Գյումրու տպագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյումրու տպագրություն, առաջին տպարանը հիմնել է Դ. Մանոյանը, 1876 թվականին։ 1900-ական թթ. տպարանն անցել է նրա որդուն՝ Հովհաննեսին և գոյատևել մինչև 1918 թ.-ը։ Գործել են նաև Ա. Մալխասյանի «Այգ», Կ. Ափինյանի «Շիրակ», Հ. Ղասաբյանի և այլ տպարաններ։

Աշուղական երգերի տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին լույս է տեսել 20, 1906 թվականին՝ 21, 1907 թվականին՝ 19, 1912 թվականին՝ 23 անուն գիրք։ Տպագրվել են գեղարվեստական, հրապարակախոսական, բանասիրական, բառարանագրական, պատմագիտական, բժշկական, մանկավարժական և այլ բնույթի գրքեր՝ աշխարհաբար, գրաբար և ռուսերեն։ Առանձնապես շատ են հրատարակվել աշուղական գրքեր։ 1882 թվականին Գ. Սանոյանի տպարանում լույս է տեսել աշուղ Ջիվանու առաջին երգարանը, 1887 թվականին՝ նրա «Աշըղ Ղարիբի հեքիաթը», 1888 թվականին՝ «Քյարամի և Ասլիի հեքիաթը», աշուղ Շերամի «Սեր և կռիվ» (1907), «Անշուր պարտեզ» (1913), «Անզուսպ արշավ» (1915) և այլն։

Գրքերի տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1880-ական թթ. հրատարակվել են Աթաբեկ Խնկոյանի առակների, Հովհաննես Կոստանյանի բանաստեղծությունների ժողովածուները, 1898 թվականին՝ Ավետիք Իսահակյանի «Երգեր ու վերքեր» անդրանիկ ժողովածուն։ Ուշագրավ են Հ. Համբարձումյանի, Ա. Արամյանի, Մ. Տարախչյանի անտիկ, եվրոպական և ռուս գրականությունից կատարած թարգմանությունները։ 1917 թվականին լույս է տեսել թարգմանական-բանաստեղծական երեք ժողովածու՝ առաջին գիրքը վերնագրված է «Հեղափոխական երգեր» (կազմողներ և բանաստեղծությունների մի մասի թարգմանիչներ՝ Գ. Հանեսօղլյան և Կ. ՏերՄարգսյան), երկրորդում ամփոփված են Վահան Տերյանի, երրորդում՝ Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և Գ. Աֆրիկյանի բանաստեղծությունները՝ Ս. Փիրվերդյանի ռուսերեն թարգմանությամբ։

Արձակի և թատերագրության բնագավառներից հիշարժան են Ս. Տեր-Մելիքսեդեկյանի «Տիրացու Մարկոս, վեպ Շիրակա կյանքից» (1892), Հակոբ Պարոնյանի «Երգիծական հատվածներ» (1904) գրքերը, Լ. Մանվելյանի, Ատրպետի մի շարք երկերը։ Ուշագրավ են Կ. Ավփնյանի կազմած պատի և սեղանի օրացույցները (1899 - 1921), հայ կանանց հեղինակած և հրատարակած «Ոստիկ» (1904) հատորը և «Ախուրյան» (հրտ. 1902) օրացույցը, Ա. Մխիթարյանի «Փշրանք Շիրակի ամբարներից» (1901) բանահյուսական ժողովածուն, «Ասպարեզ» (1912), «Երիտասարդ», «Նոր ուղի» գրական ժողովածուները, Գրիգոր Մագիստրոսի «Թղթերը» (1910, առաջին անգամ), Գ. Լևոնյանի «Հայ աշուղներ» (1892) և «Հայոց պարբերական մամուլը» (1895) գրքերը, Ա. Տերտերյանի «Միքայել Նալբանդյան, ազգության հրապարակախոսը» (1910), Ն. Մանվելյանի «Ռուսահայ գրականության պատմություն»-ը (4 պրակ, 1909 - 1910

Գիտության տարբեր բնագավառներին են վերաբերում Մ. Գևորգյանի «Համառոտ տեսություն հնությանց Մեծին Շիրակա մայրաքաղաքին Անվո» (1903), Թորոս Թորամանյանի «Ո՞րն է իսկական Հոռոմոսի վանքը» (1911), Ա. Ղլտճյանի մի քանի գրքերը։

Պատերազմի և հեղափոխության խնդիրներին են նվիրված Բ. Ղարիբջանյանի «Քաղաքական այբբենարան» (1918), «Անկախ սոցիալդեմոկրատների ծրագրի քննադատությունը» (1919) գրքերը։

Թերթերի տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լենինականի առաջին պարբերականը՝ «Ալեքսանդրոպոլսկիյե օբյավլենիյա» («Александропольское объявления») շաբաթաթերթը, լույս է տեսել 1902 - 1907 թվականներին, խմբագիր-հրատարակիչ՝ Կ. Ափինյան։ 1907 - 1914 թվականին նրա ջանքերով հրատարակվել է «Ախուրյան» երկօրյա թերթը։ Մինչև Հայաստանում սովետական կարգերի հաստատումը լույս է տեսել ավելի քան երեսուն անուն պարբերական։ 1923 թվականից հրատարակվում է «Բանվոր» օրաթերթը։ 1921 թվականին պետականացվել են բոլոր տպարանները։ Նույն թվականից գործում էր Լենինականի Գ. Հանեսօղլյանի անվան տպարանը, որտեղ տպագրվում են գեղարվեստական գրականություն, «Բանվոր» օրաթերթը և այլն։

Իրենց տպարաններն ունեին Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, երկրաբանության ու ինժեներային սեյսմոլոգիայի ինստիտուտըը և մի քանի արտադրական ձեռնարկություններ։ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատճառով Գյումրու պոլիտեխնիկան ինստիտուտի մասնաշենքը փլվել է և տպարանն այլևս չի գործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 555