Դեպո
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Դեպո ( ֆր.՝ depot, բառացի՝ պահեստ, ամբար), շարժակազմի (լոկոմոտիվ, վագոն, երկաթուղու և մետրոպոլիտենի մոտորավագոն, տրամվայ, տրոլեյբուս) շահագործումն ու նորոգումն ապահովող ձեռնարկություն։ Քաղաքային տրանսպորտի շարժակազմի համար ընդունված է նաև պարկ անվանումը (օրինակ՝ տրամվայի, տրոլեյբուսի պարկ)։
Կան մասնագիտացված (լոկոմոտիվային, վագոնային են) և խառը դեպոներ վերջինում տարբեր շարժակազմեր (էլեկտրաքարշեր, ջերմաքարշեր են) շահագործվում են միաժամանակ։ Շարժակազմը սպասարկող առավել խոշոր ձեռնարկություններ են լոկոմոտիվային և վագոնային դեպոները։ Լոկոմոտիվային դեպոները լինում են հիմնական և շրջադարձայիև (կամ շրջադարձման կետեր)։ Հիմնականն ունի շարժակազմի գրանցված պարկ (լոկոմոտիվների որոշակի քանակություն), պլանային կարգով հսկում է նրա վիճակը և կատարում զանազան նորոգումներ։ Դեպոյի արտադրական գործունեությունը բնութագրվում է շարժակազմի քանակով, տարեկան ընդհանուր վազքով, պարբերական նորոգումներով, փոխադրումների ծավալով և ինքնարժեքով։ Շրջադարձային Դեպոները նախատեսված են լոկոմոտիվների հանդերձավորման, զննման և հայտնաբերված անսարքությունների վերացման համար։ Վագոնային դեպոները կատարում են մարդատար և ապրանքատար վագոնների ընթացիկ, տարեկան, միջին և գործարանային նորոգումներ։ Բաղկացած են մի շարք արտադրամասերից և ծառայական շենքերից (հիմնականը վագոնների հավաքման արտադրամասն է)։ Մետրոպոլիտենի դեպոներն ունեն շարժակազմի կանգնեցման մեծ թվով գծեր ամեն տեսակ նորոգումների (հիմնական դեպո), զննումների ու այլ աշխատանքների (կանգնեցման դեպո) համար։ Տրամվայի և տրոլեյբուսի դեպոները նույնպես ունեն կանգնեցման գծեր, որտեղ նորոգում են վագոնները։
Խորհրդային շրջանում Հայստանում գործել են Լենինականի (այժմ՝ Գյումրի) և Երևանի դեպոները, որոնք ունեցել են շրջաղարձման 2 կետ՝ Սանահինում ու Մասիսում։ Լենինականի դեպոն կառուցված էր ուղղանկյունաձև, կատարել է անդրերկաթուղու բոլոր դեպոների էլեկտրագնացքների բարձրացումային նորոգումը, իր պարկի շարժակազմերի պարբերական զննումները, նորոգումները և ապահովում գնացքների փոխադրումը մի շարք ուղեմասերում (Լենինական—Սանահին, Սանահին-Թբիլիսի, Լենինական-Մասիս և այլն)։ Լենինականի դեպոյին է ենթարկվել Սանահինի շրջաղարձման կետը՝ իր գրանցված պարկով։ Երևանի լոկոմոտիվային դեպոն կատարել է միայն իր գրանցված պարկի պարբերական զննումներն ու նորոգումները, ապահովել գնացքների փոխադրումը Երևան-Սևան, Երևան—Նորաշեն և այլ ուղեմասերում։ Երևանի լոկոմոտիվային դեպոյին է ենթարկվել Մասիսի շրջաղարձման կետը։ Լենինական կայարանում եղել է նաև մեկ վագոնային դեպո, որը կատարել է բեռնատար վագոնների ընթացիկ և գործարանային նորոգումներ։ Վերջինիս էին ենթարկվում ԽՍՀՄ երկաթուղային կայարանների գնացքների տեխնիկական զննման, անվտանգության, վագոնների հանդերձավորման և լվացման, բեռնարկղերի նորոգման բոլոր կետերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 351)։ |