Դանիական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դանիական գրականության գրական առաջին հուշարձանները Երևան են եկել 12-րդ դարին, լատիներեն։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առավել նշանակալից է Սաքսոն Գրամատիկոսի «Դանիացիների գործերը» գիրքը։ 13-16-րդ դարերին ծաղկում է ժողովրդական բալլադի ժանրը։ 16-րդ դարը կապված է Ռեֆորմացիայի և Դանիայում գրքի տպագրության հետ։ Աստվածաշնչի՝ Կ․ Պեդերսոնի թարգմանությունը հիմք հանդիսացավ գրական լեզվի զարգացման համար։ Հրատարակվեցին աստվածաբանական տրակտատներ, սաղմոսագրքեր, ավելի ուշ՝ կրոնական չափածո ստեղծագործություններ։ 16-րդ դարի երկրորդ կեսին և 17-րդ դարում զգացվում Էր Վերածննդի դարաշրջանի իտալական և հոլանդական հումանիստական գրականության, ապա նաև ֆրանսիական կլասիցիզմի ազդեցությունը։ Հրատարակվեցին հին դանիական և սկանդինավյան հուշարձաններ ու ժողովրդական բալլադներ։ Տնտեսական ն սոցիալ-քաղաքական կյանքի տեղաշարժերը 18-րդ դարի սկզբներին նպաստեցին գրականության վերելքին։ Դանիական լուսավորության նշանավոր գործիչ Լ․ Հոլբերգը սկզբնավորեց ժամանակակից ռեալիստական գրականությունը։ 18-րդ դարի կեսին զարգացավ սենտիմենտալիզմը։ Ի․ Էվալդի դրամատուրգիան համակված էր խոր հուզականությամբ, Ե․ Բագեսենի, Պ․ Ա․ Հեյբերգի և Մ․ Բրունի սաեղծագործությունները՝ Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարներով։ 19-րդ դարի սկզբին դանիական գրականության մեջ իշխում էր ռոմանտիզմը։ Ա․ էլենշլեգերը փառաբանում էր նախաֆեոդալական և նախաքրիստոնեական մշակույթը («Ոսկյա եղջյուրներ», 1801 թվական), հավաստում ժողովրդի լավատեսությունը («Ալադինը կամ կախարդական լամպը», 1805 թվական)։ Անդրադառնալով ժամանակակից կյանքին՝ ռոմանտիկները (Ս․ Ս․ Բլիկեր, Կ․ Վինտեր) հանդես էին գալիս բնության և գյուղական կյանքի պատկերներով։ 19-րդ դարի 30-ական թվականներին ուժեղացան ռեալիստական միտումները։ Հ․ Ք․ Անդերսենը գրեց իր հեքիաթները։ Տ․ Կ․ Գյուլեմբուրգը ձգտում էր պատկերել առօրյա կյանքը։ 40-ական թվականներին զարգացան քաղաքական քնարերգությունը և երգիծանքը (Մ․ Ա․ Գոլդ-շմիտ, Կ․ Պ․ Պլոուգ)։ 70-ական թվականներին ուժեղացավ արտասահմանյան գրականության ազդեցությունը (Գ․ Բրանդես, Ե․ Պ․ Յակոբսեն, Խ․ Պոնտոպիդան, Կ․ Գելերուպ, Է․ Բրանդես)։ 80-ական թվականներին Դրախմանի, Գելերուպի և Բրանդեսի ստեղծագործություններում իշխել սկսեցին անհատապաշտական, սիմվոլիստական միտումները։ 1890-ական թվականներին և 20-րդ դարի սկզբներին շատ գրողների ստեղծագործություններում զգալի տեղ էր գրավում ռեալիզմը (Պոնտոպիդան, «Բախտավոր Պերը», 1898—1904 թվականներին, Ի․ Վ․ Իենսեն, «Երկար ճանապարհ», վեպերի շարք, 1908—1922 թվականներ, Գ․ Վիդ, Կարին Միքաելիս, Ի․ Մ․ Սկոլբորգ, Ի․ Օկյոր)։ Գրական ասպարեզ մտավ Մ․ Անդերսեն-Նեքսյոն՝ առաջին պրոլետարական գրողը, սոցիալիստական ռեալիզմի ավանդույթները շարունակողը։ Ֆաշիստական Գերմանիայի Դանիայի օկուպացման շրջանում (1940—1945 թվականներին) գրական գործիչներից շատերն իրենց կյանքը կապեցին դիմադրության շարժման հետ։ Ֆաշիզմի դեմ պայքարն արտահայտված է անլեգալ, կոլեկտիվ հրատարակված «Վառվում է կրակը» (1944 թվականին) ժողովածուում։ Ետպատերազմյան տարիներին ռեալիստական սոցիալ-քննադատական ուղղությունը զարգացում ապրեց Անդերսեն-Նեքսյոյի («Մորտեն Կարմիր», 1945—1948 թվականներ), Հանս Շերֆիգի («Կարիճ», 1953 թվական) և այլոց ստեղծագործություններում։ 50—60֊-ական թվականներին դրամատուրգիային բնորոշ է բուրժուական հասարակության սուր քննադատությունը։ Այդ միտումն արտահայտվել է Է․ Բրուն-Օլսենի, Է․ Կնուդսենի, Կ․ Ռիֆբերգի և Ի․ Իենսենի պիեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 279 CC-BY-SA-icon-80x15.png