Բեռլինի ճգնաժամ
Բեռլինի 1961 թվականի ճգնաժամ (հունիսի 4-նոյեմբերի 9), Սառը պատերազմի վերջին մեծ ռազմաքաղաքական միջադեպ Եվրոպայում, որը կապված էր Գերմանիայի մայրաքաղաքի հետպատերազմյան կարգավիճակի հետ։ ԽՍՀՄ-ի դաշնակիցներին ուղղված Արևմտյան Բեռլինը ազատելու պահանջը հանգեցրեց քաղաքական ճգնաժամի։ Սառը պատերազմի առավել լարված իրադարձություններից է եղել։ Նույնիսկ առկա էր միջուկային պատերազմի սպառնալիք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտագաղթի Բեռլինյան ուղին
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտական փուլում՝ Արևելյան Եվրոպայի խորհրդային օկուպացիայից հետո, վերոհիշյալ տարածաշրջանի երկրների բնակչության որոշ մասը ձգտում էր անկախության և ցանկանում էին Խորհրդային միությունը լքի իրենց երկրների տարածքը[1]։ Միայն 1945-1950 թվականներին շուրջ 15 մլն մարդ արտագաղթեց Արևելյան Եվրոպայի խորհրդային օպուպացրած շրջաններից դեպի արևմուտք։ Արդեն 1953 թվականին Արևմտյան Գերմանիայում ապաստարան պահանջողների թիվը կազմեց 331 000 մարդ[2]։
Մինչ 1950-ական թվականներն արտագաղթ զսպող ԽՍՀՄ միջոցառումներին մասակից էին դառնում նաև Արևելյան բլոկի երկրները՝ ներառյալ Արևելյան Գերմանիան[3]։ Ընդհուպ մինչև 1953 թվականը Արևելյան և Արևմտյան Գերմանիաների միջև սահմանը կարելի էր հեշտորեն հատել բազմաթիվ վայրերում[4]։
1955 թվականին ընդունված օրենքի համաձայն Բեռլին մուտքի վերահսկողությունը հանձնվեց Արևելյան Գերմանիային։ Սա սահմանային վերահսկողության բարելավմանը միտված միջոցառում էր։
1952 թվականին Գերմանիայի ներքին սահամնների[5] պաշտոնական փակմամբ Բեռլինի սահմանները մնացին նշանակալիորեն անցանելի, քան սահմանի մյուս հատվածները, քանի որ այն բաժանված էր չորս ազդեցության գոտիների։ Հետևաբար Բեռլինը դարձավ Արևելյան Գերմանիայից Արևմուտք անցնելու հիմանկան ուղին։ Մինչև 1961 թվականը Արևելյան Գերմանիայի բնակչության 20 տոկոսը՝ շուրջ 4.5 մլն մարդ անցել էր Արևմուտք[6]։ Գաղթյալների մեծ մասը ինժեներներ էին, ֆիզիկոսներ, բժիշկներ, գիտնականներ, փաստաբաններ։ Ուղեղների արտահոսքը թողեց իր կնիքը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Սա հարկադրում էր խորհրդային ղեկավարությանը հրամայական միջոցառումներ ձեռնարկել[7]։
Բեռլինի վերջնագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]1958 թվականի նոյեմբերին ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովը Արևմտյան տերություններին ներկայացրեց 6 ամսում Բեռլինի տարածքից զորքերը դուրս բերելու և այն ապառազմականացնելու վերջնագիր։ Խրուշչովը հայտարարեց, որ այդ ընթացքում վերահսկողություն կհաստատվեն Արևմտյան Բեռլինը Արևելյան Բեռլինին կապող ուղիների նկատմամբ։ Ի պատասխան այս պահանջի՝ ԱՄՆ-ը, Միացյալ Թագավորությունը և Ֆրանսիան կոշտ պատասխանեցին և հանդես եկան իրենց զորքերի՝ քաղաքում մնալու օրինական իրավունքի պաշտպանությամբ[8]։ Սկսվեցին բանակցություններ չորս երկրների միջև, որոնք, սակայն, էական արդյունք չտվեցին։
1959 թվականի սեպտեմբերին խնդրի կարգավորման նպատակով Խրուշչովը մեկնեց ԱՄՆ։
