Պիրոս Դիմաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիմաս Պիրոսից)
Պիրոս Դիմաս
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝Πύρρος Δήμας
Մասնագիտացում՝քաղաքական գործիչ և ծանրամարտիկ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 13, 1971(1971-10-13) (52 տարեկան)
Ծննդավայր՝Հիմարա

Պիրոս Դիմաս (հուն․՝ Πύρρος Δήμας, ալբ․՝ Pirro Dhima, հոկտեմբերի 13, 1971(1971-10-13), Հիմարա), հույն ծանրամարտիկ, Հունաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն (1995), աշխարհի եռակի չեմպիոն (1993, 1995, 1998), Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (1992, 1996, 2000), 11 անգամ սահմանել է աշխարհի ռեկորդ։ 2009 թվականին ընդգրկվել է Ծանրամարտի Փառքի սրահում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրոս Դիմասը ծնվել է 1971 թվականի հոկտեմբերի 13-ին Ալբանիայի հարավում գտնվող Հիմարա քաղաքում, էթնիկ հույների ընտանիքում։ Ծանրամարտով զբաղվել սկսել է 1982 թվականին։ 1989 և 1990 թվականներին Ալբանիայի չեմպիոն է դարձել մինչև 82,5 կգ քաշային կարգում։ 1991 թվականին տեղափոխվել է Հունաստան, որտեղ նրա հետ աշխատել է հույն հայտնի մարզիչ Խրիստոս Յակովուն։

1992 թվականին Պիրոս Դիմասն ստացել է Հունաստանի քաղաքացիություն[2]։ Հունաստանի դրոշի ներքո առաջին անգամ մասնակցելով միջազգային մրցության՝ Պիրոս Դիմասը բրոնզե մեդալի է արժանացել Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա առաջին տեղն է զբաղեցրել Բարսելոնայում անցկացված Օլիմպիական խաղերում՝ արժանանալով ոսկե մեդալի։ Հետագա տարիներին Պիրոս Դիմասը մնացել է աշխարհի առաջատար ծանրամարտիկը իր քաշային կատեգորիայում. նա երեք անգամ հաղթել է աշխարհի առաջնություններում, երկու անգամ դարձել է օլիմպիական չեմպիոն և սահմանել է աշխարհի 11 ռեկորդ։

2000 թվականին Սիդնեյում անցկացված Օլիմպիական խաղերում հաղթելուց հետո Պիրոս Դիմասը վնասվածքներ է ստացել, ինչի պատճառով մի որոշ ժամանակ չի կարողացել մասնակցել մրցություններին։ Նա տարել է մի քանի վիրահատություն, սակայն այդպես էլ վերջնականապես չի ազատվել մեջքի ու ձեռքի ցավերից։ Այնուամենայնիվ, նա մասնակցել է 2004 թվականին Աթենքում անցկացված Օլիմպիական խաղերին, որտեղ Պիրոս Դիմասը եղել է Հունաստանի հավաքականի դրոշակակիրը խաղերի բացման և փակման արարողությունների ժամանակ։ Պիրոս Դիմասը մոտ է եղել չորրորդ օլիմպիական ոսկե մեդալի նվաճմանը, սակայն վնասվածքչի պատճառով չի կարողացել հաջողությամբ իրականացնել հրման վերջին երկու փորձերը և երկամարտի արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը։ Չնայած այդ հարաբերական անհաջողությանը՝ հույն երկրպագուները նրան ողջունել են հոտնկայս ծափահարություններով ու Հունաստանի հիմնի կատարմամբ[3]։

Պիրոս Դիմասը դարձել է առաջին ծանրամարտիկը, ում հաջողվել է Օլիմպիական խաղերում նվաճել երեք ոսկե և մեկ բրոնզե մեդալ[4]։ 2004 թվականին նա ավարտել է իր մարզական կարիերան և սկսել աշխատել հեռուստատեսությունում որպես մարզական մեկնաբան։ 2008 թվականին նա դարձել է Հունաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 թվականին ՊԱՍՈԿ կուսակցության կողմից ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Weightlifting Hall Of Fame:List of Members (անգլ.)
  2. Armillotta, Giovanni (April 2008). «Cili ishte shqiptari Pirro Dhima ne Shqiperi?» [Who was the Albanian Pyrros Dimas in Albania]. Albanian Football Magazine (ալբաներեն). X (178): 12–13. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
  3. «Pyrros DIMAS - The most successful weightlifter». International Olympic Committee. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 10-ին.(չաշխատող հղում)
  4. Пиррос Димас завершил олимпийскую карьеру(չաշխատող հղում)
  5. Պիրոս Դիմասը Հունաստանի խորհրդարանի կայքում (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիրոս Դիմաս» հոդվածին։