Դերեբեյություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դերեբեյություն (ձորապետություն, հովտատիրություն), կիսանկախ գավառներ օսմանյան Թուրքիայում, որոնք կառավարում էին քուրդ, թուրքմեն, ավշար խաներն ու բեկերը։ Պետությունը չէր ճանաչում դերեբեյությունների իրավունքները։ Նրանք հարկ չէին վճարում Բ․ Դռանը, իսկ զորք տալիս էին ըստ ցանկության։ Դերեբեյություններ կային Անատոլիական և Ռումելիական փաշայություններում։ Արևմտյան Հայաստանի գավառներում դերեբեյություններ էին Զուլամերկը, Դերսիմը, Խոշաբը, Զեզիրե-Բոհտանը, Բալուն և այլն, ինչպես նաև Սեբաստիայի և Կիլիկիայի մեծ մասը։ Սուլթան Մահմուդ Բ, Եգիպտոսի դեմ քրդերի ռազմական ուժն օգտագործելու մտադրությամբ, 1834 թվականին ճանաչեց դերեբեյությունների իրավունքները, կիսանկախության ֆերմաններ բաժանեց՝ պարտավորեցնելով զորք տալ պետությանը։ 1840-ական թվականներին սուլթան Աբդուլ Մեջիդը, վերանվաճելով կայսրության ապստամբ հատվածները, ճնշեց քրդական ապստամբությունները և վերջնականապես ոչնչացրեց դերեբեյությունները Թուրքիայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 363