Դատական գործ (1883)
Դատական գործ (1883), ցարական իշխանությունների հարուցած առաջին քաղաքական դատը Երևանում։ Պատասխանատվության են կանչվել 39 հոգի և մեղադրվել «հայասեր-ազգասեր» գաղտնի խմբակցություն կազմակերպելու համար։ Դեռնս 1881 թվականի վերջերին Երևանցի մի խումբ մտավորականներ, առանց իշխանությունների թույլտվության, հիմնել էին գրագիտության տարածման ընկերություն, որի նպատակն էր հրատարակել ժողովրդի ընթերցանության գրքեր։ 1882 թվականին ընկերությունը դարձել էր Կովկասի հայոց բարեգործական ընկերության մասնաճյուղը ն ծավալել կրթական լուսավորական գործունեություն։ Ընկերության շուրջ համախմբված մտավորականները երիտասարդության և սովորողների շրջանում միաժամանակ բացատրական աշխատանք են տարել՝ հօգուտ արևմտահայության ազատագրման, արթնացրել նրանց հոգում հայրենասիրական ոգի, ընդդիմացել ցարիզմի մեծապետական քաղաքականությանը, դրամական միջոցներ հավաքել Կիլիկիայի հայկական դպրոցներին ու Վանի սովյալներին օգնելու համար, նամակագրական կապեր հաստատել արևմտահայ հայրենասիրական կազմակերպությունների, Մոսկվայի «Հայրենասերների միության», Րաֆֆու և այլոց հետ։
Հայրենասիրական գաղափարների տարածման գործում հատկապես աչքի ընկնող դեր է խաղացել «Պսակ» (1880—1884 թվականներին) լրագիրը, որը կոչ է արել հայրենիքն ազատագրել սեփական ուժերով, հույս չդնել եվրոպական դիվանագիտության խոստումների վրա։ Անօրինական համարելով «Հայասեր ազգասեր»-ի գործունեությունը՝ ցարական իշխանությունները խմբակցության անդամներին մեղադրեցին պետական հանցագործության մեջ։ Սակայն մեծ աղմուկ չբարձրացնելու նպատակով մեղմ վճիռ կայացրին։ Թ․ Մհերյանը 3 ամիս բանտարկվելուց հետո աքսորվեց Կազան, իսկ Լ․ Տիգրանյանը, Ռ․ Ջալալյանը, Տ․ Մատակյանը, Տ․ Տեր-Զաքարյանը, Գ․ Հովհաննիսյանը, Ս․ Տեր-Գրիգորյանը 1—3 տարով արտաքսվեցին Կովկասի սահմաններից։ «Պսակ» թերթն արգելվեց, մի շարք մտավորականների նկատմամբ սահմանվեց ոստիկանական հսկողություն․ Րաֆֆին Թիֆլիսում ենթարկվեց տնային կալանքի, «Մշակ»-ի խմբագրատունը խուզարկվեց, թերթի տպագրությունը ժամանակավորապես ընդհատվեց։
Վարչական խիստ հսկողություն սահմանվեց Ռուսաստանի հայկական դպրոցների նկատմամբ, իսկ 1885 թվականի սկզբին այդ դպրոցները առաջին անգամ փակվեցին։ Բարեգործական ընկերությունները նույնպես հսկողության տակ առնվեցին, նորերի կազմակերպումն արգելվեց, ուժեղացվեց գրաքննությունը, Կովկասի հայաբնակ շրջաններից հայ պետական պաշտոնյաները տեղափոխվեցին այլ վայրեր։ Սակայն ցարիզմին չհաջողվեց կանխել հայերի ազգային ազատագրական շարժումը, որը հետագայում նոր դրսևորումներ ունեցավ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 306)։ |