Սանգար կիկլոպյան ամրոց
Սանգար (ժայռապատ, հանույթ 60), գտնվում է Ձորագյուղից 2 կիլոմետր դեպի արևմուտք, որը ամենահզոր ու ամենախոշոր ամրոցն է Սևանի ավազանում։ Այն կառուցված է խորը կիրճի հյուսիսային, համարյա ուղղաձիգ ու ժայռապատ լանջերով սարահարթի վրա, որը մի ընդարձակ հրվանդանի ձևով մտնում է երեք կողմերից գավահեժ ձորերի մեջ։ Սարահարթը փոքր-ինչ հարմարավետ է իր հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմերից։
Սանգարի ընդհանուր նկարագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարահարթը, որի վրա գտվնում են ամրոցի ավերակները, շրջապատի ձորերի հատակից բարձր է 300-500 մետր։ Այդ բարձունքից երևում են գեղատեսիլ Սևանը և նրան պարփակող լեռները։ Սանգարը պարսպապատված է հրվանդանի եզրերով անցնող գծով։ Նրա պարագիծը հավասար է 650 մետրի։ Երկարությունը 250 մետր է, միջին լայնությունը՝ 160 մետր, շուրջ 40.000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Ամրոցն ունի միջնապարիսպ, որը նրան բաժանում է 2 ոչ հավասար մասի, որից փոքրը՝ ձորաբերանի մասը, հանդիսացել է միջնաբերդը։ Գրավում է մոտ 17000 քառակուսի մետր։
Ամրոցի ավերակներում գտնված փաստերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցի ներսում կան բնակարանների ավերակների հետքեր՝ առավելապես միջնաբերդում։ Կացարանների հետքեր երևում են նաև նրա պարիսպներից դուրս, հարավ-արևմտյան կողմում։ Միաշար պարսպի կրկնակի հետքեր կան ամրոցի հյուսիսային կողմում, որոնք մերթ հեռանալով գլխավոր պարսպից և մերթ մոտենալով, նրա արևմտյան կողմով գալիս, միանում են հարավարևմտյան աշտարակի հիմքին։ Ամրոցից դեպի հյուսիս կան բոլորաձև դամբարաններ։ Ամրոցի արտաքին պարիսպների վրա երևում են տարբեր մեծության աշտարակներ, միջնապարսպի վրա կան ավելի փոքրերը, որոնք դարձված են դեպի ամրոցի գլխավոր մուտքը։ Աշտարակները միմյանցից համարյա հավասար հեռավորության վրա են դասավորված՝ առաջին աշտարակը գտնվում է ամրոցի հարավ-արևմտյան անկյունում, այնուհետև, մեկը մյուսից 20-30 մետր հեռավորության վրա դասավորված են 3 աշտարակ, երկրորդ խոշոր աշտարակը կանգնած է միջնապարսպի և արտաքին պարսպի կենտրոնն է, հաջորդ աշտարակը միջին մեծությամբ գտնվում է նշված աշտարակի և մուտքի միջև։ Մուտքի երկու կողմերում միջին մեծության աշտարակների ավերակներն են։