Բույսերի կարանտինային վնասատուներ և հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բույսերի կարանտինային վնասատուներ և հիվանդություններ, առավել վտանգավոր վնասատուներ և հիվանդություններ, որոնք բացակայում են երկրում կամ տարածված են նրա տարածքի առանձին մասերում, բայց կարող են փոխանցվել երկրի տարբեր տարածաշրջաններ կամ թափանցել ինքնուրույն, տարածվել և մեծ վնաս պատճառել մշակաբույսերին։ Մի երկրից մյուսը վնասատուների և հիվանդությունների թափանցումը կամ երկրի սահմաններում նրանց տարածումն առկա է մշտապես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներին Ամերիկայից Եվրոպա է թափանցել խաղողի ֆիլոքսերա վտանգավոր վնասատուն, որը 1872 թվականին Գերմանիայից նաև Ղրիմ է ներթափանցել խաղողի վազի հետ։ 20-րդ դարի սկզբին և առաջին կեսին Հնդկաստանից շատ երկրներ է փոխանցվել բամբակենու ցեցը։ Նախկին ԽՍՀՄ-ում, նույն ՀԽՍՀ-ում բույսերի կարանտինային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարն սկսվել է 1925 թվականից, երբ հրատարակվել են մշակաբույսերը կարտոֆիլի քաղցկեղից, վարդագույն որդից (բամբակենու ցեց), խաղողի ֆիլոքսերայից պահպանող կարանտինային օրենքները, 1931թվականին հաստատվել է կարանտինային օբյեկտների ցուցակը, որը, ըստ վնասատուների առանձին տեսակների և հիվանդությունների ուսումնասիրման չափի, արտերկրների կարանտինային վիճակի, պարբերաբար վերանայվել է։ ՀՀ-ում այդ հարցերը կարգավորվում են «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքով, որի 5-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան՝ 2013 թվականին հաստատվել է նաև ՀՀ-ում բույսերի կարանտին և կարգավորվել ոչ կարանտինային վնասակար օրգանիզմների ցանկը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։