Jump to content

Այծյամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Եվրոպական այծյամից)
Այծյամ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Լատիներեն անվանում
Capreolus capreolus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

Այծյամ, եղջերուների ընտանիքի երկկճղակավոր կաթնասուն կենդանի։ Տարածված է Եվրոպայում և Ասիայում։ Ապրում է անտառատափաստաններում, հարթավայրային և լեռնային ոչ խիտ անտառներում, բարձրանում է մինչև 3000 մ բարձրության լեռները։

Մարմինը համեմատաբար կարճ է՝ երկարությունը՝ մինչև 140 սմ, բարձրությունը՝ 90 սմ, կենդանի զանգվածը՝ 55-60 կգ։ Վիզը երկար է, գլուխը՝ փոքր, ոտքերը երկար են՝ ամուր կճղակներով։ Մորթին գեղեցիկ է. ամռանը շիկակարմիր է, ձմռանը՝ գորշ։ Սնվում է խոտաբույսերով, վայրի պտուղներով ու հատապտուղներով, տերևներով։ Անտառը նրա արոտավայրն է և թաքստոցը։ Սիրում է նաև առափնյա եղեգնուտներն ու անտառամիջյան բացատները։

Ամռանն արածում է առավոտյան, երեկոյան ու գիշերը, իսկ ցերեկվա շոգին թաքնվում է ստվերում և հանգստանում։ Ցուրտ օրերին կեր է որոնում օրվա ցանկացած ժամի։ Շատ լավ լողում է։ Առատ ձյան ժամանակ դուրս է գալիս ճանապարհի վրա։ Ունի սուր հոտառություն, տեսողություն ու լսողություն։ Արուն ունի եղջյուրներ, որոնք սկսում են աճել ձմռանը, իսկ հաջորդ տարվա գարնանը դրանց աճը դադարում է։ Սկզբում եղջյուրն ունենում է մեկ ուղղաձիգ ճյուղ։ Դեկտեմբերին այն ընկնում է, և հունվարից սկսում են աճել նոր՝ ճյուղավորված եղջյուրներ։ Բազմացման շրջանում, որը սկսվում է ամռան երկրորդ կեսից, էգի համար արուների միջև տեղի է ունենում կատաղի պայքար և շատ հաճախ ավարտվում է փոխադարձ վնասվածքներով։ Մայիսին մայր այծյամն ունենում է 2-3 ձագ։ Առաջին օրերին ձագերը մնում են թավուտում՝ խոտերի մեջ պառկած, իսկ հետո ոտքի են կանգնում և գնում մոր հետևից։ 2 շաբաթ անց փոքրիկները կարող են իրենց մոր նման արագ վազել։ Մայր այծյամը հոգատար է ձագուկների նկատմամբ։ Նրանց կաթով կերակրում է 6-8 ամիս, մինչև կարողանան ինքնուրույն սնվել։ Ձագերը մոր հետ շրջում են մինչև հաջորդ գարնանը նոր ձագերի հայտնվելը։ Ամռանը հասուն այծյամը թափառում է միայնակ, աշնանը նրանք միավորվում են խառը (արուներ, էգեր, ձագեր) խմբերում (20-30, երբեմն՝ 50-100 այծյամ)։ Հայաստանի պայմաններում խմբերը փոքր են լինում։ Այծյամի ձագերը հեշտ ընտելացող, հեզ արարածներ են. որսորդներն ու անտառապահները երբեմն նրանց բռնում և պահում են տանը։

Որսորդներն այծյամներին հետապնդում են համեղ մսի, գեղեցիկ մորթու և եղջյուրների համար։ Այծյամներին հալածում են վայրի գազանները՝ գայլը (նրանց հիմնական թշնամին է), աղվեսը, անտառային կատուն, լուսանը, թափառող շները։ Ձագերը հաճախ դառնում են արծվի, ցինի, անգղի և բվեճի որս։ Այծյամների կյանքի տևողությունը 16 տարի է։ Այծյամը Հայաստանի բնության սքանչելի զարդերից է. նրան պահպանելը բոլորիս պարտքն է։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծյամ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծյամ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 345