Բրուտի տղան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրուտի տղան
Տեսակպատմվածք
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1931
ԿերպարներԱնա զիզի, Անդո, բրուտ Ավագ, Եգոր, Նուշիկ, Ներսես բեյ, Սոնա, Մաշո
Կազմի հեղինակԱ․ Ս․ Քիշոյան
ՀրատարակչությունՍովետական գրող

Բրուտի տղան, պատմվածք, Ակսել Բակունցի՝ հրատ․ թվականը՝ 1931, ինքնակենսագրական գործերից։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրուտի տղան» Բակունցի ինքնակենսագրական պատմվածքներից է։ Առաջին դեմքով պատմողը թե՛ պատմվածքի հերոսներից է, թե՛ միաժամանակ իրական հեղինակը։ Անդոն Բակունցի հորեղբոր՝ բրուտ Ավագի թոռն է։ Նրա հայրը՝ Մուխանը, նույնպես բրուտագործությամբ է զբաղվել։ Պատմվածքում Ավագի թոռը դարձել է նրա որդին։ Ստեղծագործության մեջ Բակունցն ոչինչ չի ասում իր և Անդոյի ազգակցական կապի մասին։ Իրականությունն այն է, որ Անդոն ուսումը թողել էր կիսատ, Գորիսում աշխատել որպես էլեկտրամոնտյոր, մասնակցել է հեղափոխական շարժմանը։ Այնուհետև տեղափոխվել է Բաքու, երկու անգամ ամուսնացել․ առաջին կնոջից ունեցել է մի դուստր, երկրորդից՝ երկու որդի։ Մինչև կյանքի վերջին տարիները Անդոն բնակվում էր Բաքվում՝ մեկ-մեկ էլ այցելելով ծննդավայր Գորիս։ Պատմվածքում հիշատակված բոլոր վայրերը իրական են[1]։

