Զմմառի ձեռագրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զմմառի ձեռագրեր, Զմմառի վանքում գտնվող ձեռագրերի հավաքածու, հարուստ է հայ միջնադարյան գրական-ձեռագրական մշակույթը ներկայացնող արժեքավոր ձեռագրերով, այդ թվում գիտական և ուսումնական տարբեր ասպարեզների վերաբերող եզակի միավորներով։ Այս կարևոր ձեռագրերի ցուցակը գրվել է երկու հատորով։

Զմմառի վանքը հայ հոգևոր-մշակութային կյանքում բացառիկ տեղ է գրավումՙ իբրև հայկական ձեռագրերի կարևորագույն հավաքածու ունեցող կենտրոններից մեկը։ Այդ հանգամանքով Զմմառի վանքը իր մնայուն տեղն է ապահովել Հայաստանից դուրս գտնվող մեր մյուս նշանավոր կենտրոնների՝Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց, Վենետիկի ու Վիեննայի Մխիթարյան վանքերի շարքին։ Դա է վկայում Զմմառի վանքում գտնվող ձեռագրերի հավաքածուն, որի կազմում կան տասնյակ Շարակնոցներ՝ խազագրված և զարդանկար, Բժշկարաններ, որոնք կրում են Կիլիկյան Հայաստանի բժշկագիտական դպրոցի դրոշմը, հայ ինքնուրույն և թարգմանական գրականության հուշարձաններ։ Կան նաև ասորական, արաբական լատինական ձեռագրեր։ Մեծ արժեք ունեն եկեղեցական հայրերի դավանաբանական խնդիրների վերաբերյալ երկասիրություններն ու մեկնողական գրականության հնագույն և լավագույն օրինակները։

Առաջին հատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հատորը՝Ա-ն, կոչվում է «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի ձեռագիրներուն»։ Այս հատորը ստեղծվել է Վիեննայում 1964 թ.-ին, և տպագրվել է Մխիթարյան տպարանում։ Իսկ երկրորդ հատորը՝Բ-ն, նույնանուն վերնագրով Է ներկայացված ինչպես Ա. հատորում է և կրկին ստեղծվել է Վիեննայում՝տպագրվելով Մխիթարյան տպարանում, սակայն 1971 թ-ին։ Ա. հատորի հեղինակն է Տեր Մեսրոպ Քեշիշյանը, ով ներկայացրել է Զմմառի վանքի ձեռագրերի ցուցակը։ Այս ցուցակը 40 տարի առաջ արդեն «Հանդես ամսօրյա»-ի խմբագրությանն ուղարկել էր Քեշիշյանը՝ խնդրելով հրատարակել այն իրենց թերթի մեջ։ Սակայն խմբագրությունը կարևոր չէր համարել Զմմառի վանքի ձեռագրերի ցուցակի հրատարակությամբ ծանրաբեռնել իր թերթի էջերը, նշելով որ այդ ձեռագրերի տպագրումը կտևի տասնյակ տարիներ։ Եվ որովհետև թե՛ Զմմառի վանքի և թե՛ Մխիթարյան Միաբանությանը պակասում էր այն առանձին հատորով լույս ընծայելու միջոցները ձեռագրերը երկար տարիներ մնում են անտիպ մինչ Գալուստ Գուլպենկյան հիմնարկությունը Մխիթարյան Միաբանության առաջարկով ձեռնամուխ է լինում վերոնծյալ ցուցակի հրատարակությանը իր «Հայկական մատենաշարի» մեջ։ «Հայկական մատենաշարի» մեջ ներկայացվում է Ա հատորի ձեռագրերի ցուցակը, որի նախաբանում հրատարակիչը նշում է, որ հեղինակը իր այս ցուցակը կազմել է հետևելով Հ. Յ. Տաշյանի Վիեննայի Մխիթարյան Մատենադարանի ձեռագրերի ցուցակին։ Կարևորենք որ ցուցակում ներկայացված ձեռագրերի նկարագրության մեջ նշված է մեծությունը, քաշը, կազմը, նյութը գիրը, հանգամանքը, (լավ է պահպանված թե ոչ) վերնագիրը, հիշատակությունը թե ինչպես է հասել Զմմառի վանք, քանի դահեկանով է գնվել և այլն։ Ա հատորի ցուցակում ընդգծումները ձեռագրերի մեջ ուղղագիծ տառաձևով չափազանց շատ են և դժվար է դատել թե դրանցից որքան է հիմնված բնագրերի հիման վրա։ Շատ ստեպ և երկար են նաև մեջբերումներն, երբեմն նույնիսկ տպագրությամբ ծանոթ բնագրեր են։ Այդ պատճառով հրատարակիչը նշում է, որ վերախմբագրության ժամանակ մեջբերումներից շատերը կարելի է նույնիսկ դուրս թողնել այդպիսով գրքի ծավալը սեղմել՝ մանրատառ շարված մասերն էլ համառոտելով։ Հրատարակիչը գրքի նախաբանում նշում է նաև, որ ըստ երևույթին