Նախագահական Քեմփ Դեյվիդ ամառանոցում տեղի ունեցան հիմնական բանակցությունները Նիկիտա Խրուշչովի և Դուայթ Էյզենհաուերի միջև։ Էյզենհաուերը մատնանշում էր վերջնագրի բացասական հետևանքները և ներկայացնում՝ ինչ ծանր հետևանքներ կարող է ունենալ վերջնագրի պահանջների կատարումը։ Վերջինիս դիրքորոշումից Խրուշչովը հասկացավ, որ համաձայնության հասնել հնարավոր չէ։ Չհասնելով շոշափելի արդյունքի՝ որոշվեց խնդիրը քննարկել 1960 թվականի մայիսի Փարիզի գագաթնաժողովում։ Սակայն գագաթնաժողովը չեղարկվեց Գարի Պաուերսի լրտեսական թռիչքի բացահայտման պատճառով։
Լարվածության աճ և ճգնաժամ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խնդրի կարգավորմանը միտված հաջորդ իրադարձությունը 1961 թվականի հունիսի 4-ին Վիեննայում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում Խրուշչովի և ԱՄՆ նոր նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի հանդիպումն էր։ Պետք է նշել, որ ԽՍՀՄ առաջնորդը վերջինիս դիտարկում էր որպես թույլ դիվանագետի և համոզված էր, որ կոշտ դիրքորոշմամբ կհասնի խնդրի լուծման ցանկալի տարբերակին։
Խրուշչովը սպառնաց առանձին հաշտության պայմանագիր կնքել Արևելյան Գերմանիայի հետ, որ կնշանակեր չորս տերությունների պայմանագրի խախտում։ Պայմանագրի կնքման վերջնաժամկետ նշվեց 1961 թվականի դեկտեմբերի 31-ը[9]։ Երեք տերությունները պատասխանեցին, որ ոչ մի միակողմանի պայմանագիր չի կարող արգելք հանդիսանալ Արևմտյան Բեռլինում իրենց իրավունքների և պարտականությունների կատարման համար։ Ամերիկյան արձագանքը բավականին կոշտ էր։ Մասնավորապես նախագահ Քենեդին հուլիսի 25-ի՝ ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հեռուստատեսային ուղերձում նշեց, որ չեն ձգտում պատերազմի և հասկանում են Խորհրդային Միության պատմական մտահոգությունը Արևելյան Եվրոպայում խաղաղության և անվտանգության պահպանման վերաբերյալ։
Միաժամանակ դիմեց Կոնգրեսին ռազմական ծախսերը 3.25 մլրդ դոլլարով ավելացնելու համար։ Նա բացատրեց ամերիկյան քաղաքականության էությունը՝ ասելով․ «Մենք ձգտում ենք խաղաղության, բայց չպետք է տեղի տանք»։ Քենեդու ելույթը Խրուշչովը ընդունեց որպես պատերազմի սպառնալիք։
Բեռլինի պատի կառուցում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արևելյան Գերմանիայի կառավարությունն անհանգստացած էր բնակչության արտագաղթի տեմպերով։ Ուոլթեր Ուլբրիխտը` Արևելյան Գերմանիայի Սոցիալիստական Միություն կուսակցության առաջին քարտուղարը և երկրում որոշում կայացնող գլխավոր անձը, հավաստիացրեց ԽՍՀՄ ղեկավարությանը, որ անհրաժեշտ է դադարեցնել արտագաղթը ուժի կիրառմամբ։ Սա հակասում էր գործող պայմանագրի դրույթներին, որով հաստատվում էր Բեռլինի օկուպացված չորս գոտիներում ազատ տեղաշարժի իրավունքը։
Արևելյան Գերմանիայի ղեկավարությունը սկսեց նախապատրաստական աշխատանքներ կատարել Բեռլինի պատի կառուցման համար[10]։ Պատի կառուցման ծրագրի մասին գիտեին միայն պետական բարձրաստիճան շրջանակները։ 1961 թվականի հունիսի 15-ին պատի կառուցումից երկու ամիս առաջ, Ուոլթեր Ուլբրիխտը միջազգային մամուլի ասուլիսում հայտարարեց․ «Ոչ ոք պատ կառուցելու մտադրություն չունի» (Niemand hat die Absicht, eine Mauer zu errichten!)