Բիարի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիարի ամրոց
իսպ.՝ Castillo de Biar
Նկարագրություն
Տեսակդղյակ և հուշարձան
Վարչական միավորԲիար[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Համալիրի մասԱլիկանտեի մշակութային ժառանգություն
Քարտեզ
Քարտեզ
 Castell de Biar Վիքիպահեստում

Բիարի ամրոց (իսպ.՝ Castillo de Biar), արաբների կողմից կառուցված և կաթոլիկների կողմից վերակառուցված պաշտպանական կառույց Իսպանիայի հարավ-արևելքում՝ Ալիկանտե գավառի Բիար քաղաքում[3]։ Հիմնադրվել է 12-րդ դարում[4] Ալ-Մոհադների տոհմի ներկայացուցիչների կողմից, ինչի մասին է վկայում ամրոցի անվանումը՝ «Biar», որ արաբերենից թարգմանաբար նշանակում է «ջրհոր»։ Ըստ պատմաբանների՝ ամրոցը կոչվել է համանուն բնակավայրի անունով։ 1245 թվականին ամրոցը գրավվել է կաթոլիկների կողմից, վերակառուցվել 1260-ական թվականների վերջերին ու 1293 թվականին[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեկոնկիստայի ուշ շրջանում ներկայիս Բիրա քաղաքի տարածքով է անցել սահմանը Կաստիլիայի ու Արագոնի քրիստոնեական թագավորությունների ու մուսուլմանների Մուրսիայի (Ալ-Անդալուսի մի մասը) միջև[5]։ Այդ տարածքում էլ մուսուլմանները 12-րդ դարում հիմնադրում են բերդ-ամրոցը, որը կառուցվում է լեռան վրա։

13-րդ դարում ամրոցը գրավվել է քրիստոնյաների կողմից ի դեմս Խայմե I թագավորի, սակայն գրավումից հետո վերջինս որոշել է չվտարել ամրոցի իսլամադավան բնակչությանը[3] և թույլ է տվել նրանց մի որոշ ժամանակ բնակվել ամրոցում[6]։ 1265 թվականին ամրոցը մի կարճ ժամանակով կրկին անցել է մավրերի ձեռքը, սակայն ապստամբության ճնշումից հետո հանձնվել է Առնաու դե Մոնցոյին, ով նախաձեռնել է ամրոցի առաջին նշանակալի վերակառուցումը։ 1293 թվականին Արագոնի Խայմե II թագավորը հրամայել է ուժեղացնել ամրոցի պաշտպանական հնարավորությունները, քանի որ այն շարունակում էր կարևոր դեր խաղալ Արագոնի ու Կաստիլիայի սահմանի վրա։ Ամրոցում կառուցվել են զորանոցներ, ինչպես նաև տնտեսական նշանակություն ունեցող բազմաթիվ շինություններ։

Կաստիլիայի ու Արագոնի հակամարտության ժամանակ՝ 1375 թվականին, ամրոցը պաշարել է Կաստիլիայի Պեդրո I թագավորը, սակայն չի կարողացել գրավել այն։ 14-րդ դարում[7]՝ Կաստիլիայի ու Արագոնի միավորումից հետո, ամրոցը կորցնում է իր ռազմավարական նշանակությունն ու սկսում հետզհետե ավերվել, չնայած այնտեղ շարունակում էին ապրել մարդիկ։

1931 թվականին Բիարի ամրոցը ձեռք է բերել պատմագեղարվեստական ազգային հուշարձանի կարգավիճակ։ Արդեն մի քանի դար այն քաղաքային սեփականություն է[6]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը համակենտրոն կառույց է։ Գլխավոր աշտարակը (դիժոն) գտնվում է լեռան գագաթին, իսկ լեռան լանջերով ձգվում են երկու շարք պարիսպները։ Նախկինում եղել է պարիսպների երրորդ շարքը, որ ամբողջովին շրջափակել է Բիար քաղաքը։ Կենտրոնական աշտարակի բարձրությունը կազմում է 19 մետր։ Այն քառակուսաձև է, ունի երեք մակարդակ, իսկ վերևում կա ընդարձակ դիտահարթակ[8]։ Հարավային կողմից ամրոցը հասնում է մինչև զառիթափ լեռնալանջ, ինչի պատճառով էլ այդ կողմում պատ չի կառուցվել։ Հյուսիսային կողմում կան տնտեսական նշանակության երկու բակեր, որոնք տեղակայված են տարբեր մակարդակների վրա՝ մեկը մյուսից վերև։ Գլխավոր դարպասները գտնվում են ամրոցի արևելյան կողմում։ Ամրոցը շրջապատում են բավական հաստություն ունեցող քարե պատերը։ Երկրորդ շարքի պարսպից պահպանվել են միայն մի քանի հատվածներ։

Ներկայում ամրոցում գործում է ազգագրական թանգարան։ Այնտեղ է գտնվում քաղաքային կառավարության նախկին շենքը[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 https://ceice.gva.es/va/web/patrimonio-cultural-y-museos/inventario-general
  3. 3,0 3,1 3,2 3,3 Замок Кастильо де Биар (Castillo de Biar) — Замки Испании
  4. «Castillo de Biar en Biar: Visita monumentos de Biar | Spain.info en español». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  5. «Мир замков — Биар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  6. 6,0 6,1 «Мусульманский замок Биар в провинции Аликанте». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  7. Castillo De Biar
  8. Замок Биар
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիարի ամրոց» հոդվածին։