Տպագրման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքը գրվել է 1931 թվականին, Երևանում (մասամբ Նորքում, որն եղել է գրողի սիրելի հանգստավայրը)։ Առաջին անգամ տպագրվել է 1931թ․ «Նոր ուղի» հանդեսի 2-րդ գրքում, հետագայում կրճատված տարբերակով՝ մեծահասակների համար կազմված դասագրքում («Դասագիրք հայ լեզվի և գրականության», 3-րդ տարի)։ 1933թ․ հիմնովին վերամշակված տարբերակով տպագրվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ 1955թ․ տեղ է գտել երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1959-ին՝ «Եղբայրության ընկուզենիները» ժողովածուի մեջ, 1964-ին՝ Երկերի առաջին հատորում, 1969-ին՝ «Ալպիական մանուշակը» ժողովածուի մեջ[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպքերը հերոսին տարել են արևոտ Գյունեյ թաղը, որտեղ բարակ առուն խշշում է փրփրած հեղեղի նման և ծտի ոտքի տակից գլորված ավազը խուլ արձագանք է տալիս։ Հերոսը հաստատուն քայլերով անցնում է մանկության օրերի ճանապարհով։ Նա գրում է անցած օրերի մասին, հիշում գյուղի և ընկերոջ՝ Անդոյի մանկությունից դրվագներ։ Հեղինակը պատմում է Անդոյի մոր՝ Անա զիզիի մասին, ով հացի կապոցը տալիս է որդուն, հոր՝ բրուտ Ավագի համար հաց տանելու։ Բրուտի քարանձավն երկու մասից էր՝ առաջինն ավելի ցածր էր, որի մեջ «չարխն» է, ջրի կուժը, իսկ երկրորդը բեմի պես բարձր էր, մեջը՝ չթրծված կժեր, կուլաներ, գավաթներ և դարակներ։ Անդոն հացի է հրավիրում հարևան բրուտին՝ Եգորին, ով բարի մարդ էր, ինչպես բրուտ Ավագը, և հերոսին տանջում է այն հարցը՝ ինչո՞ւ Եգորը գյուղում չի երևում և ինչո՞ւ են արդյոք նրան տվել «շաշ» մականունը. Պրոմեթև՞ս էր նա, բանտարկված բրուտի քարանձավներում, թե՞ մի խեղճ սատիր։ Հեղինակի մտքերի ծիրում հայտնվում է դպրոցը, պատմում դպրոցական ընկերների մասին, հիշում վիզը երկար, դեղնած աղջկան՝ Նուշիկին, ով հորը վաղուց էր կոցրել, մայրն էլ լվացք էր անում ուրիշների համար, և մի անգամ նույն դասարանի Մաշոն ասում է, որ Նուշիկի մայրը լվացքի կտոր է գողացել։ Անդոն դասամիջոցին իր ձեռքի սուր դանակով վախեցնում է Մաշոյին, սակայն ուսուցչուհուն հաջողվում է վերցնել դանակը։ Դասարան է մտնում ավագ ուսուցիչը և հայտնում, որ վարձը ուշացնելու դեպքում աշակերտները կհեռացվեն դպրոցից։ Անդոն չէր կարող վճարել։ Նրանց եկամտի աղբյուրը մի կով էր, որն էլ դադարել էր կաթ տալ։ Հոր պատրաստած կժերը չէին վաճառվում, իսկ թաղամասերից մեկում, ուր ապրում են «ռուսներ», Մաշոն, խանութի տերերը, չնչին գումարներով վաճառված ձուն բավարարում էր միայն գոյության պահպանմանը։ Անդոն թեև կրթություն չունի, բայց նրա աշխարհը ավելի խորն է, քան մյուսներինը։ Դեպքերի հաջորդ հանգրվանը ռազմաճակատն է՝ Արևմտյան ճակատում անխորտակելի պատնեշի պես կանգնել էր 84-րդ ջոկատը։ Շրջապատված քաղաքը նմանվել էր ռազմական ճամբարի։ Սկսվում են հրետանու ռմբակոծումները։ Ձորի կողմից քաղաք են մտնում չորս ձիավոր։ Առաջին գնացողը Անդոն էր։ Ոսկեգույն ձիավորը ճեղքում է ամայի հրապարակը, սլանում դեպի կամուրջը։ Ձիավորը թեքվում և կախվում է քարաժայռին, ոտքը մնում ասպանդակի մեջ։ Պատերազմի ձայներից խրտնած ձին սլանում է և գահավիժում՝ իր հետ տանելով հեծյալին։ Նույն թաղի գերեզմանատանը թաղվում է և Անա զիզին։ Ամեն երեկո հավաքվում են տղաներ և աղջիկներ, նվագում երգեր։ Տղաներից մեկը, ցույց տալով ձորի ճեղքված քարը, պատմում է բրուտի տղայի՝ Անդոյի կյանքի և մահվան մասին։ «Ու դեռ մի անգամ համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույն կշառաչեն հին խոսքը․ - Խաղաղությո՜ւ խրճիթներին, պատերա՜զմ պալատներին[3]»։

Ու դեռ մի անգամ համայն աշխարհում մեր թնդանոթները հզորագույն կշառաչեն հին խոսքը․ - Խաղաղությո՜ւ խրճիթներին, պատերա՜զմ պալատներին[3]

Գաղափարական բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բրուտի տղան» պատմվածքում հեղինակը մեծ վարպետությամբ է ներկայացնում հայրենի բնությունը, հայ գեղջուկի միամտության ու հոգու գեղեցկությունը, աշխատավոր մարդու հոգեկան արժանիքները։ Եվ այդ հնարանքների միջոցով է բացահայտվում պարզ հոգիների գեղեցկությունը, լեռնային Հայաստանի գեղեցկության ինքնատիպ ընկալումը, որը մի հազվագյուտ աշխարհ է և այդ աշխարհում, այդ բնության մեջ մշակվում են չքնաղ երազներ ու հրաշք պատմություններ՝ բույսերի, կենդանիների և մարդկանց մասին։ «Պարզ» նկարագրությունների մեջ էլ հեղինակը դնում է հոգեբանական և կյանքի բարդ արձագանք[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ակսել Բակունց, Երկեր, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1976. էջեր 655։.
  2. Ակսել Բակունց, Երկեր, հատոր 1. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ. 1976. էջեր 654։.
  3. Ակսել Բակունց, Երկեր. Երևան: Սովետական գրող. 1986. էջեր 165-191։.
  4. Հր․ Ս․ Թամրազյան (1980). Սովետահայ գրականության պատմություն. Երևան: Երևանի համալսարան. էջեր 494-495։.