Եգիպտացորենի տերևային բվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եգիպտացորենի տերևային բվիկ [Cirphus (Leucania) loreyi, hyphilare loreyi], բվիկների ընտանիքի թիթեռ։ Եգիպտացորենի և շաքարեղեգի վնասատու։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիթեռը հարդադեղնավուն է կամ բաց շիկավուն։ Թևերի բացվածքը՝ 25–30 մմ, առջևինները՝ հիմքի մոտ սպիտակ կլոր բծերով և արտաքին եզրին զուգահեռ՝ մանր սև կետերով, հետինները՝ սպիտակ՝ սադափագույն երանգով։ Թրթուրը բաց դեղին է, հարթ ու փայլուն, մեջքի վրա 4 երկայնության մուգ շերտեր, գլուխը՝ մուգ մոխրագույն։ Տարածված է Հարավային Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային և Հարավարևելյան Ասիայում, Պոլինեզիայում և Ավստրալիայում, Ղրիմում, Այսրկովկասում, Միջին Ասիայում։ Տարեկան սովորաբար զարգանում է 3 սերունդ։ Երիտասարդ թրթուրները, կրծոտելով տերևների մեջ, անցքեր են բացում, ապա՝ ուտում դրանք, վնասում են ծաղկաբույլերը և ձևավորվող սերմնապտուղները։ Տերևներն սկզբում գունատվում են, ապա՝ գորշանում ու չորանում։ Հասուն թրթուրները, թափանցելով կողրերի մեջ, կրծելով բացում են պարուրաձև անցքեր։ Բվիկները ոչ միայն վնասում են հատիկները, այլև արտաթորանքներով խիստ աղտոտում են կողրերը, որը հանգեցնում է չվնասված սերմնապտուղների փտման։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։