Դաշտաձորի կիկլոպյան ամրոց
Դաշտաձորի ամրոց, Գեղհովիտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք կա ավերակ միջնադարյան մի գյուղ, որի անունը մեզ հայտնի չէ։ Ավերակ գյուղի դիմաց՝ Դաշտիձոր և Մարտունի գետերի միացման տեղում մի բարձունք կա, որի կատարին՝ գետի հունից շուրջ 150 մետր բարձրության վրա, կառուցված է մի հսկա կիկլոպյան ամրոց՝ Դաշտիձորի բերդ կամ պարզապես Բերդի գլուխ անունով։ Այս ամրոցը շատ կողմերով նման է Սանգար ամրոցին։ Կառուցված է ոչ շատ թեք լանջի վրա և գրավում է ավելի քան 2 հեկտար տարածություն, որից միջնաբերդը՝ մոտ կես հեկտար։ Ամրոցի դիրքը գերիշխող է, արևմուտքից անառիկ՝ և չնայած դրան, բոլոր կողմերից այն շրջապատված է 4 մետր լայնություն ունեցող պարիսպներով, որոնց հիմքերը մի քանի շարք քարերի բարձրությամբ տեղ-տեղ պահպանվել են։ Բացի հիմնական պարիսպից միջնաբերդը հարավում ունի կիսաշրջանաձև կրկնապարիսպ։ Ամրոցի հյուսիսարևմտյան անկյունից, որտեղ հավանաբար եղել է գլխավոր մուտքը, անցնում է մի երկրորդ՝ ավելի թույլ պարիսպ, որի բարձունքի հյուսիսային ստորին լանջով ձգվում է դեպի արևելք, ապա դառնում հարավ ու վերջանում միջնաբերի մուտքի մոտ։ Այդ պատնեշի ներսի կողմով անցնում է ճանապարհը և ծածկված կերպով հասնում մինչև միջնաբերդի մուտքը։ Պարիսպների վրա հայտնաբերվեցին տարբեր մեծության 14 քարաբուրգ, որոնք դասավորված են միմյանցից հավասար հեռավորության վրա, միջնաբերդի հարավային մուտքի աջ և ձախ կողմերում։ Չորս աշտարակ միմյանցից 80-90 մետր հեռավորության վրա գտնվում են հյուսիսային և արևելյան պարսպի վրա։ Մեկ աշտարակ գտնվում է ամրոցի մուտքի ձախակողմյան պարսպի վերջավորության վրա։ Մի խոշոր (13×10 մետր) քարաբուրգի հիմք գտնվում է ամրոցի պարսպի հյուսիսարևմտյան անկյունում, որտեղից պարիսպը լեռան ջրբաժան կատարով, մոտ 110 մետր երկարությամբ, իջնում է մինչև ամրոցի ընդհանուր մուտքը, որի աջ և ձախ կողմերում երևում են երկու հսկա (13×10 մետր) աշտարակների հիմքեր։ Ամրոցի մուտքը՝ 12 մետր լայնությամբ, գտնվում է նրա հարավարևմտյան անկյունում։ Աշտարակների այսպիսի դասավորությունը ապահովում է ամրոցի խոցելի կողմերի պաշտպանությունը։ Ամրոցն ու նրա շրջապատը հարուստ են բնակատեղիների հետքերով, նրանցից դուրս կան բոլորաձև դամբարաններ։ Ամրոցը հավանաբար ապահովված է եղել Վարդենիսի լեռներից հոսող գետակների ջրերով։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միքայելյան Գ.Հ., Սևանի ավազանի կիկլոպյան ամրոցներ, Երևան 1968 թ.,էջ 35