Ընթացիկ հաշիվ
Ընթացիկ հաշիվ (վճարային հաշվեկշիռ) (անգլ.՝ current account), բանկային հաշիվ, որը գործածվում է դրամական միջոցներ պահելու և հաշվարկներ կատարելու համար։ Ընթացիկ հաշիվը ներկայացնում է երկրի ապրանքների և ծառայությունների ներմուծումն ու արտահանումը, օտարերկրյա ներդրողներին տրվող վճարումները և փոխանցումները։ Երկրի վճարային հաշվեկշռի երեք բաղադրիչներից մեկը[1]։ Եթե հաշվում արտացոլվում են նաև փոխատվական գործառնություններ, ապա այն կոչվում է կոնտոկորենտային հաշիվ[2]։ Հաշիվը կոչվում է ընթացիկ, քանի որ գործառնությունները կատարվում են տվյալ հաշվետու ընթացիկ ժամանակաշրջանում։
Մեկնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ հաշիվը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար բացվող բանկային հաշիվ է, որտեղ արտացոլվում են ընթացիկ գործառնությունները։ Զարգացած երկրներում հաշվարկները կատարվում են չեկերի միջոցով։ Ընթացիկ հաշիվը նաև երկրի վճարային հաշվեկշռի մի մասն է, որն ընդգրկում է առևտրային հաշվեկշիռը, ներմուծումը, արտահանումը, փոխանցումները, տոկոսները և այլ եկամուտները[2]։ Ընթացիկ հաշիվը գրանցում է ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների միջև վաճառված ապրանքների և մատուցված ծառայությունների արտահանումն ու ներմուծումը համախառն սկզբունքով, որը տեղի ունեցել հաշվետու ժամանակաշրջանում[1]։
Ընթացիկ հաշվի մնացորդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշիվը տնտեսության կարևոր ցուցանիշ է։ Այն ներառում է տվյալ երկրի գործունեությունը երկրի արդյունաբերության, կապիտալի շուկայի, մատուցված ծառայությունների և դրամական միջոցների միջև, որոնք մուտք են գործում երկիր այլ կառավարությունների կողմից կամ տրանսֆերտների տեսքով։ Այն սահմանվում է որպես առևտրային հաշվեկշռի (ապրանքների և ծառայությունների արտահանում հանած ներմուծում), արտերկրից ստացված զուտ եկամուտի և զուտ ընթացիկ տրանսֆերտների հանրագումար[3]։ Ընթացիկ հաշվի չորս հիմնական բաղադրիչներն են՝ ապրանքները, ծառայությունները, եկամուտները և ընթացիկ փոխանցումները։ Ընթացիկ հաշվի մնացորդը կարող է լինել դրական (պրոֆիցիտ) կամ բացասական (դեֆիցիտ)[4]։ Դրական ընթացիկ հաշվի մնացորդը նշանակում է, որ երկիրը զուտ արտահանող է, իսկ բացասական ընթացիկ հաշվի մնացորդը նշանակում է, որ երկիրը զուտ ներմուծող է։ Եթե դեֆիցիտն արտացոլում է ներմուծման ավելցուկ, ապա այն խոսում է մրցունակության խնդրի մասին, եթե արտացոլում է ներդրումների ավելցուկ՝ այն վկայում է բարձր արտադրողականության և աճող տնտեսության մասին, եթե դեֆիցիտը արտացոլում է ցածր խնայողություններ և ոչ թե բարձր ներդրումներ, ապա այն պայմանավորված է անխոհեմ հարկաբյուջետային քաղաքականությամբ կամ չափից ավելի սպառմամբ[5]։
Դեֆիցիտ, պրոֆիցիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընթացիկ հաշվի դեֆիցիտը՝ բացասական մնացորդը, ցույց է տալիս, որ երկիրը զուտ վարկառու է մնացած աշխարհի համար, մինչդեռ ընթացիկ հաշվի պպրոֆիցիտը՝ դրական մնացորդը, ցույց է տալիս, որ երկիրը զուտ պարտատեր է մնացած աշխարհի համար։ Ընթացիկ հաշվի հավելուրդը ավելացնում է երկրի զուտ արտաքին ակտիվները տվյալ հավելուրդի չափով, մինչդեռ ընթացիկ հաշվի դեֆիցիտը նվազեցնում է այն այդ չափով։ Երկիրն ունի պրոֆիցիտ, եթե արտահանումը գերազանցում է ներմուծմանը, և դեֆիցիտ, եթե ներմուծումը գերազանցում է արտահանմանը։ Եթե տնտեսությունն ընթացիկ հաշվի ավելցուկ ունի, այն ավելի քիչ է կլանում, քան արտադրում է, ինչը նշանակում է, որ նա խնայում է։ Քանի որ տնտեսությունը բաց է, ապա այդ խնայողությունները ներդրվում են արտասահմանում և այդպիսով ստեղծվում են արտաքին ակտիվներ[6]։
Բանաձև
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրի վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվի մնացորդը հաշվարկվում է հետևյալ մաթեմատիկական հավասարումով՝
, որտեղ
X=ապրանքների և ծառայությունների արտահանում,
M=ապրանքների և ծառայությունների ներմուծում,
NY=զուտ եկամուտ արտասահմանում,
NCT=զուտ ընթացիկ փոխանցումներն։
Այս բանաձևը թույլ է տալիս հասկանալ՝ ընթացիկ հաշիվը դեֆիցիտ ունի,թե պրոֆիցիտ, որտեղ կարող են առաջանալ անհամապատասխություններ, ինչպես կարող են ռեսուրսները վերակառուցվել՝ տնտեսության՝ առավել արդյունավետ զարգացման համար[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Методологический комментарий к платежному балансу Российской Федерации», ЦБ РФ
- ↑ 2,0 2,1 «Ֆինանսական բացատրական բառարան», Ա․ Բայադյան, Երևան, 2004(չաշխատող հղում)
- ↑ «Current Accounts: What is Their Relevance for Economic Policymaking?» , M. Knight, F. Scacciavillani, May 1998
- ↑ 4,0 4,1 «Current Account Balance», Investopedia
- ↑ «Current Account Deficits: Is There a Problem?», Atish Ghosh and Uma Ramakrishnan, International Monetary Fund, February 24, 2020
- ↑ «Дефицит счета текущих операций и дефицит торгового баланса: в чем разница?» , Investopedia
|