։ Սա առաջին անգամն էր, որ պատ (Mauer) բառը օգտագործվեց այս ենթատեքստով։ 1961 թվականի օգոստոսի 4-7-ը ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի արտգործնախարարների Փարիզում կայացած գաղտնի հանդիպման ժամանակ կողմերը չցուցաբերեցին անհրաժեշտ վճռականություն պատերազմական իրավիճակ ստեղծելու համար։ Գաղտնի ծառայությունների միջոցով տեղեկանալով փարիզյան հանդիպման արդյունքների մասին Խրուշչովը ավելի անզիջում դարձավ։ Արևմտյան տերություները ստացել էին որոշ տեղեկություններ պատի կառուցման վերաբերյալ։ Օգոստոսի 9-ին Արևմտյան Գերմանիայում ԱՄՆ ուժերի հրամանատարը ռազմական խորհրդակցության ժամանակ ներկայացրեց այդ տեղեկությունները և պատի կառուցման վերաբերյալ կանխատեսումները։
1961 թվականի օգոստոսի 12-ին Արևելյան Գերմանիայի ղեկավար խորհրդակցության արդյունքում Ուլբրիխտը ստորագրեց սահմանի փակման և պատի կառուցման մասին որոշումը։ Կեսգիշերին բանակը, ոստիկանությունը և Արևելյան Գերմանիայի զորամիավորումները փակեցին սահմանը և մինչև օգոստոսի 12-ի լուսաբացն Արևելյան Բեռլինի արևմտյան սահմանը փակված էր։ Սկսվեցին ինտենսիվ շինարարական աշխատանքներ ավելի քան 32 հազար մարտական և ինժեներական զորքերի մասնակցությամբ։ Հնարավոր ընդվզումները զսպելու և Արևմտյան տերությունների միջամտությունը կասեցնելու համար քաղաքում էին նաև խորհրդային զորքերը։ Ի պատասխան այս գործողությունների նախագահ Քենեդին օգոստոսի 30-ին հրամայեց շուրջ 150 հազար պահեստային ուժերին բերել մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Կատարվեց Բեռլինի ամերիկյան զորքերի զգալի համալրում։
ԱՄՆ և ԽՍՀՄ տանկային առճակատումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինը կառավարող 4 տերությունները 1945 թվականի Պոտսդամի համաժողովում որոշում էին կայացրել դաշնակցային անձնակազմի օկուպացված գոտիներում ազատ տեղաշարժի վերաբերյալ։ Սակայն 1961 թվականի օգոստոսի 22-ին պատի կառուցումից երկու ամիս անց, ամերկյան ռազմական առաքելության ղեկավարի մեքենային թույլ չտվեցին հատել Արևելյան Բեռլինի սահմանը։ Դրան հաջորդեց ամերիկյան դիվանագիտական մեքենայի սահմանն անցնելու արգելումը։ Սրան հետևեց ԱՄՆ պետդեպարտամենտի բողոքը՝ ԽՍՀՄ ստանձնած պարտավորությունները խախտելու վերաբերյալ[11]։
Ի պատասխան, ԽՍՀՄ ռազմական ղեկավարությունը ամերիկյան տանկային ստորաբաժանումների առկայությունը սահմանամերձ շրջանում որակեց «բաց սադրանք»։
Միաժամանակ նշվեց՝ ամերիկյան զինվորականները կարող են սահմանը հատել առանց խոչընդոտների, և կանգնեցվում են, երբ նրանց ինքնությունը պարզ էր լինում հսկիչներին։ Իսկ տանկերի վերաբերյալ հայտարարվեց, որ ԽՍՀՄ-ը ևս ունի տանկեր և անհրաժեշտության դեպքում պատրաստ է դիմակայել։ Սահմանային հսկողությունը փորձելու համար Արևելյան Գերմանիան կրկին ուղարկվեց ամերիկյան դիվանագիտական ավտոմեքենա։ Չիմանալով հետևանքները ամերիկյան տանկային շարասյունը բերվեց մարտական վիճակի և տեղափոխվեց սահմանամերձ շրջան։ Դիվանագիտական մեքենայի վերադարձից հետո հետ քաշվեցին նաև տանկերը։ Դրանից անմիջապես հետո խորհրդային 33 տանկերը շարժվեցին դեպի Բրանդենբուրգյան դարպասներ[12]։
