Գաբրիել Նորատունկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գաբրիել Նորադունքյանից)
Գաբրիել Նորատունկյան
 
Կրթություն՝ Փարիզի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Ազգություն հայ
Ծննդյան օր 1882
Ծննդավայր Կոստանդնուպոլիս
Վախճանի օր 1936
Վախճանի վայր Փարիզ

Գաբրիել Գրիգորի Նորատունկյան (1882, Կ. Պոլիս - 1936, Փարիզ), եղել է Օսմանյան Կայսրության ազգությամբ հայ խոշոր քաղաքական գործիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաբրիել Նորատունկյանը ծնվել է 1852 թվականին և մահացել 1936-ին։ Նախնական կրթությունը նա ստացել է Կ.Պոլսի Սկյուտարի ճեմարանում։ Փարիզի Իրավագիտական համալսարանը ավարտելուց հետո, 1875-ին վերադառնում է Կ.Պոլիս և արտաքին գործերի նախարար Ռեշիդ փաշայի հանձնարարությամբ՝ քարտուղարի պաշտոնում զբաղվում Արտաքին գործերի նախարարության իրավագիտական գործերի կարգավորման աշխատանքներով։ Կարճ ժամանակահատվածում Գաբրիել Նորատունկյանը ցուցադրում է օրենսգետի և դիվանագետի իր կարողությունները։ Տարբեր ժամանակներում պատասխանատու պաշտոններ է վարել այս գերատեսչությունում և հաջողությամբ լուծել զանազան դժվարին և կնճռոտ խնդիրներ։ 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո, որպես առաջին քարտուղար մասնակցել է ռուս-թուրքական սահմանագիծը որոշող միջազգային հանձնաժողովի աշխատանքներին։ 1883-ին ստանձնում է Բարձրագույն դռան իրավագետ-խորհրդականի պաշտոնը։ 1908 թ. Օսմանյան սահմանադրության վերահռչակումից հետո դարձել է Հանրային կառույցների նախարար և իր պաշտոնավարության ընթացքում իրականացրել օգտաշատ գործունեություն։ Որպես օսմանյան պատվիրակ՝ մասնակցել է Լահեի (Հաագա) միջազգային ժողովին։ Բալկանյան պատերազմի նախօրեին՝ 1912 թ., Գաբրիել Նորատունկյանը ստանձնում է արտաքին գործոց նախարարի պաշտոնը։ Այդ թվականներին օսմանյան պետությունը շատ ծանր իրավիճակում էր։ Նորատունկյանը ցուցաբերել է դիվանագիտական նրբություն և ամեն ջանք գործադրել երկիրը սպառնացող վտանգներից փրկելու համար։ Որպես օրենսգետ՝ միջազգային համբավ է ունեցել։ Ֆրանսերեն լեզվով հրատարակել է օսմանյան տերության սկզբնավորման շրջանից կայսրության՝ օտար պետությունների հետ կնքած միջազգային դաշնագրերի քառահատոր "Recueil d'actes internationaux de l'Empire Ottoman" հավաքածուն։ Կոթողային այս աշխատությունը Գաբրիել Նորատունկյանին ճանաչում է բերել Եվրոպայի գիտական շրջանակներում՝ նրան դարձնելով ֆրանսիական և գերմանական մի շարք գիտական ընկերությունների անդամ։ Պետական բարձր պաշտոնյա, նախարար, ծերակուտական լինելով հանդերձ՝ ունեցել է բեղուն ազգային գործունեություն։ Որպես անդամ կամ ատենապետ՝ աշխատել է ազգային տարբեր մարմիններում։ Վարել է նաև Ազգային ժողովի ատենապետի պաշտոնը։ Լոզանի կոնֆերանսում (1922-1923) Պողոս Նուբարի հետ գլխավորել է Ազգային պատվիրակությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Նորատունկյան. «Հառաջ» օրաթերթ, Փարիզ, 1936, նոյեմբեր, 15-20։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png