Դաշտանային բաժակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաշտանային բաժակ կամ դաշտանային թասակ (անգլ.՝ menstrual cup) կանանց համար նախատեսված ինտիմ հիգիենայի միջոց է, որը տեղադրվում է հեշտոցում ՝ դաշտանային արտադրությունը հավաքելու համար։ Ի տարբերություն տամպոնների կամ հիգիենիկ միջադիրների, դաշտանային բաժակը չի կլանում հեշտոցային արտադրությունը, այլ կուտակում է դրանք։ Կան երկու տեսակի դաշտանային բաժակներ.

  • Պոլիէթիլենից պատրաստված փափուկ, ճկուն մեկանգամյա օգտագործման բաժակներ են։ Հիշեցնում են հակաբեղմնավորիչ դիաֆրագմա։
  • Երկրորդ, ամենատարածված տեսակը՝ ռետինից (լատեքս), բժշկական կարգի սիլիկոնից կամ ջերմապլաստիկ էլաստոմերից (TPE) պատրաստված բաժակներն են։ Այս տարաները բազմակի օգտագործման են և կարող են օգտագործվել մինչև 10 տարի։ Որոշ արտադրողներ խորհուրդ են տալիս ամեն տարի փոխել այն, մյուսները՝ 5-10 տարին մեկ անգամ։

Փափուկ, մեկանգամյա օգտագործման դաշտանային բաժակները կարող են օգտագործվել սեռական հարաբերության ժամանակ, սակայն դրանք հակաբեղմնավորիչներ չեն։ Սիլիկոնե կամ լատեքսից պատրաստված բաժակները պետք է հեռացնել սեռական հարաբերությունից առաջ։

Որոշ կանանց համար դաշտանային բաժակներ օգտագործելն ավելի դժվար է, քան տամպոններ կամ այլ հիգիենայի միջոցներ օգտագործելը։ 1995 թվականին 51 կնոջ մասնակցությամբ իրականցված կլինիկական հետազոտության ժամանակ 23 հետազոտվող կանանց կարծիքով (45%) դաշտանային բաժակները կիրառելի հիգիենայի միջոց են[1]։

2011-ին Կանադայում անցկացված հետազոտությունը, որի նպատակը ստուգելն էր, թե արդյոք դաշտանային բաժակները տամպոնների կենսունակ այլընտրանքն են, պարզել է, որ խմբի կանանց մոտավորապես 91%-ը հակված է օգտագործել բաժակը և խորհուրդ կտա այն ուրիշներին[2]։

Անվտանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային բաժակները անվտանգ են, եթե օգտագործվում են ըստ ցուցումների, իսկ հակացուցումներ չեն հայտնաբերվել[3][4]։

Առավելություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային բաժակների օգտագործման պատճառները հետևյալն են․

