Գյուլաթաղի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուլաթաղի մելիքական ապարանք
Ներկա վիճակԱվերակ

Գյուլաթաղի մելիքական ապարանքի[1] մնացորդները գտնվում են Արցախ Մարտակերտի շրջանի Գյուլաթաղ գյուղում, ժայռոտ ու լերկ լանջերով բլրի գագաթին և հատվածաբար պահպանվել են մեր դարի կեսերին կառուցված դպրոցական շենքի պատերի մեջ։ Անցյալ դարավերջին ավերակները ավելի բարվոք վիճակում տեսել ու նկարագրել է Րաֆֆին և Մ. Բարխուդարյանցը, վերջինս արտագրել է նաև ապարանքի շինարարական արձանագրությունը, որը գտնվել է «դրան հիւսիսային սեմի վերայ».

«ԱՅՍ Է ՄԷԼԻՔ ԱՌՈւՇԱՆ ԹՎ ՌՄԽԸ (1799)։

Նույն հեղինակները ապարանքը վերագրում են Գյուլաթաղի Մելիք-Ալահվերդուն, չնայած մեկ այլ առիթով Մ. Բարխուդարյանցը վկայում է նաև, որ ապարանքը կառուցող Մելիք-Առուշանը գյուլաթաղցի Ալահվերդի յուզբաշու որդին էր, իսկ սա՝ Ջրաբերդի դրածո մելիքը և գավառի տոհմական իշխող Մելիք-Մեժլումի (Մելիք-Ադամի որդին և հաջորդը) յուզբաշի-հարյուրապետը՝ վերջինիս բացակայության ժամանակ մելիք նշանակված Շուշվա Իբրահիմ խանի կողմից։

Ամեն պարագայում, այնքան աննշան է եղել այս մելիքների դերը Արցախ-Ղարաբաղի վերջին շրջանի պատմության մեջ, որ պահպանված բազմաթիվ փաստաթղթերում գեթ մի վկայություն չկա նրանց մասին։

Ապարանքը, ինչպես վկայում են պահպանված մասերն ու չպահպանված մասերի հիշյալ նկարագրությունները, բրգավոր պարիսպներով շրջափակված ոչ մեծ կառույց է եղել՝ երկշար-պարսպակից սենյակներով։ Կառուցված է բլրագագաթի դարավանդաձև հարթության վրա, որի եզրերով էլ դրված են հատակագծում արևելքից-արևմուտք ձգված ուղղանկյուն կազմող (արտաքուստ՝ 19,15×28,15 մետր) պարսպապատերը։ Սրանց 1-2 մետր բարձրությամբ հատվածները պահպանվել են նույն պարագծով ավելացված դպրոցի շեքի պատերի ստորին մասերում, իսկ վերակառուցումից զերծ մնացած անկյունների շեշտված ու բոլորաձև-սնամեջ բուրգերից համեմատաբար ամբողջական վիճակում (մինչև 3 մ բարձրությամբ) մեզ են հասել հարավային կողմի երկուսը, որոնցից արևմտյանը՝ ներքին բոլորաձևություն ծածկող կիսավեր գմբեթաթաղով։ Հյուսիսային կողմում բուրգերի հիմնաքարերն են մնացել, իսկ պարսպի արևմտյան կեսը քանդվել է՝ դպրոցի համար մուտք բացելու նպատակով։ Հենց այստեղ՝ միակ մատչելի կողմում է եղել ապարանքի դարպասը, քանզի մյուս կողմերում պահպանված պարսպապատերը խուլ են։

Ապարանքի ներքին հորինվածքից հետքեր չեն պահպանվել։ Ըստ Մ. Բարխուդարյանցի՝ այն բաղկացած է եղել հինգ սենյակից, որոնցից իր այցելության ժամանակ երկուսը կանգուն են եղել, երեքը՝ կիսավեր։ Իսկ Րաֆֆու վկայությամբ՝ ողջ մնացած մի քանի թաղածածկ սենյակներում անցյալ դարավերջին բնակվում էին Մելիք-Ալահվերդյան տոհմի ներկայացուցիչները։

Այս տեղեկությունները համադրելով հուշարձանի առկա հատակաձևի հետ և ելնելով մելիքական ապարանքների հորինվածքային ընդհանրություններից՝ կարելի է ենթադրել, որ այստեղ ևս սենյակները հպված են եղել պարսպապատերին և երկու շարքով ընդգրկել են ներքին բակը։ Ընդ որում, ապարանքի հատակաձևի համաչափությունից ակնհայտ է, որ 2-3 սենյակները կարող էին զբաղեցնել միայն բակի արևելյան և արևմտյան կարճ պարսպակողմերը, այն էլ՝ միջանկյալ նախասրահի կամ երեսբաց սրահի առայությամբ։ Անկասկած այս սենյակները ընդհանուր առմամբ չեն տարբերվել ժամանակակից մյուս ապարանքների նման շինություններից և պատերում ունեցել են պահարանախորշեր ու բուխարիներ, իսկ պատուհանները եղել են բակահայաց ճակատում։

Չնայած վատ պահպանվածությանը՝ նկատելի է, որ այս ապարանքը ևս շեշտված պաշտպանական բնույթ է ունեցել. պատերը 1,2 մետր հաստություն ունեն, իսկ տեղանքի մատչելիության պատճառով, ողջ կառույցի չափերի համեմատ բուրգերը խոշոր են ու ընդգծված (արտաքին տրամագիծը՝ 4,8 մետր)։ Հատկանշական է նաև, որ գյուղամիջի բարձունքին կառուցված ապարանքն իր ընդհանուր ծավալով ազատ է կանգնած՝ ամրոցների միջնաբերդ-ապարանքների նման, ինչի հետևանքով պարսպակից սենյակաշարքերից և ոչ մեկը լանջամերձ-կիսագետնափոր չի եղել՝ ինչպես նույն շրջանի գրեթե բոլոր մելիքական տան համակառույցներում է։

Գյուլաթաղի ապարանքը 18-րդ դարի վերջի ճարտարապետական մտածողությամբ ստեղծված ևս մեկ մելիքական բնակարան-ամրոցի օրինակ է, և իր խիստ խաթարված վիճակով հանդերձ, լրացնում-հարստացնում է այդ բնագավառի պատմությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Узел, Кавказский. «Прибыль или культурное наследие - что нам важнее.». Кавказский Узел. Վերցված է 2020 թ․ մարտի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, էջ 86-87։
  2. Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 215։
  3. Մ. Բարխուդարեանց, Պատմութիւն Աղուանից, հտ. Բ, էջ 120։
  4. Րաֆֆի, ԵԺ, հտ. 9, էջ 283-284։