Երզնկայի Աստվածաշունչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Երզնկայի Աստվածաշունչ

Հայկական մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան։ Գրվել և ծաղկվել է 1269-1270 թվականներին, Բարձր Հայքի Ավագ վանքի գրչատանը։ Գրիչներն են Մխիթարը, Հակոբը և Մովսեսը, պատվիրատուները՝ Երզնկայի արքեպիսկոպոս տեր Սարգիսն ու իր որդին՝ պարոն Հովհաննեսը։ Նրանց ջանքերով է կառուցվել Երզնկայի Ս.Փրկիչ եկեղեցին, նրանց անունները պահպանվել են նաև Ներսես Ա Մեծի մասունքների համար պատրաստված թանկարժեք մասնատուփի արձանագրության մեջ։

Առաջին ձեռագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երզնկայի Աստվածաշունչը» մեզ հայտնի առաջին ձեռագիր Աստվածաշունչն է, որը պարունակում է Հին կտակարանի թեմաներով նկարներ։ Մինչ այդ Հին կտակարանի գրքերի սկիզբը զարդարել են գլխազարդերով կամ դրանց հեղինակների պատկերներով։ «Երզնկայի Աստվածաշունչ»-ում նույնպես կան հեղինակների պատկերներ, բայց որոշ գրքերի սկզբում զետեղված են թեմատիկ նկարազարդումներ։ Օրինակ, Նավեի որդու Հեսուի գրքի սկզբում պատկերված է հրեշտակի հայտնությունը նրան, Դատավորաց գրքի սկզբում՝ Գոթոնիելը, Գեդեոնը, նաև Սամսոնը՝ ավանակի ծնոտը ձեռքին, որով նա սպանել էր 1000 փղշտացու։ Առավել հաջողված են Հոբի և Դանիելի գրքերի սկզբներում տրված մանրանկարները։

Ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 38 նկար, որոնք պատկերում են Հին կտակարանի գրքերի հեղինակներին, Հիսուսին, ավետարանիչներին են։ Նկարազարդումևերում տիրապետող են կարմիրն ու կապույտը, գուներանգը մուգ Է։ Ոսկին թեմատիկ նկարներում սակավ է օգտագործվել, այն հատկապես առատ է խորաններում, կիսախորաններում և լուսանցազարդերում։ Նկարչի կարողությունը ցայտուն դրսնորվել է էջը որպես ամբողջական կոմպոզիցիա պատկերազարդելու ժամանակ։ Արտահայտիչ է գծային շեշտված ոճավորումը։ Բուսական զարդամոտիվները համադրվել են երկրաչափական տարրերին։

Յուրատիպ են ներկայացված տեքստերի հեղինակ-մարգարեները՝ պատկերված դիմացից, ոմանք՝ տեքստի սկզբնատառը գրելիս։ Ուշագրավ են նրանց հագուստների խոշոր, ազատ ուրվագծերով ծալքերը։ Կիսատոների օգտագործումը պատկերներին որոշակի ծավալայնություն է հաղորդում։ Գեղեցիկ է ձեռագրի օրնամենտալ հարդարանքը, որը շատ զուգահեռներ ունի կիլիկյան լավագույն օրինակների հետ։ Ճոխ զարդարված, ոսկու առատ կիրառմամբ, բարձրորակ մագաղաթի վրա գեղեցիկ բոլորգրով գրված այս ձեռագիրը հայկական մանրանկարչության գոհարներից է։ 17-րդ դարի ձեռագիրը գերվել է, ապա գնվել թուրքական փաշայից՝ Զիրաք անունով մի վաճառականի օգնությամբ, և տեղափոխվել Երուսաղեմի Ս.Հակոբյանց վանքի մատենադարան, որտեղ պահվում է առ այսօր (ձեռ. դ 1925)։ Իբրև Աստվածաշնչի Բարձր Հայքի բնագրային ավանդույթը կրող լավագույն նմուշ «Երզնկայի Աստվածաշունչն» ընդգրկվել է Հին կտակարանի հայկական թարգմանության քննական բնագրերի կազմման աշխատանքներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տեր-Ներսեսյան Ս․, Երզնկայի 1269 թվականի Աստվածաշունչը, «Էջմիածին», 1966, համար 11-12։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 585 CC-BY-SA-icon-80x15.png