  • Գումարի խնայում. Դաշտանային բաժակները կարող են օգտագործվել մինչև 10 տարի[5]։ Որոշ արտադրողներ խորհուրդ են տալիս, ինչպես նաև որոշ կանայք նախընտրում են բաժակները փոխարինել 5 տարին մեկ։ Դաշտանային բաժակի սկզբնական արժեքն ավելի բարձր է, քան մյուս հիգիենայի պարագաները, սակայն երկարաժամկետ օգտագործման դեպքում այն ավելի շահավետ է։
  • Բնապահպանական պատճառներ. դաշտանային բաժակ օգտագործելիս թափոնների քանակն ավելի քիչ է։ Տամպոնների և միջադիրների մեծ մասում օգտագործվող բամբակը սպիտակեցված է, ինչը նույնպես համարվում է շրջակա միջավայրի համար վնասակար, իսկ բամբակի վրա հայտնվում են դիօքսանի հետքեր, ինչն էլ իր հերթին քաղցկեղածին է։ Միջին հաշվով կինն իր կյանքի ընթացքում օգտագործում է 11000 տամպոն և միջադիր, որոնց առաջացրած թափոնների քանակն ավելի շատ է։
  • Դյուրաշարժություն. ճանապարհորդելիս հարմար է ձեզ հետ վերցնել մեկ բաժակ՝ բազմաթիվ միջադիրների կամ տամպոնների փոխարեն։
  • Հարմարավետություն. Քանի որ դաշտանային բաժակը գտնվում է անմիջապես մարմնի ներսում, այն չի ստեղծում կոմպրեսի էֆեկտ, ինչպես, օրինակ, հիգիենիկ միջադիրները։ Բաժակը կանխում է չորացման զգացումը, որը կարող են ստեղծել տամպոնները։ Բաժակը կարելի է օգտագործել նախապես՝ դաշտանի սկսվելուց առաջ, ինչը կարող է հարմար լինել անկանոն դաշտանային ցիկլ ունեցող կանանց համար։
  • Առողջության համար ավելի քիչ վտանգ է ներկայացնում. թունավոր շոկի դեպքերի և դաշտանային բաժակների օգտագործման միջև կապ չի հայտնաբերվել։ Բժշկական սիլիկոնից պատրաստված բաժակները հիպոալերգեն են և չեն ազդում միկրոֆլորայի վրա։
  • Օգտագործման հեշտություն. Դաշտանային բաժակը կարող է ավելի շատ հեղուկ պահել, քան տամպոնը ուժեղ արյունահոսության դեպքում։
  • Մաշկը չի հպվում արտադրությանը։
  • Կարող է օգտագործվել սպորտի ժամանակ։
  • Անտեսանելի են հագուստի տակ։
  • Արտադրության հոտ չկա։

Թերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դաշտանային բաժակի տեղադրման և հեռացման համար անհրաժեշտ է հմտություն։ Սխալ կիրառելու դեպքում այն արդյունավետ չի լինի։ Բաժակն օգտագործելիս անհրաժեշտ է պահպանել հիգիենան (ձեռքերը մանրակրկիտ լվանալ), ինչը միշտ չէ, որ հնարավոր է տանից դուրս։
  • Պահանջում է ստերիլիզացում ամեն դաշտանային ցիկլի ավարտից հետո։
  • Փոխելիս հարկավոր է ջուր՝ ամանը ողողելու համար։
    Դաշտանային բաժակի ստերիլիզացում

Չափսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային բաժակներ արտադրող բրենդների մեծ մասը վաճառում է երկու չափսի բաժակներ՝ փոքր և մեծ։ Ավելի փոքր չափսը սովորաբար խորհուրդ է տրվում 30 տարեկանից ցածր կանանց կամ այն կանանց, ովքեր բնական ճանապարհով չեն ծննդաբերել։ Ավելի մեծը նախատեսված է 30 տարեկանից բարձր կանանց համար, ովքեր բնական ճանապարհով ծննդաբերել են կամ տառապում են առատ արտադրությունից։ Այնուամենայնիվ, չեն եղել ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս բաժակի այլ չափի անհրաժեշտությունը՝ կախված տարիքից կամ վիճակից[6]։ Ավելի փոքր բաժակների չափսերը խորհուրդ են տրվում նաև այն դեռահասներին, կանանց ու աղջիկներին, ովքեր ֆիզիկապես ավելի պատրաստված են, քանի որ ավելի ուժեղ կոնքի հատակի մկաններ ունեցողներին կարող է անհարմար լինել ավելի մեծ բաժակի չափը։ Եթե արգանդի վզիկը ցածր է կամ թեքված, ավելի կարճ բաժակը կարող է ավելի հարմար լինել։

Միջին դաշտանային բաժակի տարողությունը մոտ 20 մլ։ Որոշ բաժակներ ավելի մեծ են և կարող են պարունակել 37-51 մլ հեղուկ։ Չափերի մեծ մասն ավելի մեծ տարողություն ունի, քան սովորական տամպոնը, որի տարողությունն ընդամենը 10-12 մլ է։

Նյութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաշտանային բաժակները պատրաստվում են հիմնականում սիլիկոնից, որն օգտագործվում է բժշկության մեջ։ Բացառություն են կազմում որոշ տեսակներ, որոնք պատրաստված են լատեքսից և ջերմապլաստիկ էլաստոմերներից (TPE):

Գույն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարող են լինել ինչպես թափանցիկ, այնպես էլ տարբեր գույների։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ արտադրվել են 1930-ականներին և վաճառքի են հանվել առաջին տամպոնների հետ միաժամանակ։ Այս վաղ հետվիկտորիական դարաշրջանում այս թեմային առնչվող քննարկումները քաղաքավարի չէին համարվում։ Դաշտանային բաժակներ գնելը համարվում էր համարձակ մոտեցում և այն գնում էին միայն ամենաազատական կանայք։

Տնտեսապես, տամպոնները ավելի շահավետ արտադրանք են, քանի որ հաճախորդները պետք է գնեն դրանք ամեն ամիս։ Ստեղծման օրվանից ի վեր տամպոնների վաճառքը արագորեն աճեց, և մեծ գովազդային արշավներ սկսվեցին։ Միանգամյա օգտագործման կանացի հիգիենայի միջոցները շուտով դարձան արևմտյան կանանց մշակույթների հիմնական պարագաներ։

Դաշտանային բաժակները և միջադիրները սկսեցին ժողովրդականություն ձեռք բերել 1980-ականներին, երբ կանայք սկսեցին փնտրել էկոլոգիապես մաքուր (և ավելի էժան) այլընտրանքներ միանգամյա օգտագործման արտադրանքներին փոխարինող։ Դաշտանային բաժակներն ի սկզբանե պատրաստված էին բնական լատեքսից, որը ալերգեն է, ինչը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել։ Ժամանակակից բաժակները պատրաստված են բժշկական սիլիկոնից, որն ապահովում է մեխանիկական ամրություն և ալերգիկ չէ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. M. Cheng, R. Kung, M. Hannah, D. Wilansky, J. Shime Menses cup evaluation study(անգլ.) // Fertility and Sterility. — 1995. — В. 3. — Т. 64. — С. 661—663. — PMID 7641929.
  2. Courtney Howard, Caren Lee Rose, Konia Trouton, Holly Stamm, Danielle Marentette, Nicole Kirkpatrick, Sanja Karalic, Renee Fernandez, Julie Paget FLOW (finding lasting options for women): multicentre randomized controlled trial comparing tampons with menstrual cups(անգլ.) // Canadian Family Physician. — 2011. — В. 6. — Т. 57. — С. 208—215. — PMID 21673197. Архивировано из первоисточника 1 Հունիսի 2019.
  3. Tatnai Burnett. «What can you tell me about the menstrual cup?». Mayo Clinic (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 11-ին.
  4. Stewart, Elizabeth B. The V Book: A Doctor’s Guide to Complete Vulvovaginal Health. — New York: Bantam Books, 2002. — С. 96—97. — 455 с. — ISBN 0-553-38114-8
  5. Anna Maria van Eijk, Garazi Zulaika, Madeline Lenchner, Linda Mason, Muthusamy Sivakami, Elizabeth Nyothach, Holger Unger, Kayla Laserson, Penelope A Phillips-Howard Menstrual cup use, leakage, acceptability, safety, and availability: a systematic review and meta-analysis(անգլ.) // The Lancet. Public Health. — 2019. — В. 8. — Т. 4. — С. 376—393. — doi:10.1016/S2468-2667(19)30111-2 — PMID 31324419. Архивировано из первоисточника 31 Հոկտեմբերի 2021.
  6. Jen Gunter The vagina bible: the vulva and the vagina—separating the myth from the medicine. — Toronto, 2019. — ISBN 978-0-7352-7738-0, 0-7352-7738-9.