Գևորգ Քոլոզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գևորգ Քոլոզյան
1917-1944
Ծննդավայր Նոր Բայազետ
Մահվան վայր Ջերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Զորատեսակ պարտիզան
Ծառայության տարիներ 1941—1944
Կոչում Կարմիրբանակային
Զորամաս Պարտիզանական բրիգադ «Գուիդո Բոսկալիա»
Մարտեր/պատերազմներ Երկրորդ Համաշխարհային Պատերազմ
Պարգևներ Valor militare bronze medal BAR.svg


Գևորգ Աղաբեկի Քոլոզյան, (1917, Նոր Բայազետ (այժմ Գավառ), Երևանի գավառ - հունիսի 25 1944, Ջերֆալկո, Սկարլինո, Տոսկանա, Իտալիա), կարմիր բանակային, հետո իտալական պարտիզան, պատերազմի ժամանակ մարմնով ծածկել է ֆաշիստական Գերմանիայի ռազմական կրակակետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականին Նոր Բայազետում։ 1938 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը և դպրոցում գերմաներեն դասավանդել։ 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ և մասնակցել Սովետա-ֆիննական պատերազմին, վիրավորվել է և մոտ կես տարի բուժվել Յարոսլավլի հոսպիտալում, որից հետո զորացրվել է և շարունակել դասավանդել հայրենի քաղաքի դպրոցում։ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի սկզբից կամավոր մեկնել է ռազմաճակատ։

Մոտ մեկ տարի գտնվել է Վրաստանում, ուր ըստ մեկ աղբյուրի[1] մասնագիտացել է հետախուզական դպրոցում, ըստ մյուսի[2] ռադիոդպրոցում։ 1942 թվականի գարնանից ծառայել է Ղրիմի ռազմաճակատի քաղբաժնում, ըստ այլ աղբյուրի[1] ոչ մեկ անգամ նետվել է հակառակորդի թիկունք դիվերսիոն խմբերի հետ։

1942 թվականի մայիսի 8-ից 11-ը ընկնում է շրջապատման մեջ[2] և գերվում։ 1942 թվականից համարվում է անհետ կորած։ Ըստ այլ վարկածի[1] գերվել է 1943 թվականին սլովակյան պարտիզանների հետ կապ հաստատելու համար հակառակորդի թիկունք նետվելու ժամանակ։

Գերությունն անց է կացրել Իտալիայում, 1944 թվականին փախել է և միացել «Գուիդո Բոսկալիա» պարտիզանական բրիգադին։ 1944 թվականի հունիսի 25-ին պարտիզանների ջոկատը շրջապատվում է։ Շրջապատումից դուրս գալուց՝ ոտքից վիրավոր Քոլոզյանը սեփական մարմնով ծածկում է հակառակորդի հրակնատը, որը փակում էր նահանջի ճանապարհը։ Թաղված է Ջերֆալկոյում։

«Գատզետտա Ուֆիչիալե» պաշտոնաթերթը, իր 1957 թվականի հունիսի 19-ի համարում հրապարակեց Գևորգ Քոլոզյանին հետմահու «Մարտական քաջության համար» բրոնզե մեդալով պարգևատրելու մասին։ 1966 թվականի մարտի 4-ին պարզվեց հերոսի ինքնությունը, գտնվեցին նրա ազգականները և Իտալիայի դեսպանը ԽՍՀՄ-ում նրանց հանձնեց մեդալը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ա. Պ. Կովալենկո, Գեորգին՝ ինքը Գևորգը, 1993 (ռուս.)
  2. 2,0 2,1 Ռ. Շիրինյան, Մատրոսովը Նոր Բայազետից, «Օգոնյոկ» ամսագիր, 1966 (ռուս.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png