն ունեն մեկական միջանցիկ անցք։ Սրանից փոքր-ինչ հեռու է տապանաքար հիշեցնող բարակ ծածկասալը (141 սմ x 65 սմ), որի հարթ մակերեսի մի եզրն ավարտվում է ուղղանկյունաձև ելուստով։

Մուտքի առջև մեկ այլ կոտրված տապանաքար էր (78 սմ x 84 սմ)։ Ձախում է երկու մասի բաժանված խոշոր սալատապանը։ Փաստված է, որ մատուռից արևմուտք ընկած հատվածը 14-15-րդ դարերում եղել է գերեզմանատուն, որտեղ, բացի սալերից, որպես գերեզմանաքար օգտագործվել են նաև զանազան որմնաքարեր։

Արևմտյան քարերից առանձնանում է կորավուն մշակումով, շքամուտքի որմնասյուն հիշեցնող մանրամասնը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. Kiesling, Brady; Kojian, Raffi (2005). Rediscovering Armenia: Guide (2nd ed.). Yerevan: Matit Graphic Design Studio. էջ 96. ISBN 99941-0-121-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեժառույքի վանք» հոդվածին։