Երեք կանայք եկեղեցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երեք կանայք եկեղեցում
տեսակգեղանկար
նկարիչՎիլհելմ Լայբլ[1]
տարի1870[1][2]
բարձրություն113 սանտիմետր
լայնություն77 սանտիմետր
ուղղությունռեալիզմ[1]
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ և կարմրափայտ ծառ
գտնվում էՀամբուրգի պատկերասրահ
հավաքածուՀամբուրգի պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
 Drei Frauen in der Kirche Վիքիպահեստում

«Երեք կանայք եկեղեցում» (գերմ.՝ Drei Frauen in der Kirche), գերմանացի նկարիչ Վիլհելմ Լայբլի՝ ռեալիզմի ոճով, յուղաներկով կտավի վրա նկարը՝ ստեղծված 1878-1882 թվականներին, չափերը՝ 113×77 սմ։ Ներկայումս պահվում է Համբուրգի պատկերասրահում[3]։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավում պատկերված են Միսբախի շրջակայքից (ինչի մասին վկայում է նրանց հագուստը) երեք տարբեր տարիքների գեղջկուհիներ։ Նրանք նստած են եկեղեցու նստարանին, աղոթում են և կարդում։ Նկարի համար նմուշ է ծառայել Բադ Այբլինգ շրջանի Բերբլիգի Սուրբ Խաչ եկեղեցու ներքին հարդարանքը։ Հեղինակը որպես բնորդ ընտրել է տեղի գյուղացիներից, որոնք նրա համար կեցվածք են ընդունել շուրջ երեք ու կես տարի[4]։ Աննա Շտաբերը (նա, ով աջում է նստած) և Մարիա Բուխները (մեջտեղում է նստած) ծնունդով Բերբլինգից էին։ Ձախում աղոթող կինը՝ Մարիա Ֆոգլը, ի ծնե՝ Տումին, ծագումով Միտրահինգից էր՝ ոչ հեռու Բադ Այբլինգից։ Երիտասարդ աղախին Աննա Շտաբերը համաձայնվել է կեցվածք ընդունել նկարչի համար, քանի որ հիվանդ էր և չէր կարող աշխատել։ Աշխատանքն սկսելուց կարճ ժամանակ անց՝ 1878 թվականին, մահացել է քահանան, որը թույլատրել էր գեղանկարչին աշխատել եկեղեցում։ Նրան փոխարինողը պահանջել է դադարեցնել եկեղեցին որպես արվեստանոց օգտագործելը։ Իրադրությունը հարթվել է Լուիտպոլդ Բավարացու միջամտությամբ։

Նկարի կոմպոզիցիան և ռեալիստական պատկերումը մեծ տպավորություն են թողել ժամանակակիցների վրա, ներառյալ Վինսենթ վան Գոգի, որն իր գնահատանքն է հայտնել հեղինակին։ 1878 թվականի հոկտեմբերի 26-ին մորն ուղղված նամակում Վիլհելմ Լայբլն իր աշխատանքը գնահատել է հետևյալ կերպ.

«Այժմ ես նկարում եմ մի աղջկա և երկու պառավների, որոնք պատրաստվում են խոստովանանքի և ջերմեռանդորեն աղոթում են։ Նրանցից յուրաքանչյուրը կրում է միսբախյան հագուստ, որոնք շատ սիրուն են նայվում նրանց հագին, հատկապես աղջկանը։ Ես չեմ հիշում, որ որևէ մեկը նկարած լինի նման մարդկանց։ Այնպես, ինչպես ես չարչարվել եմ այս նկարի վրա, ինձնից շատ ջանք է խլել, սակայն այն տեսնողների խոսքերով՝ դա լավագույնն է, որ ես նկարել եմ մինչ այժմ[5]»։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1882 թվականին կտավը ցուցադրվել է Վիեննայում Կյունստլերհաուսի առաջին միջազգային գեղարվեստական ցուցահանդեսի ժամանակ։ Քննադատ Հերման Բարը նկարն անվանել է «լրջամիտ, ազդու գերռեալիզմի իսկական գլուխգործոց»։

Նկարիչը 1883 թվականին վաճառել է կտավը Վորմսից Շոն ընտանիքին 40,000 մարկով։ 1884 թվականին այն ցուցադրվել է Վիեննայում, Փարիզում և Լոնդոնում։ Համբուրգի պատկերասրահում ցուցադրվել է 1906 թվականից։ Ռոկոկո ոճով նստարանը և կտավի կրկնօրինակը մինչ այժմ գտնվում են եկեղեցում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Կազմեք ցանկեր, ոչ թե պատերազմ — 2013.
  2. https://online-sammlung.hamburger-kunsthalle.de/en/objekt/HK-1534
  3. «Drei Frauen in der Kirche, 1878/82». Hamburger Kunsthalle. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  4. «Wilhelm Leibl, Three Women in Church [Drei Frauen in der Kirche] (1882)». GHDI. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
  5. Büro für Kunstgeschichte: Bildbesprechung des Monats — Wilhelm Leibl (1844—1900), Drei Frauen in der Kirche, 1878—1882, Öl auf Holz, 113 × 77 cm, Hamburg Kunsthalle
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք կանայք եկեղեցում» հոդվածին։