Հետաքրքրի է, որ հետագայում պարզվում է, որ Նիկիտա Խրուշչովը ամերիկյան տանկերի հետ վերադարձը դիտարկել է որպես նահանջ կապված խորհրդային տանկերի առաջխաղացման հետ։ Դա հերքեց ամերիկյան ռազմական առաքելության ղեկավար Ջիմ Ալվուդը։ Նա այդ ընթացքում հրամայել է լեյտենանտ Վերն Պիկին ստուգել արդյոք դրանք խորհրդային տանկեր են։ Խորհրդային տանկերից 10-ը շարժվեցին դեպի սահման և կանգ առան շփման գծից 50-100 մետր հեռավորության վրա։ Ամերիկյան տանկերը հետ են շրջվում և դիրքավորվում սահմանից նույնքան հեռավորության վրա։ 1961 թվականի հոկտեմբերի 27-ին 17։00-ից մինչև հոկտեմբերի 28-ի 11։00-ին հակառակորդ տանկերը դիրքավորված էին դեմ հանդիման։ Երկուսին էլ հրամայված էր կրակին ի պատասխան կրակել։ Այդ պահին էր, որ ԱՄՆ պետքարտուղար Դին Ռասկը տեղեկացնում է ռազմական առաքելության հրամանատարին, որ Բեռլինը չի հանդիսանում ԱՄՆ-ի համար կենսական տարածք։
Այնուհանդերձ հրամանատար Քլեյը վստահ էր, որ եթե ամերիկյան տանկերը առաջ շարժվեն և քանդեն պատը, խորհրդային զորքերը չեն սկսի ռազմական գործողություններ։ Բայց նրա տեսակետը չընդունվեց Քենեդու կողմից, որը պատի առկայությունն ընդունելը համարում էր լավագույն լուծում։ Խրուշչովը և Քենեդին գաղտնի գործակալի միջոցով, ով հանդիսանում էր կապի միակ միջոցը, որոշեցին հեռացնել տանկերը՝ լարվածությունը թուլացնելու համար։ Պայմանավորվածության համաձայն առաջինը պետք է հետ քաշվեին ԽՍՀՄ տանկերը։ Իսկ պատի վերաբերյալ Քենեդին նշեց, որ թեև այն լավագույն լուծումը չէ, բայց ավելի նախընտրելի լուծում է, քան պատերազմը։ Խորհրդային տանկերը առաջինն սկսեցին նահանջել, որին հետևեց ամերիկյան տանկերի նահանջը։ Երկու գերտերությունների ղեկավարների փոխըմբռնման շնորհիվ հնարավոր դարձավ խուսափել պատերազմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Thackeray 2004, էջ. 188
- ↑ Loescher 2001, էջ. 60
- ↑ Dowty 1989, էջ. 114
- ↑ Dowty 1989, էջ. 121
- ↑ Harrison 2003, էջ. 99
- ↑ https://docs.google.com/presentation/d/1N7aUJ0z1gBpSAWDbLHwEbNqDp7sGodbXVvIRKNhQcD4/edit#slide=id.ga01456a75_1_0(չաշխատող հղում)
- ↑ Pearson 1998, էջ. 75
- ↑ «Berlin Crisis». GlobalSecurity.org. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ Kempe, Frederick (2011). Berlin 1961. Penguin Group (USA). էջեր 247. ISBN 0-399-15729-8.
- ↑ Kempe, Frederick (2011). Berlin 1961. Penguin Group (USA). էջեր 324. ISBN 0-399-15729-8.
- ↑ Zubok, Vladislav M. (1994). «Spy vs. Spy: The KGB vs. the CIA».
- ↑ Kempe, Frederick (2011). Berlin 1961. Penguin Group (USA). էջեր 470–471. ISBN 0-399-15729-8.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- British Garrison Berlin 1945 -1994, "No where to go", W. Durie ISBN 978-3-86408-068-5
- Böcker, Anita (1998), Regulation of Migration: International Experiences, Het Spinhuis, ISBN 90-5589-095-2
- Dowty, Alan (1989), Closed Borders: The Contemporary Assault on Freedom of Movement, Yale University Press, ISBN 0-300-04498-4
- Pearson, Raymond (1998), The Rise and Fall of the Soviet Empire, Macmillan, ISBN 0-312-17407-1
- Thackeray, Frank W. (2004), Events that changed Germany, Greenwood Publishing Group, ISBN 0-313-32814-5
- The Wall, 1958–1963 Արխիվացված 2020-06-28 Wayback Machine
- Forty Years Crisis Արխիվացված 2004-12-11 Wayback Machine
- First strike options and the Berlin Crisis
- The 1961 Berlin Crisis and Soviet Preparations for War in Europe(չաշխատող հղում)
|