Երկաթուղայինների մշակույթի պալատ (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկաթուղայինների մշակույթի պալատ
Տեսակմշակույթի պալատ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԺելեզնոդորոժնի շրջան
Հիմնադրված է1928
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Երկաթուղայինների մշակույթի պալատ (Լենպալատ) (ռուս.՝ Дворец культуры железнодорожников, Лендворец), մշակույթի տուն Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականի սկզբին Դոնի Ռոստովում Վլադիկավկազի երկաթուղու գլխավոր արհեստանոցների արհմիությունը հանդես եկավ պրոլետարիատի առաջնորդ Վլադիմիր Լենինի պատվին Աշխատանքի պալատ կառուցելու նախաձեռնությամբ։

Մշակույթի պալատի շինարարության վայրը պատահական չէր ընտրվել։ Այստեղ 1905 թվականի դեկտեմբերին Վլադիկավկազի երկաթուղու բանվորներից կազմված Ժողովրդական կամավորական դրուժինան, թիվ 1 բարիկադի վրա դեկտեմբերի 13-20-ին հետ էր մղում ցարական զորքերի և կազակների գրոհները։

1924 թվականի մայիսի 3-ին դրվեց երկաթուղայինների մշակույթի ապագա պալատի հիմքը։ Շինարարությունը առաջ էր ընթանում արագ, և 1927 թվականի նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ պալատի բացումը։ Նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Միխայիլ Կոնդրատևը, Ա. Մարկելովը, Լեոնիդ Էբերգը։

Պալատն իր առաջին այցելուներին ընդունել է 1928 թվականին։ Այդ պահից սկսած երկաթուղային բոլոր խոշոր միջոցառումներն ու հանդիսավոր հանդիպումները անցկացվել են պալատում։ Այդպիսի հիշարժան իրադարձություններից մեկը եղել է երկաթուղայինների հանդիպումը գրող Միխայիլ Շոլոխովի հետ 1934 թվականի հոկտեմբերին։ 1941 թվականին Լենպալատում կազմավորվել է Ռոստովի 339-րդ հրաձգային դիվիզիայի 1135-րդ հրաձգային գունդը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին պալատի շենքը մասամբ քանդվել է։ Վերակառուցման ծրագիրն իրականացրել է ճարտարապետ Զոյա Պոչենցովա-Օռլինսկայան։ Վերականգնման աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են 1957 թվականին։ 1960 թվականին շենքում բացվել է երկաթուղու փառքի թանգարանը, իսկ 1961 թվականին՝ պատմության, կրոնի և աթեիզմի թանգարանը։

Մշակույթի պալատի շենքի պատին փակցվել է երեք հուշատախտակ.

  • «Վ. Ի. Լենինի անվան երկաթուղայինների մշակույթի պալատը կառուցվել է 1905 թվականին ցարական ավտորիտարիզմի դեմ Ռոստովի բանվորների ապստամբության վայրում»,
  • «1905 թվականին ցարական ավտորիտարիզմի դեմ բանվորների ապստամբության ժամանակ հերոսաբար զոհվել են Անատոլի Սոբինոն, Պիվին «Նոգին», Կլարա Ռեյզմանը, ընկեր Վասիլին, Սառա Լեյտերը, Անտոն Ուվարովը»,
  • «1941 թվականի օգոստոսին այս շենքում կազմավորվել է Ռոստովի 339-րդ հրաձգային դիվիզիայի 1135-րդ հրաձգային գունդը»։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկաթուղայինների մշակույթի պալատը Դոնի Ռոստովի առաջին շենքն է, որը կառուցվել է խորհրդային կոնստրուկտիվիզմի ոճով, և ԽՍՀՄ-ում բանվորների համար կառուցված առաջին պալատներից մեկը։ Շենքն ունի բազմամաս կառուցվածք։ Այն բաղկացած է յոթհարկանի բարձրահարկից հիմնական ճակատից դեպի աջ և երկար քառահարկ մասից։ Քիվն ու ախավեղագեսը (անտաբլեմենտ) հենվում են կորնթական օրդերի չորս գլանաձև և երկու քառակուսի սյուների վրա։ Առաջին հարկը կոպտատաշ քարից է։ Դեպի շքամուտք տանում են տասական աստիճանով երկու լայն աստիճանաթռիչքներ։ Երեք կենտրոնական դռները զարդարված են եռանկյունաձև զարդաքիվերով։ Ճակատը սվաղված է։ Ներքին բարդ պլանավորումը կենտրոնացած է թատերական և կինոդահլիճների շուրջը։ Պալատն այժմ էլ Ռուսաստանի հարավի խոշորագույն պալատական շենքերից մեկն է։ Երկաթուղային աշխատողների մշակույթի պալատում կան 700 նստատեղով թատերական-համերգային դահլիճ, 300 նստատեղ ունեցող խնջույքասրահ։ Շենքում գործում են ավելի քան երեսուն խմբակներ, ստուդիաներ և ակումբային կազմավորումներ, որտեղ պարապում է շուրջ երկու հազար մարդ[1]։

Հետպատերազմյան վերականգնման ընթացքում ճակատը զգալի փոփոխություններ է կրել։ Այս ժամանակահատվածում կոնստրուկտիվիզմը ենթարկվել է ինքնատիպ հալածանքների, պալատի գլխավոր մուտքի մոտ կառուցվել է սյունաշարքով հսկա պորտալ։ Այնուամենայնիվ, մեծ հեռավորությունից հպանցիկ դիտումը օգնում է պատկերացնելու շենքի սկզբնական ուրվագիծը[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետպատերազմյան տարիներին Մշակույթի պալատի տնօրեններն էին Ն. Պ. Ռումանովը, Կ. Կ. Դելինը, Վ. Պ. Կուդրյաշովը, Ռ. Ու. Ցիբուլսկին, Ա. Վ. Պոդգոռնին, Վ. Վ. Բաշկիրովը, Լ. Մ. Ռաֆայելովը, Տ. Վ. Նոումովան, Ա. Գ. Լակտիոնովը։ Ներկայում պալատը գլխավորում է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ Իրինա Շևչենկոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ДК Железнодорожников (Лендворец)» (ռուսերեն). Городской портал Ростова-на-Дону. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Советский конструктивизм» (ռուսերեն). Rostov-Region. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]