Բոտևգրադի պատմության թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոտևգրադի պատմության թանգարան
Տեսակպատմության թանգարան
Երկիր Բուլղարիա
ՏեղագրությունԲոտևգրադ
Հասցե2140
Հիմնադրվել է1937
Կայքmuseumbot.bg
Քարտեզ
Քարտեզ

Բոտևգրադի պատմության թանգարան (բուլղար․՝ Ботевградски исторически музей), Բուլղարիայի Բոտևգրադ քաղաքում 1937 թվականից գործող թանգարան, որը ժամանակի ընթացքում մի քանի շենք է փոխել, իսկ ներկայումս տեղավորված է նախկին դատական պալատի վերակառուցված շենքում[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոտևգրադի ու շրջակա բնակավայրերի պատմական անցյալի առաջին ուսումնասիրողներն ու համապատասխան նյութեր հավաքողները եղել են Սկրավենա գյուղի քահանա Գեորգի Պոպդիմիտրովն ու Տրուդովեց գյուղի երկարամյա ուսուցիչ Գեորգի Պոպիվանովը։

Տեղական „Орханийски новини“ («Օրխանյան նորություններ». քաղաքի անվանումը այդ ժամանակ եղել է Օրխան) թերթի 1927 թվականի հունվարի 10-ի համարում գրվել է Իվան Վազովի անվան քաղաքային գրադարանին կից հնագիտական թանգարան հիմնելու անհրաժեշտության մասին։ Թանգարանային հավաքածուի առաջին ցուցադրությունը կայացել է 1937 թվականին՝ տեղի գիմնազիայի տնօրեն Ասեն Ստեֆանովի ջանքերով։ Տարիների ընթացքում համալրվելով նորանոր ձեռքբերումներով՝ 1950 թվականին հավաքածուն տեղ է զբաղեցրել քաղաքի մշակութային կենտրոնը համարվող „Христо Ботев 1884“ ազգային գրադարանի շենքում, իսկ երկու տարի անց ձեռք է բերել պետական թանգարանի կարգավիճակ և տեղափոխվել նախկին «Բրիստոլ» հյուրանոցի շենք։

1959 թվականի մայիսի 24-ին տեղի է ունեցել թանգարանի պաշտոնական բացումը, 1970-ին ներկայացվել է թանգարանային երկրորդ հավաքածուն;

1985 թվականին կայացել է թանգարանի գեղարվեստական ֆոնդի առաջին ցուցահանդեսը, որով էլ դրվել է թանգարանին առընթեր պատկերասրահի հիմքը։ 1988 թվականին թանգարանին մի նոր շենք է հատկացվել՝ Բոտևգրադի կենտրոնում՝ ժամացույցակիր աշտարակի դիմաց։ Այստեղ թանգարանն ու պատկերասրահը գործել են մինչև 2011 թվականը։ Անցյալ դարի երեսնական թվականներին ճարտարապետ Պենչո Կոյչևի նախագծով կառուցված քաղաքային դատական պալատի շենքը 2010 թվականի կեսերից սկսել են վերակառուցել, ավելացրել են ևս մեկ հարկ։ Հենց այդտեղ էլ 2011 թվականի մայիսի 3-ից շարունակել է իր գործունեությունը պատմության թանգարանը։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ունի չորս բաժանմունք և մեկ մասնաճյուղ, որը գտնվում է քաղաքի մերձակա Բոժենիցա գյուղում։ Թանգարանային հավաքածուն ներառում է ավելի քան 15 հազար ֆոնդային միավոր, այդ թվում՝ անվանի անձանց իրեր, պատմական փաստաթղթեր, լուսանկարներ, հնատիպ գրքեր ու թերթեր, զենքի ու զրահի նմուշներ, հին դրամներ, զինանշաններ, գեղարվեստական աշխատանքներ։ «Орханиец» սրահը հագեցած է շնորհահանդեսներ կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով[2], լայն հնարավորություններ են ստեղծված գեղարվեստական, կիրառական, փաստավավերագրական ցուցահանդեսներ կազմակերպելու և հյուրընկալելու, հավաքույթներ, դասախոսություններ, զրույց-բանավեճեր, բաց դասեր, հանդիսություններ անցկացնելու համար[2][3][4][5]։ «Արվեստի սրահ» նախաձեռնության շրջանակներում թանգարանում ներկայացված են բանաստեղծ Ստամեն Պանչևի անվան գրական ակումբի անդամների և այլ ստեղծագործողների լավագույն գործերը, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարչական աշխատանքներ... Որպես լուսավորա-մշակութային և գիտական հիմնարկություն՝ թանգարանը անընդհատ ընդլայնում ու խորացնում է գիտահետազոտական, հավաքչային, կրթական իր գործունեությունը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Музеят ще бъде преместен в сградата на Районния съд през следващата година» (բուլղարերեն). 2008 թ․ սեպտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 «През целия ден в Исторически музей – Ботевград ще бъдат показвани компютърни разработки за Христо Ботев» (բուլղարերեն). 2016 թ․ հունվարի 6. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  3. «Над 20 деца и възрастни участваха в Ръкотворницата на Баба Марта» (բուլղարերեն). 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. «Акад. Георги Марков ще бъде гост на Исторически музей – Ботевград» (բուլղարերեն). 2018 թ․ նոյեմբերի 5. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. «В препълнена зала се състоя тържеството за Въведение Богородично» (բուլղարերեն). 2018 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոտևգրադի պատմության թանգարան» հոդվածին։