Էլեկտրոնային լամպ
Ենթակատեգորիա | էլեկտրոնային բաղադրիչ, active electronic component ![]() | |
---|---|---|
Հայտնաբերման ամսաթիվ | 1904 ![]() |
Էլեկտրոնային լամպ, էլեկտրավակումային սարք, որտեղ ստեղծվում է հատուկ էլեկտրոդների (ցանցի) օգնությամբ կառավարվող էլեկտրոնների հոսք։ Էլեկտրոնային լամպը ապակե, մետաղե, մետաղե–ապակե կամ մետաղե–խեցե բալոն է, որտեղ ստեղծված է բարձր վակուում (մինչև մմ սնդ. ս.) և տեղավորված են էլեկտրոդներ, շիկացման կատոդ, անոդ, ցանց (բոլոր էլեկտրոնային լամպերը, բացի դիողից, ունեն մեկ կամ ավելի ցանց)։
Էլեկտրոնային լամպերը տարբերվում են ըստ էլեկտրոդների թվի, հզորության, հաճախականությունների տիրույթի և նշանակման։
Ըստ էլեկտրոդների թվի լինում են 2-էլեկտրոդային (դիոդ, կենոտրոն), 3-էլեկտրոդային (տրիոդ), 4-էլեկտրոդային (տետրոդ), 5-էլեկտրոդային (պենտոդ), 6-էլեկտրոդային (հեկսոդ), 7-էլեկտրոդային (հեպտոդ) և 8-էլեկտրոդային (օկտոդ)։
Ըստ աշխատանքային հաճախականությունների տիրույթի տարբերում են ցածր (մինչև մի քանի Մհց), բարձր (մինչև 30 Մհց) և գերբարձր հաճախականության էլեկտրոնային լամպեր (մագնետրոններ, կլիստրոններ, վազող ալիքի լամպեր և այլն)։ Ըստ նշանակման էլեկտրոնային լամպերը լինում են ուղղիչ, ուժեղացուցիչ, փոխակերպիչ, գեներատորային և այլն, ինչպես նաև անընդհատ գործողության և իմպուլսային։ Հաճախ մի բալոնի մեջ տեղավորում են երկու կամ ավելի լամպեր (կրկնակի դիող, կրկնակի տրիոդ, դիոդ–հեկսոդ և այլն)։ Այդպիսի լամպերը կոչվում են համակցված։ Էլեկտրոնային լամպերը լայնորեն կիրառվում են ավտոմատիկայում, ռադիոլոկացիայում, հեռուստատեսությունում, ռադիոկապում, էլեկտրոնային սարքաշինության մեջ և այլ բնագավառներում։ Բարձր և գերբարձր հաճախականության հզոր էլեկտրոնային լամպերը կիրառվում են նաև տեխնոլոգիական նպատակներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 32)։ ![]() |