Գրիգոր Կոյլավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգոր Կոյլավ
Ռումինիայի սենատոր
 
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, իրավաբան, արվեստագետ և հայագետ
Ծննդյան օր 1850
Ծննդավայր Բոտոշանի, Ռումինիա
Վախճանի օր 1920
Վախճանի վայր Բոտոշանի, Ռումինիա
Դինաստիա Կոյլավ
Քաղաքացիություն Flag of Romania.svg Ռումինիայի թագավորություն

Գրիգոր Կոյլավ (1850, Բոտոշանի, Ռումինիա - 1920, Բոտոշանի, Ռումինիա), հայազգի ռումինական հասարակական-քաղաքական գործիչ, հայագետ, իրավաբան, արվեստագետ, Կոյլավ ազնվական տոհմից։

Նախնական կրթությունն ստացել է Բոտոշանի հայոց արական դպրոցում, 1860-1868 թվականներին՝ Չեռնովցիում (այժմ՝ Ուկրաինայում)։ 1869-1872 թվականներին իրավաբանություն, փիլիսոփայություն, բնական գիտություններ ու նկարչություն է ուսանել Ստրասբուրգի, Վիեննայի, Մյունխենի համալսարաններում և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։

1880-1886 թվականներին եղել է Բոտոշանի հայոց իգական դպրոցի տնօրեն, ապա՝ քաղաքային խորհրդի անդամ, փոխքաղաքապետ (1888, 1892 և 1900 թթ.), գավառային խորհրդական և Սուչավայի (այժմ՝ Ռումինիայում) ընդհանուր խորհրդի փոխնախագահ (1894-1895 թթ.)։

Մի քանի անգամ ընտրվել է Ռումինիայի սենատոր, եղել Միջխորհրդարանական խաղաղության կոնֆերանսի անդամ, Բոտոշանի «Արմենիա» երաժշտական ընկերության փոխնախագահ, Բուխարեստի աշխարհագրական, պատմական ընկերությունների անդամ, «Բոտոշանի կուրիեր» թերթի հիմնադիրներից և Բուխարեստի «Էպոկա» թերթի խմբագիր։

1906 թվականին մասնակցել է Բուխարեստում հայ արվեստի ու մշակույթի ցուցահանդեսի կազմակերպմանը և արժանացել շքանշանի։ Ռումինական մամուլում հրատարակել է հոդվածներ հայ կարիճվորաց եղբայրությունների, հայ, ռումին և մոլդավ ժողովուրդների հարաբերությունների, ազգագրության, երաժշտության վերաբերյալ, կատարել թարգմանություններ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրել է Մոլդովայի և Ռումինիայի հայոց եկեղեցիների արձանագրությունները, հայ ձեռագրերը, դիվանական նյութերը և հրատարակել (ռումիներեն) հայագիտական աշխատություններ՝

  • «Հայերը իբրև քաղաքների հիմնադիրներ Արևելյան Եվրոպայում», 1909 թվական,
  • «Ռումինական երկրների հայերի ավանդությունները, սովորույթները և հավատալիքները», 1911 թվական,
  • «Ռումինական երկրների հայկական եկեղեցիները», 1912 թվական
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 562 CC BY-SA icon 80x15.png