ցուցակի վերախմբավորման համար անհրաժեշտ է գտնվել Զմմառի վանքի մեջ ձեռքի տակ ունենալով ձեռագրերը և այդ պարագայում՝ նկատելով 40 տարիների ընթացքում կատարված ուսումնասիրությունները, պետք է լրացվեն նաև մատենագրական տեղեկությունները, որոնք արդեն շատ թերի են աշխատության մեջ։ Հրատարակչի այս խոսքերից հետո ուրախությամբ պետք է նշել այն կարևոր փաստը, որ վերջին շրջանում Մաշտոցի անվան Մատենադարանի և Զմմառի կենտրոնի միջև հաստատվել է գիտական համագործակցության կենսունակ մի դաշտ, (մասնավորապես Մաշտոցյան մատենադարանի գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանի տարած աշխատանքների արդյունքում) քանի որ Մաշտոցի մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանի և Պատրիարքական փոխանորդ, Զմմառի վանքի մեծավոր Հ. Գաբրիել վադապետ Մուրադյանի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի Մատենադարանը իր վրա է վերցնում գիտականորեն անմշակ ձեռագրերի նկարագրության աշխատանքները, որի արդյունքում Զմմառի մատենադարանի ձեռագրացուցակի նախորդ երկու հատորներին (որը մեր ներկայացվող նյութն է) կգումարվեն ևս չորս ստվար հատորներ։ Այդպիսով, հայերեն ձեռագրերի մի կարևոր հավաքածու ամբողջական և համակարգված ձևով կդրվի գիտական շրջանառության մեջ։ Ա հատորի ցուցակի բովանդակությունը ներկայացրել է Մեսրոպ վարդապետ Քեշիշյանը և նա նկարագրել է միայն այն ձեռագրերը, որոնք 1924-ին մաս էին կազմում վանքի հավաքածույին, ընդ որումՙ ցուցակագրել է մասնակիորեն, ընդգրկելով ժամանակով առավել հին ձեռագրերը, քանի որ դրանից հետո Կոստանդնուպոլսում են փոխադրվել նախկին Անտոնյան Միաբանության ձեռագրերը, որոնք թվով 229 են (այս ձեռագրերի ցուցակը ներկայացված է Բ հատորում)։ Վերջիններս ցուցակագրված է Հ. Ն. Ակինյանի կողմից։ Զմմառի վանքի ձեռագրերի այս հավաքածուն քանի անգամ թվագրվել է։ Քեշիշյանը իր ձեռագրի մեջ նշում է հնագույն ու հին թվերը և ինքն իր հերթին նոր թվարկություն է արել։ Հրատարակությունը ներկայացնում է տարբեր թվարկությամբ, որը կատարել է Հ. Ն. Ակինյանը, հիմք առնելով ձեռագրերի բովանդակությունը։ Այս նորագույն թվերին կից հրատարակության մեջ նշանակված են Քեշիշյանի թվերն աննկատ թողնելով հնագույն և հին թվերը։ Վերոնշյալ երկու՝ Քեշիշյանի և Ակինյանի թվարկումների համեմատական տախտակը տրված է գրքի վերջում։ Գրքի վերջում ներկայացված է նաև կազմված ձեռագրերի ժամանակագրական և բովանդակության տախտակը։ Գիրքը նաև ունի անվանացանկ, որի մեջ դուրս են թողնված ոչ կարևոր անձերի անուները, երբ նրանց ոչ ինքնությունն և ոչ էլ ժամանակաշրջանը չեն կարողացել որոշել։ Այս առիթով հրատարակիչը նշում է . «Ցուցակիս երկարատև տպագրության ընթացքը շարվածքի սրբագրությունը կատարված են զանազան անձեր այս պարագային և բնագրի ձեռագրին դժվար ընթեռնելիության և անոր մեմ միօրինակություն պակասին հետևությամբ, այսպիսի ընդարձակ աշխատության մեջ տպագրել գրեթե անխուսափելի սխալներն համեմատաբար շատ են, որի համար խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը։ Ավելորդ համարելով տալ ուղղելիքների ցանկը, որ իր կարգին կը վախնանք թե լրիվ պետք է չլինի»։ Ա հատորը բաղկացած է 809 էջից։

