1923 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թվականներին աշխատել է բժշկական ինստիտուտի նյարդային հիվանդությունների ամբիոնում, 1961-1976 թվականներին՝ ամբիոնի վարիչ, 1976 թվականից՝ գիտական խորհրդատու։ 1958-1960 թվականներին եղել է Բժշկական ինստիտուտի կատարելագործման դասընթացների նյարդախտաբանության և նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Միրզոյանը Երևանի էվակոհոսպիտալի նյարդային հիվանդությունների բաժանմունքի վարիչն էր և ՀԽՍՀ էվակոհոսպիտալների գլխավոր նյարդախտաբանը։ 1945 թվականին 2-րդ կլինիկական հիվանդանոցում Միրզոյանը կազմակերպել է նյարդային հիվանդությունների բաժանմունք։ Միրզոյանը հեղինակ է «Ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքայինախտահարումը և բուժումը» (1948, ռուսերեն), «Ներվային հիվանդությունների համառոտ դասընթաց» (1965), «Նյարդային համակարգության ախտահարման և տեղադրական ախտորոշումը» (1973) և «Նյարդային հիվանդություններ» (1976) գրքերի։
Միրզոյանը եղել է ՀԽՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր նյարդախտաբանը, նյարդախտաբանների և հոգեբույժների համամիութենական ընկերության վարչության անդամ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 618)։