Գունավոր մետաղների կարտելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գունավոր մետաղների կարտելներ, առավել հայտնի են ալյումինի և պղնձի կարտելները։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմն ալյումինի շուկայում գործում էր միջազգային երկու կարտել (1901-1908 թթ. և 1913-1914 թթ.), 1926 թվականին ստեղծվեց երրորդը, իսկ 1931 թվականին (99 տարի ժամկետով)՝ չորրորդը («Ալյանս ալյումինյում քամփընի»), որին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Շվեյցարիայի ալյումինի առավել խոշոր ընկերությունները։

Դադարեց գործելուց երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին։ 60-ական թվականների սկզբին, ալյումինի համաշխարհային կապիտալիստական շուկայում առաջարկի և պահանջարկի անհամապատասխանության պատճառով, ալյումինի մոնոպոլիաները սկսեցին նորից միավորվել կարտելների մեջ։ Պղնձի միջազգային «Քոփփեր էքսպորտերս ինքորփորեյթիդ» (1926 թ.) կարտելը վերահսկում էր կապիտալիստական երկրների պղնձի արտադրության 86%-ը և փաստորեն իշխում «Մետաղների լոնդոնյան բորսայի» վրա։ Կարտելի մեջ էին մտնում ամերիկյան և արևմտաեվրոպական առաջատար մոնոպոլիաները, այդ թվում՝ «Ամերիքըն մեթալ քլայմաքս ինքորփորեյթիդ» («American Metal Climax Incorporated»), «Ամերիքըն սմելթինգ էնդ ոիֆայնինգ քամփընի» («American Smelting and Refining Company») և այլն։

Գոյությունը դադարել է 1929-1933 թվականների տնտեսական ճգնաժամի շրջանում։ 1935 թվականին ստեղծվեց պղնձի նոր, եռամյա կարտել, որը վերահսկում էր այդ մետաղի արտադրության 75%-ը։ Այն ընդգրկում էր ամերիկյան, անգլիական և բելգիական կապիտալների հսկողության տակ գտնվող պղնձի խոշորագույն ընկերությունները։ 1957-1958 թվականների ճգնաժամի հետևանքով պղնձի առաջարկը գերազանցեց պահանջարկը, և առաջատար ընկերությունները պայմանավորվեցին հավասարաչափ կրճատել արտադրությունը։ Սակայն հետագայում, պղնձի նկատմամբ պահանջարկի աճի հետևանքով, այդ համաձայնությունը վերացվեց (1966 թ.

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 578