Երկրորդ հատոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ հատորի նախաբանում նշված է, որ Անտոնյան միաբանությունը 1700 թ-ի սկզբին հաստատվել է Լիբանանում հետո տեղափոխվել է նախ Հռոմ և ապա Կոստանդնուպոլիս, Օրթաքեո իր հետ տանելով հայ ձեռագրերի հավաքածուն, որը հետզհետե ճոխանում էր միաբանների ջանքերով։ Երբ միաբանությունը՝ դարի առաջին քարորդին, դադարում է գոյություն ունենալուց ձեռագրերը հանձնվում են Զմմառի վանքին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հավաքածույի 295 ձեռագրեր Կոստանդնուպոլսից Զմմառ փոխադրելուց առաջ Հովսեփ վարդապետ Սարուխանյանը դրանց համար ցանկ է կազմում, շատ կարճ տեղեկություններով։ Անտոնյան միաբանության Հ. Բարսեղ Չոտոյանի նամակից (20 նոյեմբերի 1897 թ.) իմանում ենք, որ Գրիգորիս Վ. Գալեմքեարյանն է թելադրել այդ հավաքածույի գիտական ցուցակագրությունը, որը սկսվել է բայց չի շարունակվել։ Եվ երբ Հ. Ներսես Ակինյանը 1939-1946 թթ.-ին՝ ընդհարումներով՝ Լիբանանում էր գտնվում, վերջապես հաջողվում է նրան կազմել այդ հավաքածույի հին թիվը 1-230 ձեռագրերի հորինվածքային ցուցակագրությունը։ Մնացած ցուցակագրության համար Համազասպ Ոսկյանը 1967-ին Գյուլբենկյան հիմնարկության օժանդակությամբ մեկնում է Լիբանան ցուցակագրելու այդ 65 ձեռագրերը և ուղղումներով ու հավելումներով լրացվում է Հ. Ն. Ակինյանի ցուցակը։ Նա իր բազմազբաղության պատճառով ժամանակ չէր ունենում վերախմբավորելու իր աշխատությունը, իսկ Համազասպ Ոսկյանը մտադիր էր ցուցակի ամբողջ բնագիրը մեքենագրելով՝ վերամշակել, սակայն հիվանդության և կանխահաս մահը խափանեցին իր այդ ծրագիրը։ Ուրեմն ներկայիս ցուցակը կրում է 2 հատուկ գրչադրոշմը մինչև թիվ 617 (հին թիվ 230) Հ. Ն. Ակինյանի և թիվ 618-682 (231-295) Համազասպ Ոսկյանի գրչադրոշմը։ Ինչպես վերը նշեցինք ցուցակը լույս է տեսնում իբրև Բ հատոր Մ. Քեշիշյանի «Ցուցակ հայերեն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանի ձեռագիրներուն», Վիենն 1964: Այս պատճառով էլ հավաքածույի ձեռագրերի նոր թվարկումը սկսվում է 423-ով, իբրև շարունակություն Ա հատորի վերջին 422 թ. և ավարտվում է մինչև 682 ձեռագրի համարով։ Ցուցակի մեջ մտած չեն Անտոնյան հավաքածույի ձեռագրերից 37-ը։ Սրանցից ոմանք ըստ երևույթին Զմմառ չեն հասել որոշներն էլ այս կամ այն պատճառով անմատչելի են եղել 2 ցուցակագրող հայրերին:Այս դուրս մնացած ձեռագրերի ցանկը տրված է Բ հատորի հավելվածի մեջ, այնպես` ինչպես նկարագրել են ցուցակագրող հայրերը։ Գրքի վերջում նշված է նաև տեղանուների և անձնանուների ցանկը, որոնք կազմված են շատ համառոտ և նշանակված են միայն հեղինակների պատմական և ձեռագրերի հետ աղերս ունեցող ( գրիչ, տեր) անունները։ Բ. հատորը բաղկացած է 322 էջից։ Մատենադարանը ձեռնամուխ է եղել այդ աշխատանքին և արդեն հայտնի են գրանցված 2054 ձեռագիր, որոնք խոսուն վկաներն են մեր անցյալի, պատմության և մեր դարավոր մշակութային ժառանգության մասին։ Այժմ Զմմառի վանքում պահվում են Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» նորահայտ ձեռագրի օրինակը, որի մեջ կա նաև Թովմահ Մեծոփեցու «Պատմության» մի օրինակ, փոքրածավալ երկու անտիպ ժամանակագրություն և արժեքավոր այլ բնագրեր։ Կա 17-րդ դարի ստվարածավալ մի «Հայսմավուրք», կան նաև տարբեր վայրերում գրված արժեքավոր ավետարաներ և այլ բնույթի լավ ձեռագրեր։ Հիմնական մասը 18-19-րդ դարերի ընթացքում Զմմառի միաբաների գրած ձեռագրերն են. աստվածաբանական, դավանաբանական, ծիսական ինքնուրույն և թարգմանական գործեր, դասագրքեր, քերականական և բառարանային երկեր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Զմմառ, Ա. Քէշ.-Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Կազմեց Մեսրոպ վ. Քէշիշեան՝ միաբան Զմմառի, Վիենն, Մխիթարեան տպարան, 1964։
  2. Զմմառ Բ.,Ակ., Ոսկ.-Ցուցակ հայերէն ձեռագրաց Զմմառի վանքի մատենադարանին, Հ. Բ. «Անտոնեան հաւաքածոյ», Կազմեցին Հ. Ն. Վ. Ակինեանը և Հ. Հ. Վ. Ոսկեան, Վիեննա, Մխիթարյան տպարան, 1971։