Գյուղատնտեսական կենդանիների ներմուծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գյուղատնտեսական կենդանիների ներմուծում, մաքրացեղ բուծման և տեղական ցեղերի հետ տրամախաչման (մթերատվության որակների բարելավում, նոր ցեղերի ստացում) նպատակով արտերկրից կենդանիների ներմուծում։ «Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության զարգացման» ծրագրի շրջանակներում ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ 2007-13 թվականներին Գերմանիայից և Ավստրիայից ՀՀ է ներմուծվել շվից, հոլշտեյն և սիմեն թալտավարի ցեղերի տոհմային բարձրարժեք 1811 երինջ, որոնք տրամադրվել են հանրապետության առաջատար 60-ից ավելի տավարաբուծական տնտեսությունների։ Ստացված բարձրարժեք տոհմային մատղաշով համալրվելու է ոչ միայն այդ տնտեսությունների նախիրը, այլև տարեկան շուրջ 1000 գլուխ տոհմային մատղաշ վաճառվելու է հանրապետության գյուղացիությանը և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին։

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ Ավստրիայից ներկրվել են մսատու ուղղության աբերդինանգուսյան, հայլանդ, հալովեյ, լիմուզին և սպիտակ ակվիտան ցեղերի տոհմային երինջներ և բարձրարժեք արտադրող ցուլեր։ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մշակել է նաև ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ (2011–20 թթ.), որով խրախուսվում է արտերկրից կաթնամսաբրդատու և մսատու ցեղերի արտադրող տոհմային խոյերի ներկրումը։ Կաթնամսաբրդատու ցեղերի խոյերով կբարելավվեն տեղական` հայկական կիսակոպտաբուրդ և բալբաս ցեղերի կաթնատվությունը, պտղատվությունը և մսային հատկությունները, իսկ մսատու ցեղերի խոյերով կկատարելագործվեն տեղական մազեխ, բոզախ և ղարաբաղյան ցեղերի վաղահասությունը, պտղատվությունը և մսային հատկանիշները։ Ներկրվել են նաև այծեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։